Ո՞վ կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին
Իրավական
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:
Նախ նշենք, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից, որոնցից 5-ն ընտրվում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի, մյուս 5-ը՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող դատավոր լինել: Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի:
ԲԴԽ նախագահի ընտրությունները, ըստ հայաստանյան օրենսդրության, կայանում են նախկին նախագահի լիազորությունները դադարեցվելուց 10 օր հետո: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվելուց 10 օր հետո՝ հուլիսի 4-ին, այսինքն՝ այսօր, ԲԴԽ նախագահ ընտրելու ժամկետն է: Նախագահի ընտրությունը հաջորդաբար է տեղի ունենում գիտնական անդամների և դատավորների միջև։ Ռուբեն Վարդազարյանը դատավոր անդամ էր, հաջորդը գիտնական անդամների հերթն է։ ԲԴԽ գիտնական անդամներն են Գագիկ Ջհանգիրյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը։
Այս պահին, սակայն, ԲԴԽ անդամների թիվը 8-ն է. Գագիկ Ջհանգիրյանը, որին ընտրել էր Ազգային ժողովը, և որը մինչև վերջերս կատարում էր ԲԴԽ նախագահի լիազորությունները, օրերս հրաժարական է տվել, իսկ ԲԴԽ մյուս անդամ Լիպարիտ Մելիքջանյանը ԱԺ-ի կողմից մի քանի օր առաջ ընտրվել է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր: Մելիքջանյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրել է Դատավորների ընդհանուր ժողովը, և հիմա արդեն այս պաշտոնը թափուր մնալուց հետո հայտարարվել է, որ հուլիսի 27-ին կայանալու է Դատավորների ընդհանուր ժողով, որի ժամանակ էլ կընտրվի ԲԴԽ անդամը:
Այդուհանդերձ, ԲԴԽ նախագահի պաշտոնը թափուր չի մնում. «Դատական օրենսգրքի» 84-րդ հոդվածի 13 կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամը: ԲԴԽ ամենատարիքով անդամն այս պահին Ստեփան Միքայելյանն է, ով 64 տարեկան է։
ArmDaily.am-ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը նույնպես հաստատեց այդ փաստը, որ հրաժարականի ընդունումից և լիազորությունները դադարեցնելուց հետո, որպես խորհրդի տարիքով ավագ անդամ, Ստեփան Միքայելյանն է ստանձնելու խորհրդի նախագահի պարտականությունները։
Հիշեցնենք՝ հունիսի 27-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել էր, «Արմենիա» ԲԿ-ում նրա ողնաշարի ճողվածքն են վիրահատել։ Սակայն մամուլը գրում էր, որ ողերի տեղաշարժը հրատապ բուժօգնություն չի պահանջում, հապճեպ «հիվանդանալու» պատճառն իրականում Ռուբեն Վարդազարյանի կողմից գաղտնալսման հրապարակումն էր եւ դրա հաջորդ օրը ԱԺ-ում նոր դատավորներին ներկայացնելու անհրաժեշտությունը։