Ինչո՞ւ են Վիտալի Բալասանյանն ու արցախցի պատգամավորները մեկնել Լիբանան
Արցախ եւ մարզեր
Արցախի անվտանգության խորհուրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նախորդ շաբաթ եղել է Լիբանանում։ Ինչպես տեղեկացնում է aztagdaily.com -ը՝ սա Բալասանյանի առաջին այցն էր, որի ընթացքում նա ծանոթացել է լիբանանահայ համայնքի և կառույցների գործունեությանը, հանդիպել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունու, ինչպես նաև «Ազդակ» օրաթերթի տնօրինության հետ։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Լիբանան է մեկնել և այցի ընթացքում նրան ուղեկցել է ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը։ Վերջինը, սակայն մեզ հետ զրույցում ասաց, որ Բալասանյանի հետ ընդամենը եղել է նույն օդանավում, Արցախի ԱԽ քարտուղարի այցի, ծրագրերի և օրակարգի հետ որևէ առնչություն չունի։ Այցին վերաբերող մանրամասներ ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաև Վիտալի Բալասանյանի մամուլի խոսնակի հետ, մեր զանգերը, սակայն, մնացին անպատասխան։
Մեզ հայտնի է դարձել, որ Բալասայանից հետո Լիբանան են մեկնել նաև Արցախի Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և արցախցի այլ պատգամավորներ։ Մեզ հետ զրույցում Արցախի ԱԺ ՀՅԴ պատգամավոր Վահրամ Բալայանը հաստատեց, որ Մոսիյանը գտնվում է Լիբանանում, սակայն օրակարգի և հանդիպումների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց։
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար Էլիոնորա Ավանեսյանից փորձեցինք ճշտել, արդյոք իրենց խմբակցությունից Լիբանան մեկնողներ եղե՞լ են։ Նա, սակայն, ասաց, որ հեռախոսով որևէ մեկնաբնություն չի անում, ապա անջատեց զանգը՝ չլսելով անգամ հարցը։
Թե ինչու՞ են Արցախի պաշտոնյաները վերջին օրերին այցելում Լիբանան, որը համարվում է Սփյուռքի ամենաակտիվ ու կենսունակ կենտրոններից մեկը, մտորելու տեղիք է տալիս։