Այն վերգետնյա կառամատույց է լինելու, ոչ թե ստորգետնյա կայարան. Կարեն Չիլինգարյանը՝ «Փեթակ»-ի հարևանությամբ մետրոյի կայարանի մասին
Տնտեսություն
Օրեր առաջ Նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ պաշտոնյաների հետ ու քննարկել մետրոյի նոր կայարանների և էլեկտրական ավտոբուսների ներմուծման ֆինանսավորման հարցերը։ Նա նշել է մետրոյի ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցման մասին «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը, ով աշխատաել է մետրոպոլիտենի կառուցման բնագավառում ավելի քան 15 տարի, նշեց, որ կայարանը շատ հնչեղ է այն կառույցի համար, որը պատրաստվում են իրականացնել։
«Այն վերգետնյա կառամատույց է լինելու, ոչ թե ստորգետնյա կայարան։ Ծախսերը համեմատած քիչ են, այնուամենայնիվ ստորգետնյա թունելներ փորելու աշխատանքներ չեն լինելու։ Հարցը նրանում է, որ առհասարակ քաղաքակիրթ աշխարհում նման տոնավաճառները քաղաքից դուրս են տեղակայված, ոչ թե քաղաքի ներսում։ Ճիշտը այդ տոնավաճառները դուրս հանելն է։ Փոխանակ դա անեն, վերցնում են հավելյալ ծախսատար համակարգ են առաջ քաշում»,- ասաց Չիլինգարյանը։
Մյուս կողմից, Չիլինգարյանը նշում է, որ նոր կառամատույցի կառուցումը կթեթևացնի որոշ երթուցիների ծանրաբեռնվածությունը։
Վերջերս նաև «Աջափնյակ» կայարան կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթողի մասին հայտնի դարձավ։ Ամդրադառնալով այս կայարանի կառուցման աշխատանքին և ժամկետներին՝ Չիլինգարյանը նշեց, որ ստույգ տվյալներ չկան, թե ինչպես և ինչ տեսքով են նախագծում կառուցել կայարանը, այդուհանդերձ՝ վերջնական շահագործման համար առնվազն 2-3 տարի կպահանջվի։
«Խորհրդային տարիներին այդտեղ կառուցվում էր ստորգետնյա կայարան։ Ես այն ժամանակ աշխատում էի այդ տարածքում։ Որոշ մասը կայարանի համար արվել է, բայց նույն կայարանը չէ, մնացած ենթակառուցվածքները պետք է կառուցվեն, դա էլ մեծ ծախսերի հետ են կապված»,- ասաց Չիլինգարյանը։