Եթե 10.000 մտավորական նոյեմբերի 9-ին հրապարակում գտնվեր ու թեկուզ լուռումունջ կանգներ,այս իշխանությունը ոռնալով կփախներ.Հուսիկ Արա
Հասարակություն
ArmDaily.am-ի զրուցակիցը բանաստեղծ Հուսիկ Արան է։
-Պարոն Հուսիկ Արա, Դուք ևս միացել եք հայ մտավորականների կոչին և հանդես եք գալիս, ինչպես կոչում նշված է, «ի պաշտպանություն համաժողովրդական միասնական պայքարի, որն ուղղված է Արցախի փրկությանը, Հայոց պետականության կազմալուծման կասեցմանը, մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնմանը»։ Ինչո՞ւ Ձեր գործընկերները մեծ մասը դեռևս չի միացել այդ կոչին և չի փորձում թեքել նժարը։ Միգուցե պահի լրջությունը չե՞ն գիտակցում։
-Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխանատու, ուստի ես չեմ կարող իրենց փոխարեն որևէ բան ասել։ Ես միայն կարող եմ մեր պատմությունից որոշակի եզրահանգումներ անել, որ մեր ժողովրդի և մտավորականության մեծ մասը հարմարվող ու հաշտվող է։ Մարդկանց այդ տեսակն անմիջապես հարմարվում է ամեն ինչին՝ քաղաքական իրավիճակին, կորուստներին և այլն։ Բացի դրանից, մարդիկ իրենց անձնական շահը չեն ստորադասում պետական շահին, որ, օրինակ, հանկարծ իրենց աշխատանքը չկորցնեն։ Քչերն են խենթ նվիրյալներ, որոնք իրենց հայրենիքն ամեն ինչից վեր են դասում։ Հենց այդ նվիրյալներն են, որ Ֆրանսիայի հրապարակում մեկ ամսից ավելի է, ինչ պայքարում են՝ գիտակցելով իրավիճակի օրհասականությունը։ Եթե 10.000 մտավորական նոյեմբերի 9-ին հրապարակում գտնվեր ու թեկուզ լուռումունջ կանգներ, նրանց լռությունից այս իշխանությունը ոռնալով կփախներ։ Այն ժամանակ չարեցին, հիմա էլ չեն անում ու վաղն էլ չեն անելու։ Մենք պետք է գիտակցենք, որ սա ոչ թե հացի, այլ հայրենիքի կռիվ է։ Եթե ուտելիք ցույց տան, տեսեք ոնց հասարակության մի հոծ զանգված կվազի հրապարակ, սակայն հայրենիքի փրկության համար չեն գնում։ Ամեն դեպքում այս ամենը բնական է, քանի որ ցանկացած ժողովրդի միայն 10 տոկոսն է մտահոգ իր հայրենիքի համար։ Ցավոք մեզ մոտ գիտակից ու անձնվեր հայրենակիցների քանակը այդ 10 տոկոսից էլ է քիչ։
- Այս օրերին բավականին շատ է խոսվում, որ պայքարը հաջողություն չի գրանցում, շարժման աջակիցների շարքերը նոսրանում են, և այն գնալով մարում է։ Դուք համամի՞տ եք այս տեսակետի հետ։
-Ես համաձայն չեմ, որ շարժումն իր աջակիցներին կորցնում է, ընդհակառակը, մարդիկ ավելանում են, ու դրա մասին վկայում են վերջին օրերի հանրահավաքները։ Ես համաձայն չեմ, որ շարժման ակցիաները միայն ու միայն լոգիստիկ խնդիրներ են առաջացնում։ Ի դեպ, լոգիստիկ խնդրի մասին խոսում է միայն մի հիվանդ, դավաճան, խելագար, ում համար ամեն ինչում բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Այսօր մեր երկրում մարդիկ առնվազն 5 մասի են բաժանված ՝ լևոնականներ, քոչարյանականներ, սերժականներ, նիկոլականեր և դրանց մերժողներ, բայց ամեն դեպքում Ֆրանսիայի հրապարակում հավաքվում է գիտակից մասսա, որի համար հայրենիքը արժեք է։ Ինչ վերաբերում է շարժման հաջողությանը, նշեմ, որ այն ունեցավ և դեռ կունենա հաջողություն ու չի մարի։ Այս պահին հաջողությունն այն է, որ շարժման շնորհիվ շատ պատնեշներ են ստեղծվել իշխանության համար, որոնք ինքը չի կարողանում անցնել, թե չէ հակառակ դեպքում արդեն երկրի հանձման փաստաթուղթը ստորագրել էր։
-Պարոն Հուսիկ Արա, ժողովուրդը իշխանափոխություն կարո՞ղ է անել։
-Կարող է։ Ի վերջո կգա նաև այդ պահը, ուղղակի ինչքան շուտ գիտակցնենք ու իրականացնենք, այնքան լավ, քանի որ հնարավոր է այդ գիտակցումն այն ժամանակ լինի, որ Նիկոլն արդեն երկիրը հանձնած լինի ու ամեն բան շատ ուշ լինի։
-Դուք հենց սկզբից կանգնել եք շարժման կողքին, ըստ Ձեզ՝ արդյոք եղե՞լ են ինչ-որ սխալներ, որոնք խանգարել են շարժման ակտիվացմանը, հաջողություններին։
- Ես սխալներ չեմ նկատել, որը շարժման ընթացքին կխանգարեր։ Կար մի տարբերակ, եթե, օրինակ, ժամանակավոր կառավարության կազմ հրապարակեր, միգուցե այդ ժամանակ ժողովուրդն ավելի ակտիվանար։ Բայց կար նաև այլ խնդիր, այս պառակտվածության մեջ իրենք ում էլ ժամանակավոր կառավարության ղեկավար նշանակեին, մեր ժողովուրդը չէր ուզելու։ Ըստ իս՝ շարժման ղեկավարները փորձում են ամեն ինչ օրինականության դաշտում անել, չեն մտնում Ռադիոտուն, դռներ չեն ջարդում, ինչպես 2018 թվականին էին անում, բայց իրենք ծրագիր ունեն ներկայացրած, որը էլի լավ է։