Էս պահին չգիտենք հետ գա՞նք, թե՞ մնանք ստեղ. ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում.տեսանյութ
Տեսանյութ
Վերին Լարսի անցակետը ջրհեղեղի պատճառով անժամկետ փակվել է։ ArmDaily.am-ի հետ զրուցում անցակետում գտնվող բեռնատարներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, հայտնեց, որ գտնվում են անելանելի վիճակում։ «Էս պահին մենք ոչ մի բան չգիտենք, ինչ պետք ա անենք, հետ գանք, թե մնանք մինչև անցկակետը բացվի։ Փչացող ապրանքներից էս պահին ոնց որ թե մենակ ծիրան կա։ Մենք ցամաքային ուրիշ ճանապարհ չունենք, միակ տարբերակը կարա լինի ծովային բեռնափոխադրումը, բայց էդ էլ շատ թանկ ա։ Հլը սպասում ենք, տեսնենք, չգիտենք, սեփականատերերն էդքան փող կտան, որ նավով ապրանքը տեղ հասցնենք։ Էս պահին կա՛մ պետք ա սպասենք, կա՛մ պետք ա հետ գանք, կա՛մ էլ սեփականատերերը պետք ա փող տան, որպեսզի փչացող ապրանքները նավով տանեն, տեղ հասցնեն», -նշեց վարորդը։
Թե քանի բեռնատար կա անցակետում, նա դժվարացավ կոնկրետ թիվ ասել, միայն նշեց, որ ամեն ժամը կարևոր է, քանի որ տոննաներով ծիրանը փչանալու վտանգի տակ է։
ArmDaily.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի տեղակալ Անահիտ Խեչոյանի հետ։ «Այս պահին ես որևէ բան չեմ կարող ասել ու մեկնաբանել, քանի որ ինձ ինֆորմացիա չի եկել, բայց որևէ գործողության վերաբերյալ որոշում լինելու դեպքում մենք անպայման կտեղեկացնեք։ Այդ խնդիրը միայն Էկոնոմիկայի նախարարության իրավասության դաշտում չէ, ուստի կարծում եմ՝ պետք է կառավարությանը հարցում ուղարկեք՝ այս իրավիճակում կառավարության իրականացվելիք քայլերին ծանոթանալու համար»,- նշեց Խեչոյանը։
Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ՀՀ-ն միշտ այդ անցակետում ունեցել է հատուկ ներկայացուցիչ, որը բարդ ու վիճելի խնդիրների առաջացման պարագայում դրանց լուծում էր գտնում։ Սակայն օրեր առաջ Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդին ազատեցին զբաղեցրած պաշտոնից ու այսօր մենք մարդ չունենք այնտեղ՝ խնդրին լուծում գտնելու համար։ «Վարորդներն իրենք իրենցով լուծումներ չեն կարող գտնել, սակայն այն, որ այս իրավիճակում այլընտրանքներ կան, դա հաստատ է, ուղղակի դրանք պետք է առաջարկի պետությունը։ Սակայն մեր իշխանություններն ինչպես այլ հարցեր չեն լուծում, այնպես էլ այս հարցին դժվար թե լուծման տարբերակներ առաջարկեն։ Վստահ եմ՝ իրենք այլընտրանքային տարբերակներից տեղյակ չեն, չգիտեն էլ, որ ,օրինակ, մեր ապրանքները կարող ենք ծովային ճանապարհով լաստանավի միջոցով տեղ հասցնել, կամ չեն էլ մտածում, որ կարելի է բեռնատարներին հետ կանչել ու օգնել մթերողներին, որպեսզի ապրանքը երկրի ներսում իրացվի», -ամփոփեց տնտեսագետը։
Հիշեցնենք՝ երեկ տեղացած հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերգի գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրը։ Ըստ նախնական տեղեկության, առանվազն 10 օր Լարսի անցակետը փակ է լինելու։
Մելինե Պետրոսյան