Ադրբեջանցիների նպատակն այդ բնակավայրերը վերցնելն ու վերաբնակեցնելն է.արցախցի պատգամավորը՝ Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային ճանապարհի մասին
Արցախ եւ մարզեր
«Քանի որ Բերձորը գտնվում է Լաչինի միջանցք կոչվող 5 կիլոմետրանոց լայնքով ճանապարհի վրա, ադրբեջանցիները շրջանցիկ ճանապարհ են կառուցում, որը նույնպես ունենալու է 5 կիլոմետր լայնք՝ ճանապարհի աջ ու ձախ կողմերից 2.5 կմ երկարությամբ»։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային ճանապարհի ակտիվ շինարարության վերաբերյալ մտահոգություններին։
Կարեն Հովհաննիսյանը Բերձորի բնակիչ է, նրա խոսքով՝ ճանապարհը փոխարինելու է միջանցքի այն հատվածը, որի վրա գտնվում են Բերձոր, Աղավնո, Սոս բնակավայրերը։ «Ադրբեջանցիների նպատակը ուղղակի այդ բնակավայրերը վերցնելն ու վերաբնակեցնելն է։ Իսկ դրան փոխարինող տալիս են ցամաքային ճանապարհ, որը որևէ բնակավայրի միջով չի անցնելու։ Իրենց նպատակն այն է, որ Բերձոր քաղաքը, Աղավնո բնակավայրը իրենք կարողանան վերցնել։ Նոյեմբերի 9-ի դրությամբ, երբ ստորագրվել է համապատասխան եռակողմ հայտարարությունը, և հաստատվել է Լաչինի միջանցք եզրույթը, որ կապում է Արցախի ներկայիս տարածքները Հայաստանի Հանրապետության հետ և որի պահպանումն իրականացնում է ռուս խաղաղապահը, ուղղակի Բերձոր և Աղավնո համայնքները և բնակավայրերը գտնվում են այդ միջանցքի մեջ»,-ասաց Հովհաննիսյանը։
Մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք բեկանել այդ պրոցեսը, Հովհաննիսյան ասաց՝ այս աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է , ուղղակի համապատասխան ելք, համապատասխան բանալի պետք է գտնի մեր ժողովուրդը։ Արցախցի պատգամավորը նշեց, որ մարդկանց տրամադրությունը շատ վատ է։ «Երեկ Բերձորի ազատագրման 30-ամյակն էր, ես ելույթ եմ ունեցել, հուզականությունը բավական բարձր է, չեմ ասում կոտրված, բայց մարդիկ որոշակի մտատանջություններ, մտավախություններ ունեն իրենց հետագա կյանքը կառուցելու հետ կապված՝ իրենց աչքի առաջ ունենալով նաև այն հազարավոր բռնի տեղահանված հայրենակիցների կարգավիճակը, ճակատագիրը, որն այսօր առկա է»,- նշեց Հովհաննիսյանը։
ArmDaily.am-ի հարցին, թե հավանակա՞ն է, որ տարածված լուրերի պատճառով մարդիկ հեռանան, ասաց՝ եթե հեռացող եթե լինեին՝ արդեն հեռացած կլինեին, բայց քանի որ Աղավնոն և Բերձորը կենսագործուն են, ուրեմն կան նաև այն խիզախները, որոնք չեն համակերպվել պարտադրված որոշումների հետ, և իրենք են իրենց ճակատագիրը տնօրինել։ «Ես կարող եմ իմ տեղն ասել, որ ես չեմ լքի կամ կլքեմ, բայց որ մեր ժողովուրդը,եթե այս որոշումն էլ պարտադրվի և այդ շրջանցիկ ճանապարհը կյանքի կոչվի, արդեն իշխանությունների դաշտում է լինելու, թե այդ մարդկանց ճակատագրերը ինչ ձևով ենք տնօրինելու։ Եթե որոշում կայացվի, որ պիտի ճանապարհը փոխվի, դե պատկերացրեք, այդ բնակավայրերը մնալու են ադրբեջանական իրավունքի տիրույթում և ո՞նց եք պատկերացնում, մարդ կմնա՞ հիմա Ադրբեջանի «բնակավայր հանդիսացող» հատվածում, որտեղ գործելու են ադրբեջանական օրենքներ։ Իշխանությունների որոշման հետ որևէ մեկը չի պատրաստվում համակերպվել, փորձում ենք մենք մեր ուժերի ներածին չափով իշխանությունների վրա ունենալ համապատասխան ազդեցություն, որպեսզի այդ որոշումը բեկանվի, այդ նպատակը, որ պարտադրվում է Ադրբեջանի կողմից կարողանանք դիմակայել»,-եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։
Հայկա Ալոյան