Այն տպավորությունն էր, որ խնդիր է դրված կայծակնային արագությամբ կալանավորել և այդ հարցը փակել. Արմեն Գրիգորյանի պաշտպան
Իրավական
Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում ներկայացրել է, թե ինչ հիմքով է ձերբակալվել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Հաղորդագրության համաձայն` Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով` ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` Արմեն Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
ArmDaily.am-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այս գործում ակնհայտ խտրականություն է դրսևորվում։
«Խտրականությունը դրսևորվում է նրանով, որ այսքան ժամանակ հայ ազգի մի քանի հատվածների նկատմամբ, հատկապես արցախցիների նկատմամբ, անընդհատ թշնամանքի խոսքեր են հնչում, անընդհատ թշնամանք էր հրահրվում։ Այդ ձևակերպումներից որևէ մեկը որևէ իրավական գնահատականի չարժանացավ՝ այն պատճառով, որ դա իրականացվում էր ուղիղ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից։ Վերջին ամենաթարմ օրինակը՝ Ռուստամ Ավագյան անունով ինչ-որ անհասկանալի մարդ, ով Նիկոլ Փաշինյանի հայտնի կողմնակիցներից է, արցախցիներին մաղթում էր, որ անընդհատ նրանք բայրաքթարներ ուտեն, Սևանում խեղդվեն և այլն»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ ԱԺ ամբիոնից նույնպես նմանատիպ հայտարարություններ հնչել են։
Նա նշում է, որ վերընշված դեպքերից որևէ մեկը իրավական գնահատականի չի արժանացել։
«Արմեն Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում՝ հերիք չի, նրա արժանապատվությունը նվաստացնելու եղանակով բերման են ենթարկում, դա նկարում են, տեղադրում են համացանցում՝ որպես պաշտոնական հաղորդագրություն տարածում։ Դա ուղղակի խայտառակություն է, իսկ իրավաբանորեն՝ 3-րդ հոդվածի խախտում։ Հետաքրքիրն այն է, որ մեղադրական եզրակացությունը սկսվում է հետևյալ բառերով՝ Արմեն Գրիգորյանը անտեսելով Սահմանադրության 3-րդ հոդվածով նախատեսված մարդու արժանապատվությունը և այլն, և այլն, իսկ իրենք նույն բանն են անում մի բան էլ ավել, որովհետև իրենց վերահսկողության տակ գտնվող մարդուն նվաստացնում են»,- ասաց Մելիքյանը։ Նա հայտնեց, որ օրեր առաջ Արմեն Գրիգորյանին հրավիրել են ԱԱԾ, և նա գնացել, բացատրություն է տվել՝ առանց խոչընդոտելու կամ անհարգալից վերաբերմունք դրսևորելու։
Այս պահի դրությամբ միայն երկու հոգու նկատմամբ է, որ վերընշված հոդվածով իրականացվում է հետապնդում։ Մեկը Արմեն Գրիգորյանն է, իսկ մյուսը՝ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը, ով, Մելիքյանի բնորոշմամբ, հայտնի սորոսական գործիչ է։
«Այդ անձնավորության նկատմամբ նույն հոդվածով հարուցված է քրեական հետապնդում և նա ո՛չ ձերբակալվել է, ո՛չ կալանավորվել է, ո՛չ արժանապատվությունը նվաստացման է ենթարկվել, ավելին՝ այս ընթացքում, որքանով հիշում եմ, արտասահմանում ինչ-որ միջոցառումների է նա մասնակցել։ Սա խտրականության երկրորդ հարթությունն է»,- ասաց պաշտանը։
Ռուբեն Մելիքյանը նաև ուշադրություն է հրավիրում քննչական մարմնի շտապողականության վրա։ Երեկ մի քանի ժամերի ընթացքում արդեն քննչական գործողությունները տեղի են ունենցել և դատական նիստ է հրավիրվել։
«Երեկ երեկոյան ժամը 6։00-ին ես զանգ ստացա, ինձ տեղեկացրին, որ Արմեն Գրիգորյանը ցանկանում է, որ ես ներգրավվեմ որպես իր պաշտպան։ 7։30 տեղի է ունեցել ներգրավվումը, 9։00-ին մյուս պաշտպանը՝ Արմեն Մաշինյանը, դուրս է գալիս ԱԱԾ-ի շենքից, մինչև իրար հանդիպում ենք, որ գործը քննարկենք, դատարանը զանգում է և ասում են՝ հենց հիմա, երբ հասնեք, նիստը կլինի։ Այսինքն՝ կարծում եմ դա ոչ միայն և ոչ այնքան դատարանից է գալիս, այլ հնարավոր է քննչական մարմնից է գալիս, որովհետև բացարձակապես անհասկանալի էր, թե այս շտապողականությունը ինչի համար էր»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Երբ պաշտպանները միջնորդել են հետաձգել դատական նիստը, քննաչական մարմնի ներկայացուցիչները առարկել են, բայց այնուամենայնիվ, դատարանը բավարարել է միջնորդությունը։
«Ինձ մոտ այն տպավորությունն էր, որ խնդիր էր դրված կայծակնային արագությամբ կալանավորել և այդ հարցը փակել։ Հույս ունեմ՝ այս հետաձգումը իր դերը կունենա, մարդիկ ավելի խորացված կդիտարկեն փաստարկները, և մենք կունենանք դատարանի արդարացի որոշում»,- ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ այս գործով շատ ասելիք կա, սակայն դատական նիստից հետո միայն հայտարարություններ կանեն։