Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել սիրիական 2 նահանգների ցամաքային թիրախներին
Միջազգային խճանկար
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Միջերկրական ծովից հրթիռային հարվածներ են հասցրել սիրիական Թարթուս և Համա նահանգների ցամաքային թիրախներին: Սիրիայի պետական SANA գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է չորս զինվորական և մեկ քաղաքացիական անձ, ևս յոթ մարդ վիրավորվել է։
«Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը և խոցել հրթիռների մեծ մասը», – ասվում է սիրիական ռազմական աղբյուրի հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը։
Դուբայից հեռարձակվող Al-Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել սիրիական բանակի կողմից կռվող իրանամետ շիա կազմավորումների զենքի պահեստներին և ռազմական դիրքերին։ Շիա մարտիկների շարքերում կորուստների մասին տեղեկություններ չկան։
Ականատեսները հեռուստաալիքին պատմել են Թարթուս նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին, որտեղ օրերս իրանական զենքի բեռ է առաքվել։ Պայթյուններ են լսվել նաև Լաթաքիայի հարավում գտնվող Բանիյաս և Ջեբլա նավահանգիստների շրջակայքում: Թարթուս և Համա նահանգների վրա հարձակումը դարձել է տարեսկզբից իսրայելական 12-րդ գործողությունը Սիրիայի դեմ: