Հայաստանը չպետք է խաղա Ռուսաստանի «կրտսեր եղբոր» դերը. Գերագույն Ռադայի խորհրդական
Միջազգային խճանկար
«Մինչև մայիսի 9-ը Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը նվաճելու փոխարեն Ռուսաստանը պարզապես «տւպիկի» առաջ է կանգ առել»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Կիևում բնակվող, Գերագույն Ռադայի խորհրդական, հասարակական գործիչ Սուրեն Պետրոսյանը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը ոչ միայն շաբաթներով հետ է ընկել իր իսկ նախագծած գրաֆիկից, այլև ախորժակը որոշակիորեն սահմանափակել է։ «Վերջին հույսը Սեվերոդոնեցկը գրավելն է։ Ուկրաինական բանակն ավելի լավ է մարզված, ունի ժամանակակաից հակատանկային զենքեր և բարձր մոտիվացիա։ Ռուսաստանը երբեք այսքան կարճ ժամանակի ընթացքում այդքան մեծ թվով զոհեր չի ունեցել։ Ուկրաինա ներխուժումից ի վեր սպանվել է 28.000 ռուս զինվորական, իսկ 60.000-ը ստացել են վիրավորում։ Ոչնչացվել է հսկայական քանակի զինտեխնիկա, որը ռուսական կողմը փոխարինելու հնարավորություն չունի։ Ծանր կորուստների պատճառով ռուսական զորքերը հետ են նահանջել Ուկրաինայի հյուսիսային շրջաններից և սկսել են պատրաստվել երկրի հարավում և արևելքում երկարատև պատերազմի։ Հակահարձակում ձեռնարկելու ռուսական կողմի փորձերը ևս ձախողվել են։ Հիմա Ռուսաստանն ինքն է սպասում ուկրաինական բանակի հակահարվածին, ինչի հետևանքով ռուսական զորքերը դուրս կշպրտվեն Ուկրաինայի սահմաններից »,-ասաց Պետրոսյանը։
Գերագույն Ռադայի խորհրդականի խոսքով՝ ռուսական կողմը, հասկանալով, որ ուղիղ բախումների հետևանքով ունենում է մեծ կորուստներ, ընտրել է ուկրաինական քաղաքները հեռահար հրետակոծելու մարտավարությունը։ «Ռուսաստանն իրականացնում է ուկրաինացիների ցեղասպանություն՝ ազգային պատկանելիությամբ առաջնորդվելով։ Միայն Կիևում ռուսական զորքերը սպանել են 1200-ից ավել խաղաղ բնակիչ։ Ռուսական ագրեսիայի, այսպես կոչված, 2-րդ էտապը Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածի օկուպացիայի նպատակով ևս ձախողվել է։ Հատկապես Ուկրաինայի արևելքում ռուսական կողմը զինվորականների հսկայական կորուստներ է գրանցել։ Թաքուն իրականացվող մոբիլիզացիան, որ Ռուսաստանում սկսվել է դեռևս ապրիլից՝ այդպես էլ որևէ արդյունք չտվեց։ Անընդհատ վատացող իրավիճակը Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական գործընթացներում և կորուստները ճակատում Պուտինին ստիպում են փնտրել ցանկացած ելք՝ ճակատում Ռուսաստանի վիճակը բարելավելու համար»,-ասաց Պետրոսյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների միջոցով միջազգային հանրությանը հակազդելու հավանական տարբերակին՝ Պետրոսյանը շեշտեց, որ այդ կառույցի անդամ պետությունները դիտարկվում են որպես Ռուսաստանի անձնական պրոքսի-բանակներ։ «Այդ առումով Պուտինը կփորձի օգտագործել Հայաստանը իր սեփական շահը սպասարկելու համար։ Արցախում վերջին պատերազմի ժամանակ Պուտինը հստակ հասկացրեց, որ ռուսական զինուժի միջամտություն, որը կարող էր, ի դեպ, կանգնեցնել ադրբեջանական զորքերին, չի լինելու։ Այնինչ Ուկրաինայի դեմ պատերազմում ամեն կերպ փորձում է ստանալ Փաշինյանի աջակցությունը, փորձելով իր շուրջը հավաքել դաշնակիցների՝ արևմուտքին հակակշիռ ստեղծելու համար։ Կրեմլում դիտարկում են ՀԱՊԿ-ի զորքերի հնարավոր ներգրավման հարցը։ Ճակատում Ռուսաստանին ծայրահեղ ձևով չի բավականացնում մարդկային ռեսուրսը և արդեն զինտեխնիկայի դեֆիցիտն իրեն զգացնել է տալիս։ Հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ Կրեմլը բաց չի թողնի առիթը դա իր օգտին օգտագործելու համար և հայ ժողովրդին կգցի պատերազմի էպիկենտրոն»,-համոզմունք հայտնեց Գերագույն Ռադայի խորհրդականը։
Նրա խոսքով՝ Պուտինը մտադիր է շարունակել պատերազմը, հետևաբար հետագա պատժամիջոցների կիրառումն անխուսափելի է։ Արևմուտքը պլանավորում է թուլացնել Ռուսաստանն այնքան, որքան դա հնարավոր է։ Եվ այն բոլոր երկրները, որոնք շարունակելու են նրա հետ գործակցել, ևս վնասներ կկրեն։ «Հայաստանը, որը պատմականորեն սեղմված է երկու թշնամի երկրների միջև, այդ դեպքում կհայտնվի պատային իրավիճակում։ Մնալով առանց աջակցության՝ Հայաստանը կարող է տարածքային էքսպանսիայի օբյեկտ դառնալ, ինչը ոչ այնքան բարենպաստ սցենարների զարգացման դեպքում կարող է հարցականի տակ դնել Երևանի սուվերենիտետը ու բերել էկոնոմիկայի տապալմանն ու հսկայական արտագաղթին։Հենց սրանում է թաքնված Ռուսաստանի բոլոր կամայականությունները հնազանդորեն կատարելու վտանգը»,- նշեց Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս կարողանում է դիմակայել Ուկրաինայի դեմ պատերազմին ներգրավելու Կրեմլի փորձերին, և ՀԱՊԿ վերջին նիստը ցույց տվեց, որ Պուտինն այդպես էլ չկարողացավ մյուս երկրներին ներգրավել այս պատերազմում։ «Սա դրական ազդակ է, որը խոսում է սուբյեկտային քաղաքականության մասին։ Նման մոտեցում պետք է լինի ոչ միայն ուկրաինական հարցում, այլև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Հայաստանը չպետք է խաղա Ռուսաստանի «կրտսեր եղբոր» դերը, քանի որ ռուսական ռեժիմն արագ դառնում է Երևանի թշնամին»,-եզրափակեց Սուրեն Պետրոսյանը։
Հայկա Ալոյան