Մանթաշյանի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում.ի՞նչ կորոշի այսօր դատարանը
Իրավական
«Ինչ-որ տպավորություն առհասարակ չստացանք, որովհետև դատարանը զուտ լսեց միջնորդությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ, այսինքն՝ որևէ դիրքորոշում չհայտնեց, որևէ հարցադրում չկատարեց, որից ինչ-որ բան կարողանայինք բխեցնել»։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը՝ մանրամասներ հայտնելով երեկ կայացած դատական նիստից։ Դատարանը որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 14.30-ին։ «Ակնկալիքները հետևյալն են՝ նախ մեղադրողը բովանդակային առարկություն չներկայացրեց, թե ինչու խափանման միջոցները չպետք է վերացվեն, իսկ մեր ներկայացրած խափանման միջոցների վերացման միջնորդությունները առավել քան հիմնավոր էին։ Մենք դատարանին, ըստ էության, առաջարկել ենք իրավիճակի միջանկյալ հանգուցալուծման երեք ուղղություն՝ առհասարակ վերացնել խափանման միջոցը, եթե դատարանն, այնուամենայնիվ, կտեսնի ռիսկեր,կիրառի գրավ ութ միլիո դրամի չափով։ Իսկ եթե դատարանը հանգի հետևության, որ գրավն էլ բավարար երաշխիք չէ, ապա Ազգային Ժողովի վեց պատգամավորների երաշխավորության և վճարած երեք միլիոն դրամ գումարի կիրառմամբ ազատ արձակի Նարեկ Մանթաշյանին»,-ասաց պաշտպանը։
Կոչուբաևը մտահոգություն հայտնեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում։ Պաշտպանի խոսքով՝ իրենց համար զարմանալի է մեղադրող կողմի այն մեկնաբանությունը, թե ամբաստանյալի առողջական վիճակն այնպիսին չէ, որ կալանավորման հետ անհամատեղելիություն առաջացնի։ «Այսինքն՝ ըստ մեղադրող կողմի տրամաբանության, մենք պետք է սպասենք այն աստիճան վատանա, որ նոր քննարկենք խափանման միջոցի վերացման հարցը։ Իհարկե, այս իրավիճակն անընդունելի է և անկեղծ կլինեմ՝ ակնկալիքներ ունենք։ Որովհետև միջնորդությունն առավել քան հիմնավոր է և նաև բովանդակային հակափաստարկ չենք ստացել, իսկ մրցակցային դատավարության պայմաններում դատավորին այլ բան չի մնում, քան բավարարել այդ միջնորդությունը։ Իհարկե գործը քաղաքական է, իհարկե հասկանալի է, որ ճշտումներ պետք է կատարվեն, բայց կարծում եմ՝ և՛ այդ գործի հետևում կանգնած իրական անձինք, և՛ դատարանը կգիտակցեն, որ գործ ունենք անձի առողջության հետ կապված խնդրի հետ։ Եթե օրինակ երկու ամիս առաջ բարձրացված առողջական խնդիրը միայն բարձր շաքարային դիաբետն էր, ապա երկու ամիս անց արդեն երիկամների ախտահարում ունենք, ենթաստամոքսային գեղձի խնդիր, մեզում ացետոնի պարունակություն, այսինքն՝ այնպես չի, որ մենք անընդհատ նույն բանն ենք ասում, որ պարոն Մանթաշյանն ունի շաքարային դիաբետ՝ բաց թողեք։ Մենք պրոգրես ապրող հիվանդության ընթացք ունենք, որին դատարանի գնահատականը պետք է լինի համարժեք և սրան գումարած այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկը չի կարողանում ապահովել Նարեկ Մանթաշյանի պատշաճ բուժօգնությունը, որովհետև այն դեղամիջոցները, որոնք նշանակվել են բժշկի կողմից Էրեբունի բժշկական կենտրոնում, քրեկատարողական հիմնարկի իրավասու ստորաբաժանումը չի ստանում, առհասարակ չի էլ գնում, համապատասխան ցանկերում ներառված չի։Սա ևս պատճառներից մեկն է, որ այն բուժումը, որն ամբաստանյալը պետք է ստանա՝ քրեակատարողական հիմնարկը չի կարող ապահովել»,-եզրափակեց Ալեքսանդր Կոչուբաևը։
Հայկա Ալոյան