Ցուցահանդեսում ներառված գործերով փորձել եմ մի փոքր արև բերել մարդկանց և մի փոքր արև տանել խորհրդարան. Մարինե Մանուկյան
Ֆոտո
ArmDaily.am-ի զրուցակիցն է իրավաբան, Նկարիչների միության պատվավոր անդամ Մարինե Մանուկյանը:
-Տիկի՛ն Մանուկյան, մայիսի 26-ին Ազգային Ժողովում մեկնարկեց Ձեր հեղինակային «Դեպի արև» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված կտավներում ի՞նչ ասելիք կամ ուղերձ էիք ուզում հասցնել մարդկանց։
-Այո՛, մայիսի 26-ին Ազգային ժողովում կայացավ «Դեպի արեւ» խորագրով իմ անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Մեր օրերում պակասել են վառ գույները, սերը, ջերմությունը: Ցուցահանդեսում ներառված գործերով փորձել եմ մի փոքր արև բերել մարդկանց և մի փոքր արև տանել խորհրդարան: Արդեն մոտ մեկ ամիս է ՝ նկարները ցուցադրված են Ազգային ժողովում:
-Որքա՞ն ժամանակ եք աշխատել ցուցահանդեսում ներկայացված գործերի վրա։
-Ցուցադրված գործերի վրա աշխատել եմ մի քանի տարի, բայց հետաքրքիրն այն է, որ երբ ցուցահանդեսի առաջարկը ստացա, ինձ մոտ նոր ստեղծագործական ալիք արթնացավ, ու ես սկսեցի առանց դադարի ստեղծագործել: Նկարներ կան, որոնք մի քանի օրվա ծնունդ են, սակայն իրենք իրենց ամբողջականությամբ և խորությամբ շատ ավելին են, քան, եթե շատ երկար ամիսներ հատկացնեի այդ գործին:
-Ո՞ր գործը կամ ո՞ր գործերն եք համարում ցուցահանդեսի բովանդակությունն առավել արտացոլող և ինչու, կամ ո՞րն է այս ցուցահանդեսի ամենաառանցքային գործը։
-Եթե նկատել եք՝ իմ ցուցահանդեսում ամենաառանցքային տեղում Արևներն են, ելակետային եմ համարում Արևը, քանի որ Արևների ներկայությամբ մյուս բոլոր նկարները կարծես կենդանություն են ստանում:
-Շատերի համար կարող է զարմանալի թվալ, որ մասնագիտությամբ իրավաբանը նաև նկարում է։ Կարծես թե բնույթով միմյանց հակասող երևույթներ են։ Ինչպե՞ս են օգնում կամ խանգարում Ձեզ տարբեր զգայական ոլորտներում գտնվող այս ուղղությունները։
-Մասնագիտությունը, կարծում եմ, կապ չունի այն ստեղծագործելու ցանկության կամ օժտվածության հետ, որն ուղեկցում է մարդուն ծննդյան օրվանից, կամ ի հայտ է գալիս հետագայում: Իրականում սիրում եմ ուժերս փորձել տարբեր ոլորտներում՝ կլինի դա իրավաբանությունը, թե արվեստը, թե նույնիսկ խոհանոցը: Նկարչությունն օգնում է իրավաբանությանը, օգնում է հարթեցնել սուր անկյունները, օգնում է կոտրել կարծրատիպերը, օգնում է այլ աչքերով նայել իրականությանը: Ի դեպ ՝ աշխարհահռչակ նկարիչներից Հենրի Մատիսը, Վասիլի Կանդինսկին,Նաթան Սավայան, Միխայիլ Վրուբելը մասնագիտությամբ իրավաբաններ են:
-Այս պահին արդյոք նոր գործերի վրա աշխատո՞ւմ եք, եթե այո, ապա ինչ-որ խորագիր արդեն ընտրե՞լ եք։ Լինելո՞ւ է նոր ցուցադրություն:
-Ես ամեն պահի եմ նոր գործերի վրա աշխատում, եթե անգամ չեմ էլ նկարում, ապա մտքով կարծես թե ուրվագծվում է մի նոր գեղեցիկ գեղանկարի պատկեր, որը հետագայում հանձնում եմ կտավին: Այո՛, նոր ցուցադրություններ լինելու են, առաջիկայում պլանավորում եմ անհատական ցուցահանդես կազմակերպել իմ հարազատ ծննդավայր Գյումրիում:
Հայկա Ալոյան