Թոշակառու մարդկանց 90%-ը մոբիլ չէ, սա ուղղակի շոու է. տնտեսագետը՝ թոշակառուների անկանխիկ գնումներ անելու որոշման մասին
Տնտեսություն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Մեր թոշակառուները դեռ գումար կանխիկացնելու եղանակը չեն սերտել, շատ հաճախ կարող ենք փողոցներում տեսնել, թե ինչպես են տարեցները խնդրում են երիտասարդներին իրենց գումարը բանկոմատից կանխիկացնել։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընդունված որոշումն, առնվազն, տարակուսելի է։
ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ևս նշում է, որ այս տեսանկյունից մեր թոշակառուները մոբիլ չեն։
«Այդպիսի որոշումներ չեն ընդունում։ Իրենք փրփուրներից են կախվել։ Թոշակառու մարդկանց 90%-ը մոբիլ չէ, իրենք չգիտե՞ն դա, ուսումնասիրե՞լ են հարցը։ Այնպես որ սա խնդիր է։ Մանավանդ պանդեմիայից հետո տարեց մարդկանց վիճակը էլ ավելի է վատացել, 90%-ից ավելին ունեն առողջական խնդիրներ։ Ի՞նչ է նշանակում անկանխիկ, բանկոմատ, գնալ խանութներ անկանխիկ վճարել։ Սա ուղղակի շոու է»,- ասաց տնտեսագետը։
Նշենք, որ կառավարության առաջարկած ծրագրին միացել են կենսաթոշակառուներին սպասարկող ոչ բոլոր բանկերը։ Իսկ թե որ բանկերից պետք է օգտվեն թոշակառուները, որպեսզի հետվճար ստանան, նախարարության կայքում կհրապարակվի առաջիկայում` մինչև հունիսի 1-ը։