Թալինում նոր ընտրություններ կլինեն, Վանձորը համայնքապետի ժ/պ ունի. Մայիսի 13-ն՝ ամփոփ
Օրվա լուրերը՝ ամփոփ«Դիմադրություն» շարժման այսօրվա երթը մեկնարկեց։ Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ կանցնեն պետական կառույցների կողքով։ Քայլերթի վերջում ակցիայի մասնակիցները կրկին Ֆրանսիայի հրապարակ կվերադառնան և կհայտնեն վաղվա անելիքների մասին։
Ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նրա 2 համածառայակիցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են շարքային Եղյանի մահվան դեպքի հանգամանքները:
Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների դեպքով ձերբակալված Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանին (հայտնի է որպես գեներալ Օգանովսկի) մեղադրանք է առաջադրվել։ Հաշվի առնելով պարզված հանգամանքները` ականատեսների ցուցմունքները, քրեական դատավարության մասնակիցների վրա ազդելու ցածր հնարավորությունը քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկրից չհեռանալու ստորագրությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՊՀ նախարարների խորհրդի նիստում դրական է գնահատել Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ երկկողմ ու եռակողմ հանդիպումները։ Միրզոյանը հույս է հայտնել, որ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումները տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հերթական քայլը կդառնան։
Կառավարություն այսօր որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Մեկ այլ համայնքում էլ՝ Վանաձորում, Արկադի Փելեշյանը նշանակվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար: