Բայրամովի այցն Իրան միտված է երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների լուծմանը. իրանագետ
Քաղաքական
Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Ջեյհուն Բայրամովի այցի, իրանա-ադրբեջանական հարաբարերություններում առկա խնդիրներ և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։
-Պարո՛ն Միսակյան, Ջեյհուն Բայրամովն ի՞նչ օրակարգով է մեկնել Իրան։
-Իրականում, իրանական կողմում այս այցի վերաբերյալ միայն երեկ է տեղեկություն տարածվել։ Համաձայն իրանական կողմի տարածած տեղեկության՝ Բայրամովն իրենց կողմի հրավերով է մեկնել։ Ինչ վերաբերում է օրակարգին, ապա նշվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպելու է Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիրաբդուլահի, նախագահ Իբրահիմ Ռայիսի և մի շարք այլ պաշտոնյանների հետ։ Իսկ այն, թե կոնկրետ ինչ հարցերի շրջանական կքննարկվի, կարծում եմ միայն այցի ավարտին պարզ կլինի։
-Ամեն դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ ուղղություններով հիմնական քննարկումները կընթանան, միգուցե տարածաշրջանային գործընթացներին վերաբերող, Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող կամ առանձին երկկողմ տնտեսական, քաղաքական հարցերը կլինեն հանդիպման առանցքում։
-Ընդհանուր առմամբ՝ չեմ կարծում, որ Իրանն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Հայաստանին առնչվող որևէ հարց քննարկի։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա կարծում եմ՝ հիմնականում հարաբերությունների տնտեսական բաղադրիչին են անդրադառնալու, քանի որ այդ երկու պետությունների հարաբերություններում դա շատ կարևոր է։ Ամեն դեպքում, վերջին երկու ամսվա ընթացքում բավականին կնճռոտ հարցեր առաջացան այդ երկու պետությունների հարաբերություններում։ Նախ կրոնական ենթատեքստ ունեցող խնդիրներ եղան, երբ որ շիաական հոգևորականությունն Ադրբեջանում հացադուլ էր արել, խոսում էր կրոնական ճնշումներից, իսկ Իրանում ադրբեջանական դիվանագիտական ներակայցուցչությունների մոտ, այդ դեպքերով պայմանավորված, ոչ մեծ քանակի, բայց բողոքի ցույցեր տեղի ունեցան։ Մյուս խնդիրը՝ Ադրբեջանում Իսրայելի ներկայությունն է, որի վերաբերյալ վերջին երկու շաբաթների ընթացքում իրանական մամուլում բավականին շատ էր խոսվում։ Այս ամենից զատ, վերջին մի քանի օրերի ընթացքում խոսվում էր Իրան-Ադրբեջան ցամաքային սահմանի փակման մասին։ Համաձայն տարածվող լուրերի՝ Իրան-Ադրբեջան ցամաքային սահմանը բաց է լինելու միայն տնտեսական և դիվանգիտական ոլորտի ներակայացուցիչներ համար։ Սրանք լուրջ հարցեր են, որոնք կարծում եմ՝ կքննարկվեն։
-Օրեր առաջ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն էլ Իրան այցելության ժամանակ շեշտը դրեց տնտեսական հարաբերությունների վրա։ Կարո՞ղ ենք այս երկու այցերը որոշակիորեն կապել միմյանց հետ։
-Այո՛, տնտեսական առումով որոշակիորեն կարող ենք։ Նախ Իրանն իր հյուսիսային տարանցման համար օգտվում է Ադրբեջանի տարածքից և դրա անհրաժեշտությունն Իրանն իսկապես ունի, քանի որ իրանական բեռանատարների համար հայկական տարանցումը կարելի է ասել ոչ այդքան հարթ է ընթանում՝ պայմանավորված ճանապարհային խնդիրներով։ Նույնը նաև ռուսական կողմի համար է։ Տնտեսական պատժամիջոցների պայմաններում Ադրբեջանի դերակատարությունը կարող է որոշակիորեն բարձանալ։ Ամեն դեպքում կան նաև քաղաքական խնդիրներ, ու Բայրամովի այցն ի պաշտոնե միտված է լինելու այդ խնդիրները լուծելուն, քանի որ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, կարծես թե, զբաղվում էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսատաֆաևը։
-Պարո՛ն Միսակյան, Սերգեյ Լավրովն իր այցի ժամանակ նաև հայտարարեց, որ Մոսկվան և Թեհրանը, լինելով պատժամիոցների տակ, կարող են միասին հաղթահարել առաջացած խնդիրները։ Հարաբերությունների էլ ավելի խորացում սպասե՞նք։
-Իրականում Իրան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգը բավականին լայն է՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ, Սիրիա, Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, ընդհանուր տնտեսական հարաբերություններ։ Ինչպես նաև ընդհանուր Արևելք-Արևմուտք այս մրցակցության պարագայում բավականին լուրջ օրակարգ կա, ու դրա համար նաև լուրջ աշխատանք են տանում։ Սակայն միաժամանակ կա նաև որոշակի մրցակցություն՝օրինակ հենց Սիրիայի տարածքում։
-Իսկ Իրանը կարո՞ղ է Ռուսաստանին օգնել, որպեսզի նա որոշակիորեն շրջանցի առկա պատժամիջոցները։
-Կարծում եմ՝ այո՛, քանի որ Իրանը սանկցիաները շրջանցելու 40 տարվա փորձ ունի, բացի դրանից Մերձավոր Արևելքում ունի բավականին լավ տնտեսական ու քաղաքական ներկայություն,ինչը կարող է օգնել Ռուսաստանին։ Սանկցիաների բեռը թոթափելու համար, եթե չեմ սխալվում, վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությանն ուղղված մի շարք համաձայանագրեր են կնքվել։
Մելինե Պետրոսյան