Խոսակցությանը զուգահեռ հնչող երաժշտությունը իմ ճաշակով չէր. դատավոր Դավիթ Հարությունյանը՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի մասնակցությանբ սկանդալային ձայնագրության մասին
Իրավական
ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանն այսօր ասուլիսի ընթացքում հրապարակեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ խոսակցության սկանդալային ձայնագրություն։ Այն հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանեց, որ իրեն առաջարկվել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ, և այդ առաջարկությունն արվել է Նիկոլ Փաշինյանի անունից։ Վարդազարյանը պատմեց, որ այդ ժամկետներում հրաժարական տալու դեպքում իր նկատմամբ որեւէ հետապնդում չէր լինելու։
Խոսակցության ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում է նաև, որ ինքը չի ցանկանում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։
ArmDaily.am-ը թեմայի շուրջ զրուցեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հետ, ով, սակայն զերծ մնաց որևէ գնահատական տալուց։
«Բնականաբար լսել եմ ասուլիսն ու ձայնագրությունը, հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը, և պաշտոնական հաղորդագրություն է հնչել այդ կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնելու կամ նյութեր նախապատրաստելու մասին, ապա հետագայի նկատառումներից ելնելով, որպես դատավոր, իրավասու չեմ ու ձեռնպահ կմնամ խոսակցության վերաբերյալ մեկնաբանություն տալուց։ Միայն կասեմ, որ խոսակցությանը զուգահեռ հնչող երաժշտությունը իմ ճաշակով չէր»,- նշեց դատավոր Հարությունյանը։