Իշխանությունն ընդդիմությանը մանդատից զրկելու պրոցե՞ս է սկսում. ի՞նչ է ասում օրենքը
Քաղաքական
MediaNews.am կայքը երեկ տեղեկություն տարածեց, որ փողոցում բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմադիր պատգամավորներն արդեն գերազանցել են մեկ նստաշրջանի ընթացքում թույլատրելի բացակայությունների թիվը, և իշխող ուժը նախաձեռնում է ԱԺ նիստերից անհարգելի բացակայությունների համար ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու պրոցես։
Այսօր արդեն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ եթե որևէ հիմնարկի որևէ աշխատակից առանց հիմնավոր պատճառի, առանց հայտարարելու, թե ի՞նչ է տեղի ունենում, բացակայի, այդ անձն անմիջապես պատասխանատվության կենթարկվի:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Factor.am-ին ասել է, որ նստաշրջանի ավարտից հետո միայն կարող է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը դնել խորհրդի նիստի քննարկմանը։
Հարկ է նշել, որ Ազգային ժողովի պատգամավորների բացակայության հետ կապված հարցերը կարգավորում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածը, որի համաձայն, եթե յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից պատգամավորն անհարգելի բացակայում է, ապա նրա լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի խորհուրդը դիմում է Սահմանադրական դատարան: ՍԴ կարող են դիմել նաև պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը սահմանում է նաև, թե որ դեպքերում է պատգամավորի բացակայությունը համարվում հարգելի։ Այդ կետերը 7-ն են ու բխում են պատգամավորական գործունեությունից, և քաղաքական ակցիաներին ու հանրահավաքներին մասնակցությունն այդ կետերի մեջ չի մտնում:
ArmDaily.am-ի հետ զրույցում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, անդրադառնալով իշխող ուժի այս նախաձեռնությանն ասաց, որ հստակ է՝ այդ մանդատներն իրենց տվել են ՀՀ մոտ 300 հազար քաղաքացիները։
«ՔՊ-ն չէ, որ պետք է որոշի, այդ մանդատները վերցնի՞, թե՞ չվերցնի, բայց ես ուզում եմ ընդգծել, որ դա այսօրվա ամենակարևոր ու ամենաառանցքային հարցը չէ, քանի որ իշխանությունների համար ամենակարևորը իրենց իշխանությունն է, իրենց մանդատն ու իրենց աթոռն է։ Կարծում են, թե այդկերպ փորձելու են վախեցնել ընդդիմությանը և կասեցնել «Դիմադրության» շարժումն ու այն պայքարը, որը ծավալվում է այս օրերին Երևանի փողոցներում և ոչ միայն։ Թող շատ չանհանգստանան ընդդիմադիրների մանդատների համար, ավելի լավ է մտահոգվեն իրենց վաղվա օրվա համար, թե ինչպես են պատկերացնում իրենց վաղվա օրը՝ շարունակելով մնալ այն մարդու կողքին, այն քաղաքական ղեկավարի ենթակայության ներքո, ով բազմիցս ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել պատերազմի մասով, պատերազմը վաղաժամ կանգնեցնելու կամ առհասարակ թույլ չտալու մասով։ Բայց հիմա էլ շարունակում է իրեն հանցակից դարձնել իր ՔՊ-ական պատգամավորներին»,- ասաց Խամոյանը։
Նշենք, որ Parliamentmonitoring.am-ին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցել են Ազգային ժողովի 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի նիստերի քվեարկություններին պատգամավորների մասնակցության ցանկը: Մայիսի 11-ր դրությամբ, ըստ աղբյուրի, տեղի է ունեցել 193 քվեարկություն և գրանցում:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության 9 պատգամավոր և «Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանն ունեն 98-ից մինչև 153 բացակայություն, որոնց մեծ մասի միայն մեկ բացակայությունն է հարգելի: Օրինակ՝ Արմեն Չարչյանն ունի 153 բացակայություն, բայց նրա բացակայություններից 34-ը հարգելի են, Իշխան Սաղաթելյանն ունի 101 բացակայություն, որից միայն մեկն է հարգելի, Գեղամ Մանուկյանն ունի 129 բացակայություն, որից դարձյալ մեկն է հարգելի: Այս ցանկի մեջ մտնում են նաև Վահե Հակոբյանը՝ 98 բացակայություն (1 հարգելի), Լիլիթ Գալստյանը՝ 99 բացակայություն (1 հարգելի), Արմեն Ռուստամյանը՝ 102 բացակայություն (1 հարգելի), Արթուր Ղազինյանը՝ 99 բացակայություն (1 հարգելի), Անդրանիկ Թևանյանը՝ 105 բացակայություն, Ասպրամ Կրպեյանը՝ 103 բացակայություն (1 հարգելի) և Արթուր Վանեցյանը՝ 115 բացակայություն, որոնցից ոչ մեկը հարգելի չի եղել: