Շատ դեպքերում ակնհայտորեն տեղի է ունենում հանցագործություն հենց ոստիկանության կողմից. Դավիթ Հարությունյան
Քաղաքական
«Իշխանությունների հայտարարություններն ու կարծիքը մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ, ավելին՝ առանձնապես չեմ հետևում, որովհետև,որպես կանոն, որևէ ողջամիտ միտք չեմ հանդիպել»։ ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իշխանության՝ ոստիկանների գործողությունները խրախուսող հայտարարություններին, ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Խոսելով ակցիաների մասնակիցների հանդեպ բռնի ուժ կիրառելու և անհամաչափ գործողությունների մասին՝ Հարությունյանը նշեց, որ ոստիկանությունը կոպտորեն խախտում է ՀՀ օրենքները, միջազգային կոնվենցիաներում ամրագրված դրույթները, ինչպես նաև միջազգային պրակտիկայում արմատացած մոտեցումները ։ «Գոյություն ունի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի ուղեցույց, որը վերաբերում է հավաքների ազատությանը, որտեղ մանրամասն նկարագրվում է՝ ինչ է նշանակում քաղաքացիական անհնազանդություն, որտեղ նշվում է, որ քաղաքացիական անհնազանդությունը ենթադրում է, որ քաղաքացիները գիտակցաբար խախտում են օրենքի պահանջները և նկարագրվում է, թե ինչ քայլեր պետք է անի ոստիկանությունը, ինչքանով նրա գործողությունները պետք է լինեն համաչափ։
Ակնհայտորեն այդ ամենը խախտվում է և խախտվում է կոպտորեն, այնպես որ այստեղ խոսել կամ որևէ բան մեկնաբանել՝ իմաստ չունի։ Ակնհայտ է, որ շատ դեպքերում տեղի է ունենում ակնհայտորեն հանցագործություն հենց ոստիկանության կողմից, հանցագործություններ, որոնք նախատեսված են մեր քրեական օրենսգրքով։ Օրինակ, մեր քրեական օրենսգիրքը ունի հոդված, որը վերաբերում է անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ դա 119 հոդվածն է։ Մենք ունենք հոդվածներ, որոնք վերաբերում են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելուն։ Ընդ որում՝ այդ թվում թերի վնաս պատճառելուն՝ դա 117 հոդվածն է, ունենք միջին ծանրության վնասի դեպքեր, ունենք ծանր վնասի դեպքեր։Ունենք նաև հոդվածներ, որոնք վերաբերում են խոշտանգմանը, երբ պաշտոնատար անձը կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձի դրդմամբ, կարգադրությամբ, կամ գիտությամբ, որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ է պատճառվում և պատճառվում է, օրինակի համար, որպես սառը ցնցուղ ուրիշներին վախեցնելու համար»,-ասաց Հարությունյանը։
Արդարադատության նախկին նախարարի գնահատամամբ՝ այդ ամենը պատշաճ հիմքերի վրա դրված չէ, ինչը ցավալի է։ Ըստ Հարությունյանի՝ փաստացի վերածվել ենք մի երկրի, որի իշխանությունը հայտարարում է ժողովրդավարական արժեքների մասին և ակնհայտորեն ու կոպտորեն խախտում է այդ արժեքները։ Մեր հարցին, թե արդյոք այսպես ոստիկանության ինստիտուտի հիմքերը չե՞ն խարխլվում, Հարությունյանն ասաց.«Մենք կարող ենք ասել, որ խարխլվում են հիմքերը, բայց ամենակարևորը հետևյալն է՝ դու չես կարող երկրում օրինականություն հաստատել, երբ ոստիկանությունդ զբաղվում է ակնհայտ ապօրինությամբ։ Ցավով պետք է նաև արձանագրեմ՝ մասնակցելով այս քաղաքական գործընթացներին, ականատես եմ եղել, թե ինչպես են ոստիկանները սադրում և հրահրում կոնֆլիկտներ։ Ժամանակին յուրաքանչյուր թաղում կային խուլիգաններ, որոնք հաջողացնում էին անցնող մարդուն հունից հանել։ Այն աստիճան, որ մարդը ստիպված պետք է արդեն արձագանքի։ Ցավոք սրտի այսօր նման պահվածք է ցուցաբերում ոստիկանությունը»,-ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ ցավով է այդ փաստն արձանագրում և չէր ցանկանա ոստիկանությանը տեսնել քաղաքական պրոցեսներին ներգրավված։