Չեմ պնդում, որ 100 տոկոսանոց անսխալ որոշում ենք կայացրել. հանձնաժողովի անդամը՝ Դեբեդ նետված փոքրիկի խնամակալության մասին
Հասարակություն
Սեփական մոր կողմից ապրիլի 27-ին Դեբեդ նետված 2-ամյա Արևիկի առողջական վիճակը շատ լավ է, ArmDaily.am-ին հայտնեց Սբ. Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Այն ինչ կապված է հիվանդանոցի հետ՝ բոլոր առողջական պրոցեդուրաներն արված են, այս պահին որևէ անհանգստացնող խնդիր չունի»,-ասաց Դերձյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում երեխան հասցրել է մտերմանալ բժշկական անձնակազմի հետ ու նույնիսկ սկսել է «մամա» անվանել բժիշկներից մեկին։ Արևիկի դուրս գրվելու օրը դեռ որոշված չէ։ Երեխայի հայրը, որը ցանկություն է հայտնել ստանձնել խնամակալությունը, այժմ զբաղված է հայրությունը ճանաչելու գործընթացով, փաստաթղթերը պատրաստ լինելուն պես երեխային դուրս կգրեն։
Արտաշատի խնամակալության հոգաբարձուների հանձնաժողովը երեխայի խնամակալությունը հորը հանձնելու մասին դրական եզրակացություն է տվել։ Այժմ Արևիկին հոգեբանորեն նախապատրաստում են նրա մոտ տեղափոխվելուն։ Ազատություն ռադիոկայանը երեկ պատրաստած ռեպորտաժում այցելել էր Արևիկի հորը, որը երկրորդ կնոջ հետ ապրում է հանրակացարանում՝ կենցաղային անմխիթար պայմաններում։ Ռեպորտաժը մեծ աղմուկ է բարձրացրել, քաղաքացիներին մտահոգում ու զայրացնում է ոչ միայն խորթ մոր հանգամանքն ու հանրակացարանային պայմանները, այլև այն հանգամանքը, որ հայրտ ռեպորտաժում օգնություն է ակնկալում երեխային մեծացնելու համար։
ArmDaily.am-ի հետ զրույցում Արտաշատի խնամակալության հոգաբարձուների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ներսես Գեղամյանն ասաց, որ թե՛ իրենք, թե՛ մարզպետարանը, և թե՛ համայնքապետարանը պատրաստ են տրամադրել անհրաժեշտ օգնություն՝ երեխայի խնամքը կազմակերպելու համար։ Ինչ վերաբերում է կենցաղային ծանր պայմաններին, հանձնաժողովի նախագահի տեղակալը շեշտում է՝ Հայաստանի բնակչության 30 տոկոսն ապրում է սոցիալական շատ ծանր պայմաններում։ Հետևաբար դա դիտարկել պատճառ հորը խնամակալությունից զրկելու համար՝ այնքան էլ ճիշտ չէ։ «Մենք առաջնորդվել ենք երեխայի գերագույն շահն ապահովելու սկզբունքով՝ դա նաև օրենքի պահանջ է։ Այսինքն՝ այդ շահը ենթադրում է, որ երեխայի խնամքն առաջին հերթին պետք է իրականացնի կենսաբանական հայրը»,-ասաց Գեղամյանը։
Նա հավելեց, որ իրենց հանձնաժողովն ուսումնասիրել է ու պարզել , որ հայրը մշտապես հետաքրքրվել է երեխայով։ Ինն ամիս ապրել է երեխայի ու նախկին կնոջ հետ, ամուսնալուծվելուց հետո մեկ տարի երեք ամիս հեռախոսային կապ է ունեցել, այցելել երեխային, ֆինանսական աջակցություն տրամադրել։ «Իմ ասածի իսկությունն ապացուցող վիդեո փաստեր ունենք, որտեղ երևում է, թե այդ երեխան ինչ ջերմությամբ է շփվում հոր և նրա կնոջ հետ»,-ասաց Գեղամյանը։
ArmDaily.am-ի հարցին, արդյոք հաշվի առե՞լ են Արևիկի ավագ եղբոր և քրոջ ծխահարությունից մահանալու դեպքը, Գեղամյանն ասաց,որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել ՌԴ Վորոնեժ քաղաքում՝ մոր անփութության հետևանքով։ «Ընդ որում՝ ոչ մի փաստաթուղթ չկա, որ հոր մեղավորությունը կամ անփութությունն այդ դեպքի մասով կարող է հաստատել»,-ասաց Ներսես Գեղամյանը։
Նա շեշտեց, որ հանձնաժողովի անդամները տնայց են կատարել, զրուցել են երեխայի հոր և խորթ մոր հետ՝ ադեկվատ մարդկանց տպավորություն են թողել։ Համայնքի ղեկավարն ու գործատուն Արևիկի հոր մասին դրական կարծիք են հայտնել։
Գեղամյանը շեշտում է՝ երեխայի գերակա շահն ու ՀՀ օրենսդրությունը պարտադրում են, որպեսզի երեխան լինի կենսաբանական հոր կողքին։ Վերջինը նաև հավելեց, որ իրենց հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող կառույց է, որը որոշումներ կայացնելու իրավասություն չունի, ներկայացնում է միայն եզրակացություններ։ Կստանձնի՞ արդյոք հայրը Արևիկի խնամակալությունը, կորոշի համայնքապետարանը։
Հայկա Ալոյան