Հուսադրող խոսքերից բացի գործնականում այն գրեթե ոչինչ չի տալիս. միջազգայնագետը` Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու մասին
Քաղաքական
ArmDaily.am-ը զրուցել է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ։
-Պարո՛ն Կարապետյան, օրեր առաջ Եվրամիության գագաթնաժողովում որոշում է կայացվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամության թեկնածու երկրների պաշտոնական կարգավիճակ տալ։ Ի՞նչ է սա նշանակում Ուկրաինայի համար։
Այս արարողակարգային որոշումը Ուկրաինայի համար հերթական «ուրախության և ոգևորվածության» առիթ կարող է հանդիսանալ: Հուսադրող խոսքերից բացի գործնականում այն գրեթե ոչինչ չի տալիս այդ երկրներին: Այն չի նշանակում անդամակցում կառույցին, չի էլ կանխորոշում անդամակցման հավանական օր և ժամ: Հետևաբար, սա հերթական «գայթակղիչ» որոշումն է, որը ցավոք անպտուղ է: Մի քանի եվրոպական երկրներ ևս վաղուց ի վեր այդպիսի կարգավիճակ ստանձնել են, բայց մինչ այսօր լիարժեք անդամ չեն դարձել: Քիչ հավանական եմ համարում մոտակա ժամանակաշրջանում Ուկրաինայի՝ ԵՄ-ին անրամակցությունը:
-Ե՞րբ եք հավանական համարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը և ի՞նչ ընթացակարգ է իրենից ենթադրում այդ գործընթացը։
Ինչպես նշեցի, քիչ հավանական եմ համարում Ուկրաինայի ԵՄ-ին ամդամակցությունը: Ամդամակցությունը ինքնին բարդ և երկարատև պրոցես է իրենից ենթադրում: Ամբողջ ներպետական օրենսդրական համակարգը պետք է համապատասխանի ԵՄ-ի օրենսդրությանը: Եթե միայն ընթացակարգերով դիտարկենք, կազմակերպչական և գործնական պրոցեսի համար կարող է պահանջվի նույնիսկ տասնամյակներ: Ակտիվ պատերազմի մեջ գտնվող երկրի համար, առավել ևս հիմա, իրապես անհավանական է անգամ խոսել այդպիսի վերպետական կառույցին անդամակցելու մասին:
-Ձեր կարծիքով ինչպիսի՞ քայլեր կձեռնարկի Ռուսաստանն այս ուղղությամբ, ինչ ռազմավարություն և, առհասարակ, ինչքանով կարող են վերջին զարգացումները զսպող օղակ հանդիսանալ Կրեմլի համար։
-ՌԴ-ի համար սա զսպող օղակ չի հանդիսանա: ՌԴ-ն խորապես գիտակցում է իմ կողմից վերը թվարկած դիտարկումները: Հետևաբար՝ «անհանգստանալու» կարիք չունի այս առումով: Այս համատեքստում ՌԴ-ի համար բացառապես խնդիր է եղել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, որը կարծես թե «կանխվեց»: ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության անհնարինությունը ՌԴ-ին թույլ է տալիս նույնիսկ պաշտոնապես չարձագանքել այդ մասին: Գուցե այդ հանգամանքով պայմանավորված, պաշտոնական Մոսկվան զուտ հայտարարարի՝ այդ որոշման դեմ չլինելու մասին...։
-Պարո՛ն Կարապետյան, ԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ընթացքում եզրակացություն ընդունեցին, որ դաշինքը կշարունակի թե՛ ֆինանսական, և թե՛ ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ընդգծվեց, որ կուժեղացվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Կունենա՞ սա արդյոք ազդեցություն պատերազմի ընթացքի վրա։
-Ընդգծվեց, որ կուժեղացվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Կունենա՞ սա արդյոք ազդեցություն պատերազմի ընթացքի վրա։ Նման որոշումը սպասելի էր, քանի որ այն հերթականն էր... Նորություն չէ նրանց թե՛ ռազմական և թե՛ ֆինանսական ահռելի օգնությունը Ուկրաինային: Բայց ոչ երբեք՝ այդ երկրի տարածքում զինված ուժեր ուղարկելը: Այն բացառվել է թե՛ Կառույցի և թե՛ մի շարք «օգնության ձեռք մեկնող» երկրների կողմից: Պատժամիջոցների խստացման մասով ևս նրանք անմնացորդ չեն: Բնականաբար, այն բացասական է անդրադառնում ՌԴ-ի վրա, բայց այստեղ գործում է «բումերանգի օրենքը»: Պատերազմի թե՛ ընթացքի և թե՛ հետագա անելիքների վրա այն չի կարող անդրադառնալ: ՌԴ-ն այս հարցում անդրդվելի է և նախապես կանխորոշել է նման սցենարները:
-Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկրներից է նաև Վրաստանը, սակայն նրան անդամակցության թեկնածուի կարգավիճակ չշնորհվեց։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր նման որոշում կայացնելու պատճառը։
-Եթե ԵՄ-ն անկեղծ լիներ Վրաստանի հարցում, ապա այդ երկիրն արդեն վաղուց ի վեր այդ կառույցի լիարժեք անդամը կլիներ: Անդամակցության դիմումը վաղուց ներկայացվել է, մի շարք ընթացակարգեր հաղթահարվել: Վրաստանը գրեթե պատրաստ էր Եվրոպական ընտանիքի մաս կազմելուն: Ավաղ... Իսկ հիմա կրկին անգամ Վրաստանը «արհամարհվեց» և նշված երկրների նման հավասարապես անդամակցության թեկնածուի կարգավիճակ չշնորհվեց: Այստեղ գործում են երկակի ստանդարտները և այն, որ Ուկրաինային՝ սիրաշահելու, ոգևորելու ու հուսադրելու նման որոշման համատեքստում Վրաստանի մասին խոսելը, առավել ևս նրան ներգրավելը՝ անիմաստ է: Վրաստանը վաղուց հասկացել է, թե որպես սուվերեն երկիր ո՞ր վերպետական կառույցին կարող է և ունի շանսեր անդամակցելու, որին՝ ոչ: