Եթե ՔՕ-ում որևէ բան ուզում ենք քրեականացնել, ուրեմն պետք է արձանագրենք, որ այդ հասարակական հարաբերության քրեաիրավական պաշտպանության կարիքը կա. Արմինե Ֆանյան
Իրավական
Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։
Առաջարկվում է այս արարքի համար պատժել տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նախագծի մշակման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու արդյունքում խաթարվելու է հասարակական հարաբերությունների բնույթը, որը եւս ունի հասարակական վտանգավորության մեծ աստիճան:
ArmDaily.am-ի հետ զրույցում Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանը պարզաբանեց, որ այս փոփոխությունը վերաբերում է օրինական հավաք կազմակերպելուն կամ մասնակցելուն խոչընդոտելուն, իսկ գործող օրենսգրքով ապօրինի հավաք կազմակերպելու համար է սահմանվում քրեական պատասխանատվություն։
«Այսինքն՝ անձինք ուզում են օրինական հավաք անցկացնեն և մեկ այլ անձ կամ անձանց խումբ խոչընդոտում է դրան։ Խոսքը սրա մասին է։ Այստեղ երկրորդ մաս կա, որը ինքնուրույն հանցակազմ է պարունակում. օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերջիներիս սպառնալիքով կամ շանտաժի միջոցով»,- ասաց փաստաբանը։
Նա դժվարացավ ասել, թե այս փոփոխության նպատակը ինչն է։
«Ամեն դեպքում՝ այս հանցագործությամբ վտանգվում է օրինական հավաք անցնացնելու շահը։ Իրականում այս մասով մենք չունեինք կարգավորումներ և որևէ հանցակազմի ներքո դա հնարավոր չէր տեղավորել։ Ես չեմ կարող ասել՝ նման դրսևորումներ եղել են, թե ոչ, որ նման անհրաժեշտություն առաջանա, որովհետև եթե Քրեական օրենսգրքում մենք որևէ բան ուզում ենք քրեականացնել, ուրեմն պետք է արձանագրենք, որ այդ հասարակական հարաբերության քրեաիրավական պաշտպանության կարիքը կա։ Ես չգիտեմ՝ մենք ունենք այդպիսի վիճակագրություն, նման բան արե՞լ ենք, թե՞ ոչ, ինչ որ մեկին հարկադրե՞լ են մասնակցել հավաքին, թե՞ ոչ, կամ փորձո՞ւմ են խոչընդոտել օրինական հավաքներին, թե՞ ոչ»,- ասաց Ֆանյանը։
Նրա խոսքով՝ օրինական հավաքներին խոչընդոտելու դրսևորումներ վերջերս նկատվում են, երբ ոստիկանությունը, բռնություն գործադրելով, փորձում է ցրել խաղաղ հավաքը։
«Ըստ էության՝ բիրտ ուժ կիրառելով հավաքի մասնակիցներին բերման են ենթարկում տարբեր բաժիններ, և նույն անձը հաջորդ անգամ կարող է և խուսափել իր իրավունքը իրացնելուց։ Բայց այստեղ այդ պաշտոնատար անձանց արարքները այլ քրեաիրավական գնահատականի են արժանանում, կոնկրետ ֆիզկական անձանց կողմից նման միջամտության համար մենք օրենսդրական կարգավորում չունենք գործող օրենսգրքում»,- ասաց փաստաբանը։