Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք)
Ֆոտո
‹‹Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է››. այս գաղափարախոսությամբ էր ապրում հայ կինոյի ու բեմի մեծ կատակերգուն՝ Մհեր Մկրտչյանը:
Անձնական ողբերգություններով ու կորուստներով, բազմաթիվ դժվարություններով ուղեկցվող կյանքի ընթացքում Ֆրունզը կարողանում էր ուժ հավաքել ու ժպտալ: Ապրում էր դերերով, իր կյանքից վերցված ու իր կյանքի մասին, հետո դրանք դարձնում իրենը, ապրում էր հանդիսատեսի ու կադրի առաջ, ոչ թե խաղում: Հուլիսի 4-ը Մհեր Մկրտչյանի տարեդարձի օրն է: Ալեքսանդրապոլի որբանոցում մեծացած Մուշեղի ու Սանամի որդին ծնվել է Լենինականում՝ 1930 թվականին: Մկրտչյանի թանգարանը Գյումրիում այսօր մարդաշատ էր, հյուրերը թե՛ քաղաքից էին, եւ թե՛ հանրապետության տարբեր անկյուններից:
ArmDaily.am-ի հետ զրույցում Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանն ասաց, որ հյուրերին դերասանից շատ բան է հետաքրքում, նրան սիրում են բոլորը, իսկ ֆենոմենը դերն իրենը դարձնելու մեջ է. «Գիտեք, անհավանական բան է՝ ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ, սեր տալ բոլորին, այդպիսինն էր Ֆրունզը, նա սիրում էր մարդկանց, մարդիկ՝ իրեն: Թանգարանի ձեռքբերումն է, որ Ֆրունզին չեն մոռանում: Սեւ ներաշխարհով, դժվար մանկություն անցած մարդը կարողանում էր սպիտակ ստեղծել բոլորի համար: Այսօր եւս մեկ անգամ Մհեր Մկրտչյանին մեծարելու օր է»,-նշեց Մելքոնյանը։
‹‹Մեր մանկության, տանգո››, ‹‹ Կտոր մը երկինք››,‹‹ Հին օրերի երգը››, ‹‹Հայրիկ››. հայ կինոարտադրության բացառիկ ֆիլմերը բոլորին են հայտնի Ֆրունզի անկրկնելի խաղի ու դերասանական առանձնահատուկ վարպետության շնորհիվ: «Գիտեք յուրաքանչյուր ֆիլմում առանձնահատուկ կերպով ենք ընկալում Ֆրունզին, նրա ձայնն ու ապրումները, որովհետեւ նա կարողանում էր իր խաղով փոխանցել հույզերն ու կտրել կենցաղից»,- հյուրերին Մհեր Մկրտչյանի մասին պատմելիս նշում է թանգարանի տնօրենը:
Թանգարանի այցելուների խոսքով՝ ամեն փոքրիկ դրվագ հետաքրքիր է տեսնել, ուսումնասիրել, լսել դրանց մասին: Հայրենի քաղաքում արտիսիտին մեծարել են տարբեր միջոցառումներով, նաև ծաղիկներ են խոնարհվել նրա արձանին:
‹‹Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը››. Աչքերով, հոգով ու սրտով էր խաղում ուրախ ու տխուր մարդը, որն այսօր կդառնար 92 տարեկան: