Սա շատ գաղտնի, շատ խիստ, նեղ մարդկանց շրջանակում պայմանավորվածություն է. Մետաքսե Հակոբյանը՝ Աղավնոյի շուրջ իրադարձությունների մասին
Արցախ եւ մարզեր
Արցախի ճակատագրով մտահոգ գործիչները շարունակում են ահազանգել Բերձորի հայաթափման վտանգի մասին։ «Թշնամին արագացված տեմպերով ավարտում է Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային` Կոռնիձոր-Լիսագոր ճանապարհի շինարարությունը, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությամբ նախատեսված էր ավարտել 3 տարվա ընթացքում»,-օրեր առաջ Ֆեյսբուքի իր էջում գրել էր ԱԺԲ համահիմնադիր Ժիրայր Սեֆլիյանը։ Երեկ էլ ԱԺԲ-ն էր հանդես եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո այդ բնակավայրերի բնակչությունը կտեղահանվի բռնի կերպով կամ անխուսափելի բռնության սպառնալիքի ազդեցությամբ։ «Բերձորի հայաթափումը Արցախի հայաթափման նախերգանքն է»,-նշված է ԱԺԲ հայտարարությունում։
Այսօր էլ Ժողովուրդ օրարթերթն է անդրադաձել խնդրին։ «Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն և Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: 32 կմ երկարությամբ ճանապարհն, ըստ երևույթին, ռուս խաղաղապահները կհսկեն: Ճանապարհի գործարկումից հետո Հայաստանը կկորցնի Բերձոր քաղաքի, Աղավնո գյուղի և մի քանի այլ բնակավայրերի նկատմամբ վերահսկողությունը»,-գրել է թերթը։
ArmDaily.am-ի հետ զրույցում արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տարակուսելի է համարում խնդրի վերաբերյալ Արցախի իշխանության լռությունը։ «Ես չունեմ ստույգ ինֆորմացիա, ոչ ոք դրան չի պատասխանում ու միշտ խնդրում են, որ հանրային դեռևս չխոսենք Աղավնոյից, որովհետև իրականում անհասկանալի է իրենց ճակատագիրը։ Ի վերջո չհասկացանք, թե թղթով Բերձորն ու Աղավնոն հանձնել են, թե ոչ՝ ամեն դեպքում մարդկանց տեղահանել էին, այս խնդիրը կար։ Թե ո՞վ պիտի կրի պատասխանատվությունը՝ դա էլ հայտնի չի։Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ ամեն անցնող-դարձող, ես ինքս էլ, տեսնում ենք այդ ակտիվ շինարարաությունը, և հենց Նիկոլ Փաշինյանի հետ էլ է եղել այդ պայմանավորվածությունը։Երեք տարի ժամկետ էր դրված ճանապարհի կառուցման համար, բայց հետո Ալիևն արեց մի հայտարարություն, որ ինքը ամենաշատն է շահագրգռված, և անպայման մեկ տարվա ընթացքում իրենք սարքելու են և ավարտեն ճանապարհը»,-ասաց Հակոբյանը։
Արցախցի պատգամավորի խոսքով՝ ինքն անձամբ մի անգամ հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ չէր կարողանում մտնել Արցախ, որովհետև ադրբեջանցիները Բերձորով էին գնում դեպի Կովսական։ «Մենք պիտի սպասեինք, որ իրենք անցնեն։ Այնտեղ ինձ մեկը, չեմ ուզում անուններ տալ , ասաց՝ դե ոչինչ, մի քիչ դիմացեք, շուտով դուք էս ճանապարհով էլ չեք անցնելու։ Այսինքն՝ ես ինքս դրանից հետո, երբ փորձեցի որևէ ճշգրտում անել, որևէ մեկն ինձ չհստակեցրեց, բայց ես ինքս էլ հասկացա, որ այստեղ ինչ-որ պատմություն կա, որի մասին տեղյակ են երևի թե մեկ-երկու հոգի, և պայմանավորվածության հերթական շարքի մեջ տեղավորվող միտք է։ Պայմանավորվածություն ասելիս նկատի ունեմ Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածությունները։ Եթե հետևում եք՝ ադրբեջանական կողմն անընդհատ փաստում է, որ պիտի փակել այդ ճանապարհն ու դադարեցնել այդ ճանապարհով մեր կապը Հայաստանի Հանրապետության հետ»,-ասաց Հակոբյանը։
Պատգամավորը շեշտեց, որ իրենք անընդհատ փորձում են այս հարցի լուծումը գտնել, տեսնել կամ իրենք իրենց համար հասկանալ, թե ինչ կարելի է անել։ «Սրանից հասկանալի է դառնում, որ սա շատ գաղտնի ձևով, շատ խիստ , նեղ մարդկանց շրջանակում պայմանավորվածություն է»,-ասաց Հակոբյանը։