ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շարունակությունը կախված է Հայաստանից.Սուրեն Սարգսյան

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն թվիթերյան միկրոբլոգում հայտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահն այսօր զրուցել է գործընկերների հետ՝ քննարկելու Արցախի ապագան, սակայն ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը։ Հարկ է նշել, որ օրեր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարարը Բաքվում հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։
Թեմայի վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։ Հարցին արդյոք այս իրադարձություններից հետո ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն ապագա ունի՞, Սարգսյանը պատասխանեց.«Կարծում եմ՝ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ապագա ունենա, քանի որ մեզ համար ավելի հարմար ձևաչափ գոյություն չունի։ Հայաստանն այս ուղղությամբ շատ գործ ունի անելու և, եթե այս հնարավորությունը բաց թողնենք, հնարավոր է հետագայում նմանատիպ հնարավորություն այլևս չունենանք»։ Միջազգայնագետի խոսքով՝ Հայաստանը պետք է հարթակ ստեղծի, հրավեր անի ու հանդիպում կազմակերպի համանախագահների հետ, քանի որ այդ ձևաչափն առաջին հերթին մեզ է պետք։ «Այսօր խոշոր պետություններն ինչ են անում՝ մեկը մյուսի վրա են գցում։ Մեկն ասում է, որ նա չի ուզում հանդիպի, քննարկի, մյուսն էլ ասում է՝ ես ուզում եմ՝ էն մյուսը չի ուզում։ Հիմա շատ հեշտ է պարզել, թե իրականում ով ինչ է ուզում կամ ինչ չի ուզում։ Դրա համար անհրաժեշտ է հրավիրել Երևան։ Արդյունքում կհասնանք կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև կհասկանանք արդյոք Ալիևը նրանց ընդունո՞ւմ է, թե՞ ոչ։ Ալիևի կողմից համանախագահներին և՛ ընդունելը, և՛ չընդունելը մեզ համար կարևոր մեսիջ է լինելու»,- ընդգծեց Սարգսյանը։ Հարցին՝ մեր իշխանությունները պատրա՞ստ են նման հրավեր անելուն, միջազգայնագետը պաստասխանեց. «Դա ընդամենը դիվանագիտական քայլ է, որ մենք կարող ենք անել և, դրա համար ունենք համապաստախան ռեսուրսներն ու կարողություններ»։
Դիտարկմանը, եթե Հայաստանն այս շանսը բաց թողնի, կարո՞ղ ենք եզարակացնել, որ ՀՀ իշխանությունները ևս չեն ցանականում ձևաչափի շրջանակներում աշխատել և հետևում են Ադրբեջանի որդեգրած գծին՝ Սարգսյանը պատասխանեց. « Այո՛, մենք չպետք է այս շանսը բաց թողնենք»։ Հարցին՝ եթե ամեն դեպքում Հայաստանն այս շանսը բաց թողնի, Ռուսաստանն ու Արևմուտքն ինքնակամ, առանց որևէ միջամտության կնստե՞ն նույն սեղանի շուրջ՝ Արցախի հարցը քննարկելու համար, միջազգայնագետն ասաց. «Դա հիմա շատ բարդ է ասելը, քանի որ այստեղ շատ կարևոր է Ռուսաստան- Արևմուտք հարաբերություններն ու Ադրբեջանի դիրքավորումը։ Այս երկու հարցերը չափազանց կարևոր են ու, եթե դրանց պատասխաններն ունենանք, հետոն հասկանալն ավելի հեշտ կլինի»։
Մելինե Պետրոսյան