Ասել՝ բացառապես քաղաքականության շնորհիվ է, չենք կարող, բայց քաղաքականությունն իր դերը խաղում է. տնտեսագետը՝ Փաշինյանի հայտարարած ցուցանիշների մասին
Տնտեսություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019- 2021 թթ. գործունեության զեկույցի ներկայացմանը նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ 2018 թվականի համեմատ այսօր 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ ունենք, համախառն ներքին արդյունքի 8.6 տոկոս իրական աճ, իսկ Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, առաջին 4 ամիսների տվյալներով ունենք հավելյալ 574 միլիարդ դրամի առևտրաշրջանառություն։
ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանը, խոսելով զբաղվածության ցուցանիշների մասին, ասաց, որ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ տարբեր ոլորտներում աշխատատեղերի ավելացում նկատվում է։
«Օրինակ՝ ՏՏ ոլորտում 5000-ով ավելացում կա, ունենք առևտրի ոլորտում որոշակի ավելացում։ Այսինքն՝ այստեղ ոլորտներ են, որոնք հետպատերազմական և հետհամավարակային շրջանում որոշակիորեն վերականգնվել են։ Այստեղ ավելացումը նաև այդ ոլորտների հաշվին է։ Դերակատարում խաղացել է նաև Ռուսաստանից այստեղ տեղափոխված բիզնեսների գործոնը»,- ասաց տնտեսագետը։
Հարցին՝ այս պարագայում արդյոք կարո՞ղ ենք ցուցանիշները վերագրել մեր կառավարության վարած քաղաքականությանը, Քթոյանը պատասխանեց. «Դա ի սկզբանե պետք է քաղաքական մշակույթի մեջ դրվի, կամ հանրությունը պետք է այդ կոնսենսուսն ունենա.եթե ամեն ինչի համար պատասխանատու է կառավարությունը, ապա վատի և լավի համար ևս։ Եթե վատի համար պատասխանատու չէ, ապա լավի համար էլ պատասխանատու չէ։ Ես ելնում եմ այն իրողությունից, որ այստեղ կա ոսկե միջինի ինչ-որ հանգամանք»։
Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանից մեծ ծավալով բիզնես է դուրս եկել և այնպես չէ, որ ամբողջը Հայաստան է եկել, մեր երկիր եկել է ընդհանուր հոսքի 10-15%-ը։
«Հայաստան գալը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ իրողություններով, բայց սուբյեկտիվ գործոններ ևս կան։ Այստեղ դեր է խաղում որոշակի բիզնես միջավայրը, դեր են խաղում ֆինանսական կարգավորումները, կազմակերպություն հիմնելու հետ կապված կարգավորումները, բանկային հաշիվ բացելու, կառավարելու և այլ գործոններ։ Ըստ էության՝ այդ ամենը տնտեսական քաղաքականություն իրականցնող սուբյեկտների տիրույթում է։ Այսինքն՝ իրենք մի կողմից ձևավորում են պայմաններ, որոնք կարող են այս իրողությունների պայմաններում գրավիչ լինել։ Ասել՝ բացառապես կոնկրետ քաղաքականության շնորհիվ է, չենք կարող, բայց քաղաքականությունը իր դերը խաղում է»,- ասաց Քթոյանը։
Տնտեսագետը նշում է, որ վերոնշված հոսքերը ավելի շատ նախընտրում են Թուրքիան, քանի որ այնտեղ շուկան ավելի մեծ է, բարենպաստ երկրների ցանկում են նաև Վրաստանը, Ղազախստանը։
«Այնպես չէ, որ Հայաստանը միակ այլընտրանքն է, պարզապես այլընտրանքների միջից Հայաստանի ընտրությունը կարելի է բացատրել կարգավորումների պարզությամբ, ադեկվատությամբ, միջավայրով և այլն»,- ասաց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է կառավարության քայլերին, որոնց շնորհիվ Հայաստանը կարող էր այս շրջանում մրցակցային դեր ունենալ օտարերկրյա ներդրողների համար, ապա Քթոյանի կարծիքով՝ տեղական բիզնես միջավայրն ու ներդրումային ոլորտը ավելի լավը դարձնելու համար երկարաժամկետ և բարդ լուծումներ են անհրաժեշտ։
«Այստեղ շատ գործոններ են դեր խաղում՝ և՛ շուկայի մասշտաբները, և՛ անվտանգային խնդիրները, և՛ իրավակարգավորումները, և՛ կառավարման արդյունավետությունը։ Այսինքն՝ դա ավելի երկարաժամկետ լուծման ենթակա խնդիր է և բազմագործոն խնդիր է։ Չկա մի բանաձև, որը բարելավվելով մենք աճ կգրանցենք»,- ասաց տնտեսագետը։
Ըստ նրա՝ վերջին 4 տարիների ընթացքում բիզնեսի համար ազատության, մրցակցային միջավայրում որոշակի կոշտ սահմանափակումների վերացման, արհեստական մենաշնորհների ձևավորման պրակտիկայի հրաժարման տեսանկյունից կա առաջընթաց։
«Իհարկե, մենք բախվեցինք 2020 թվականի համազգային աղետի հետ, որը շատուշատ առումներով թերագնահատում է այն ամենը, ինչ բիզնեսի տեսանկյունից արվել է և կարող էր նպաստել այս համընդհանուր մարտահրավերների ֆոնին, որը կարող է տեսանելի չլինել։ Բայց եթե զուտ բիզնես միջավայրն ենք դիտարկում, համենայն դեպս, գործարարների հետ իմ շփումները ցույց են տալիս, որ ավելի շատ են կարծքներն առ այն, որ հիմա միջավայր ավելի ազատ է»,- ասաց Քթոյանը։