Բարոնուհի Քոքսը բրիտանական իշխանություններին խնդրում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Արցախում հանցագործություններ կատարելու համար
Միջազգային խճանկար
Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը մայիսի 18-ին Լորդերի պալատում ունեցած ելույթի ժամանակ բարձրացրել է 2020թ.-ին Արցախում ադրբեջանական ռազմական հանցագործությունների հարցը և զգուշացրել տարածաշրջանում հայերի էթնիկ զտումների սպառնալիքի մասին։ Խոսելով Նիգերիայում տիրող իրավիճակի և ջիհադիստների հանցագործությունների մասին՝ Քոքսն անդրադարձել է նաև Հայաստանում և Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին՝ Արցախն անվանելով պատմական հայկական տարածք։ «2020 թվականին Ադրբեջանը գրավեց այն (Արցախը - խմբ.), ամենօրյա ռազմական հարձակումներից և քաղաքացիական օբյեկտների համատարած ոչնչացումից տուժեցին խաղաղ բնակիչներ՝ ներառյալ դպրոցներ, կրոնական վայրեր, ինչպես նաև Ստեփանակերտի ծննդատունը․ես դրա ականատեսը եղա։ Սրանք ռազմական հանցագործություններ են, որոնք հիշեցնում են այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում։ Ես ականատեսը եղա բոլորովին այլ Ադրբեջանի, ոչ այնպիսի, ինչպիսին նկարագրում էր լորդ Բրյուսը։
Ադրբեջանը բազմիցս խախտել է խաղաղության համաձայնագիրը, որը պահանջում է ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Բազմաթիվ հայեր շարունակում են մնալ գերության մեջ՝ ադրբեջանցիների կողմից ենթարկվելով նվաստացուցիչ խոշտանգումների (Հայաստանն ազատ է արձակել բոլոր ադրբեջանցի գերիներին)։ Օրինակ, ես արտասվում էի մի մոր հետ, ով ստացել էր որդու մասնատված և գլխատված մարմնի լուսանկարները»,- իր ելույթում հայտարարել է Քոքսը:
Բարոնուհին նշել է, որ շարունակվում են հաղորդագրությունները Հայաստանի հանդեպ ևս ադրբեջանական զինուժի ոտնձգությունների մասին, մասնավորապես, Սյունիքի մարզի հայկական գյուղերի, ուր բարոնուհին այցելել է անցյալ ամիս։
Նա պատմել է, թե ինչպես են ադրբեջանցիները բարձրախոսներով ստիպում գյուղացիներին լքել իրենց տները, միևնույն ժամանակ ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական տեխնիկա և աշխատուժ կուտակել տարածաշրջանում:
Քոքսը նաև ընդգծել է, որ լուրջ անհանգստություններ կան ադրբեջանական վերահսկողության տակ անցած հարյուրավոր հայկական քրիստոնեական հուշարձանների և հնագույն մշակութային ժառանգության ճակատագրի առնչությամբ, որոնց մի մասն արդեն ոչնչացվել է պատերազմի ընթացքում կամ դրանից հետո: Եվ սա, ըստ բարոնուհու, հերթական պատերազմական հանցագործություն է՝ըստ միջազգային իրավունքի։
Նա նաև հավելել է, որ Բաքվում կա հաղթանակի մի սարսափելի պուրակ, որտեղ հայ զինվորների սաղավարտներից պատրաստված միջանցք և հայ զինվորների նմանեցված մանեկեններ կան։ «Միացյալ Թագավորության կողմից Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հետևողական ձախողումը կարող է դիտվել որպես համագործակցություն: Միջազգային ամենալուրջ հանցագործությունների համար անպատժելիություն չպետք է լինի։ Հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ես հույս ունեմ, որ կառավարությունն այլևս անտարբեր չի մնա Արցախում և Հայաստանում հայ ժողովրդի, ինչպես նաև Նիգերիայի ժողովրդի տառապանքի հանդեպ», - հայտարարել է Քոքսը: