Այս ամենը հանրային միջոցների յուրացում է, ամուսնու պաշտոնական կարգավիճակի չարաշահում. Ղազարյանը՝ վարչապետի տիկնոջ Ֆրանսիա այցի մասին
Քաղաքական
ՀՀ վարչապետի տիկինը երեկ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ուղեկցությամբ ժամանել է Ֆրանսիա։ Համաձայն Աննա Հակոբյանի գրասենյակի հաղորդագրության՝ վարչապետի տիկինը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ է ունենալու Նիցցայում, Մոնակոյում և Կաննում: Այցն ու պաշտոնական հանդիպումների մասին հաղորդագրությունը բուռն քննադատության արժանացավ, շատերի մոտ հարց առաջացավ, թե ինչո՞ւ պետք է անձը, որը որևէ պաշտոն չունի, պետության անունից պաշտոնական հանդիպումներ ունենա։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ArmDaily.am-ը հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այս այցերը մասնավոր չեն, իրենց սեփական բյուջեի հաշվին չեն, հակառակ պարագայում պաշտոնական նմանատիպ հաղորդագրություններ չէին տարածի։ «Չգիտեմ հստակ՝ այդ այցը պետական բյուջեի միջոցներո՞վ է կազմակերպվել, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով, այնուամենայնիվ երկուսն էլ հանրային միջոցներ են։ Բացի դրանից այստեղ այլ հարց կա։ Աննա Հակոբյանը նմանատիպ այցելությունների իրավունք չունի, չի կարող լինել պաշտոնական պատվիրակության կազմում։ Եթե Սփյուռքի գործերի հանձնակատարը գնում է Սփյուռքի որևէ կազմակերպության հետ հանդիպման, դա իր պաշտոնական պարտականություննների մեջ է, կարող է գնալ՝ իհարկե հիմանվորելով։ Իսկ նրա պաշտոնական պատվիրակության կազմում կարող են և պետք է լինել միայն պետական պաշտոնյաններ՝ դա առավել քան ակնհայտ է»,- ընդգծեց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ վարչապետի կին լինելը պետական պաշտոն չէ, ուստի Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ կազմակերպելու իրավունք չունի։ «Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը միասին են ապրում, ընդ որում, իմ ունեցած տվյալներով՝ նրանք ո՛չ եկեղեցով են ամուսնացած, ո՛չ էլ ԶԱԳՍ-ով, նրանց կապն ուղղակի քաղաքացիական է, դա Աննա Հակոբյանին հանրային կարգավիճակ չի տալիս։ Նրա հանրային կարգավիճակը՝ չտպագրվող, միայն էլեկտրոնային տարբերակ ունեցող «Հայկական ժամանակ» կայքի գլխավոր խմբագիր լինելն է։ Այս դեպքում հարց է առաջանում, եթե Զարեհ Սինանյանն իր պատվիրակության կազմում ընդգրկել է լրատվական կայքերից մեկի խմբագրին, ապա ի՞նչ սկզբունքով է ընտրել «Հայկական ժամանակ»-ին , այլ ոչ թե այլ լրատվականի խմբագրի։ Եթե սկզբունքն այն է, որ տվյալ լրատվականի խմբագիրը նաև վարչապետի կինն է, ապա դա ակնհայտ է կոռուպցիոն որոշում է։ Նրանք իրենց պաշտոնական դիրքը չարաշահել են՝ վարչապետի աչքին բարձրանալու, նրա շրջապատում իրենց դիրքն ամրապնդելու նպատակով։ Սա կոռուպցիայի կլասիկ օրինակ է»,- նշեց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանի անունից պաշտոնական հանդիպումներ , քննարկումներ կազմակերպելու և վարելու անհրաժեշտություն կա, դա պետք է անի ոչ թե վարչապետի տիկինը, այլ տվյալ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։ «Եթե Ֆրանսիայում անհրաժեշտություն կա որևէ պաշտոնական հանդիպման մասնակցելու և Հայաստանից որևէ մեկը չի կարողացել գնալ, ապա դեսպանը պետք է մասնակցի այդ հանդիպմանը, քանի որ նրա առաքելության իմաստը հենց դրանում է։ Նա պետք է հանդես գա պետության անունից, իսկ ես Ֆրանսիայում Աննա Հակոբյան անունով դեսպանի մասին երբևէ չեմ լսել։ Այս ամենը կոռուպցիոն դեպք է, հանրային միջոցների յուրացում է, ամուսնու պաշտոնական կարգավիճակի չարաշահում։ Նույնը վերաբերում է նաև Աննա Հակոբյանի՝ Շվեյցարիա նախորդ այցելությանը։ Կխնդրեմ հարցում անելիս նաև այդ այցելության միջոցների վերաբերյալ տեղեկություն ճշտեք, քանի որ Շվեյցարիա կատարած այցելությունից հետո հրապարկված լուսանկարները եղել են ռեստորաններից։ Երեք լուսանկար է հրապարակվել՝ մեկը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից էր, որը եղել է ռեստորանում, դա երևում է սպասքից և միջավայրից, երկրորդը՝ Շվեյցարիայում բնակվող հայ գործարար Վարդան Սրմաքեշի հետ էր, որը Հայաստանում բիզնես հետաքրքրություններ ունի, չնայած հանդիպմանը մասնակցել էր նաև ՀՀ դեպսանը, սակայն հանդիպման վայրը կրկին ռեստորան էր, իսկ երրորդը՝ կին քաղաքական լիդերների ինչ-որ ֆորումի մասնակցությունից էր, որը կրկին ճաշկերույթի ֆորմատով էր։ Ինքը քաղաքական գործիչ չի, քաղաքական լիդեր չի, հետևաբար այդ քննարկման մասնակցության համար որևէ կարգավիճակ չուներ։ Այստեղ կրկին նույն հարցերն են առաջանում՝ ինչո՞ւ է գնացել, ո՞ւմ միջոցներով է գնացել և ի՞նչ խնդիրներ է լուծել»,- ամփոփեց Ղազարյանը։
ArmDaily.am-ը կապ հաստատեց նաև Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի հետ, հասկանալու համար՝ ի՞նչ սկզբունքով է կազմվել պատվիրակությունը և ի՞նչ միջոցներով է մեկնել Ֆրանսիա։ Հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը նշեց, որ Զարեհ Սինանյանն այցի ընթացքում պարզապես ուղեկցել է Աննա Հակոբյանին։ «Պարոն Սինանյանը համաժամանկյա նույն միջոցառմանը մասնակցելու համար Նիցցայի հայ համայնքից հրավեր էր ստացել։ Նա պետք է մասնակցեր Պարսամյան վարժարանի 35-ամյակի միջոցառմանը, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել, որ Զարեհ Սինանյանը վարչապետի տիկնոջ հետ միաժամանակ պետք է մեկնի Նիցցա և ուղեկցի տիկնոջն այցի ընթացքում։ Այն հարցը, թե ով պետք է ընդգրկվի պատվիրակության կազմում, Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը չի որոշում։ Ինչ վերաբերում է, թե ինչ միջոցներով է պատվիրակությունը մեկնել Ֆրանսիա, այդ հարցն ավելի ճիշտ կլինի ուղղել վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը»-նշեց Կարապետյանը։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Աննա Հակոբյանի գրասենյակի հետ, սակայն մեր փորձերն ապարդյուն էին։ Մեր բոլոր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան։
Մելինե Պետրոսյան