Ինչ ունեցվածք ունի Արթուր Վանեցյանը
Exclusive
ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ունեցվածքը։
Ով է Արթուր Վանեցյանը
Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:
1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ: 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան: 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: Իրավաբան: Գեներալ-մայոր:
2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ.՝ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ: 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ: 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով (2015թ.):
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Ունեցվածքը
Արթուր Վանեցյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ին։
Նա որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը գնել է 2014 թվականին, RANGE ROVER մեքենա 2020 թվականի թողարկման, որը Վանեցյանը նշել է Հայտարարատուի կողմից հաշվետու ժամանակաշրջանում 90 օրից փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոցը կամ հայատարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռքբերված, երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոցը, կամ տրանսպորտի միջոցը, որից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն բաժնում։
Հայտարարագիրը ներկայացնելու պահին Արթուր Վանեցյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 11.91 ԱՄՆ դոլար և 7,022,000 ՀՀ դրամ։ Նա նաև հայտարարգրել է 10,000,000 ՀՀ դրամ և 25,000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։
Հայտարարագրից նաև տեղեկանում ենք , որ Վանեցյանը ունի 2 վարկ, որոնցից մեկի մայր գումարի մնացորդը ունեցվածքը հայտարարգրելու պահին եղել 31,588 ԱՄՆ դոլար, իսկ երկրորդը՝ 7,325 ԱՄՆ դոլար։
Վանեցյանը ԱԱԾ-ից ստացել է 2,221,240 ՀՀ դրամ թոշակ։
Որևէ այլ բան նա չի հայտարարագրել։