Աշխատանքային քննարկում՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտին առնչվող օրինագծերի մշակման թեմայով
Հասարակություն
Մայիսի 20-ին «Էլելեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ-ում տեղի է ունեցել ՏԿԵՆ նախարարի N737 հրամանով էլեկտրաէներգետիկայի ոլորտին առնչվող նոր իրավական ակտերի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:
Մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից՝ էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետի տեղակալ Ա․ Դանիելյանը, վարչության մասնագետներ, ինչպես նաև էներգետիկայի ոլորտը ներկայացնող ընկերությունների («Հայաստանի էլեկտրացանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ների, Միջազգային էներգետիկ կորպորացիայի, «Արմփաուեր», «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ») ղեկավար կազմի ներկայացուցիչներ ու մասնագետներ։
Խորհրդակցությանը քննարկվել է էներգետիկ ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդաբանությունը։ Աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով որոշվել է ստեղծել աշխատանքային ենթախմբեր։ Վերջիններս կմշակեն ըստ ոլորտների՝ էլեկտրակայանների, ջերմակայանների, էլեկտրահաղորդաբաշխման ցանցերի անվտանգությանը և շահագործմանը վերաբերող իրավական ակտերի նախագծեր։
Աշխատանքային խմբի քննարկումները կլինեն շարունակական։