Խաչատուրովին որևէ կերպ չեն կարող հետ պահել իր նպատակներից. Միհրան Պողոսյան
Իրավական
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, մայիսի 18-ին ձերբակալելու որոշում է կայացվել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ոստիկաններից մեկը Իգոր Խաչատուրովի հարվածից կորցրել էր գիտակցությունը։ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը երեկ ահազանգել էր, որ վարույթն իրականացնող մարմնի ստեղծած տեխնիկական խոչընդոտների պատճառով չի կարողանում տեսակցել պաշտպանյալին։ Ըստ փաստաբանի՝ Խաչատուրովը հնարավորություն չունի ստանալ իրավաբանական օգնություն, դատական նիստին ընդառաջ չի կարողանում պատրաստել իր պաշտպանությունը, ինչի արդյունքում խախտվում են նաև ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված նրա իրավունքները։
ArmDaily.am-ի հետ զրույցում Միհրան Պողոսյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործուն միջամտության շնորհիվ հարցը լուծվել է, չնայած ստիպված են եղել մեկ ժամ սպասել։ «Իգոր Խաչատուրովն իրեն շատ լավ է զգում։ Վատ է զգում, որ երեկ և այսօր իրականացվող բողոքի ակցիաներին չի կարող մասնակցություն ունենալ, տրամադրությունը գցող միակ հանգամանքը դա է։ Մնացած առումներով Իգոր Խաչատուրովը շատ լավ պատկերացնում է, թե այս ամենն ինչի հետևանք է, թե կոնկրետ ում ցուցումն է։ Այդ առումով շատ հանգիստ է վերաբերվում այս ամենին, և այն գործընթացները, որոնք հակաօրինական իրավական շղարշով պատսպարված տեղի են ունենում, որևէ կերպ Իգոր Խաչատուրովին չեն կարող հետ պահել իր նպատակներից»,-ասաց Պողոսյանը։
Իգոր Խաչատուրովի պաշտպանը տեղեկացրեց, որ չի կարող ասել,թե երբ իր պաշտպանյալին բաց կթողնեն, քանի որ քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Դատական նիստը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 17.30-ին, Աջափնյակ նստավայրի դատարանում։ Միհրան Պողոսյանը նշեց,որ հնարավոր է նիստից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդե գա ճեպազրույցով։
Հայկա Ալոյան