Ամուսնության տարիքը կարելի է բարձրացնել, իսկ ամուսնալուծության գործընթացը՝ դժվարացնել. Ա. Եզեկյան
ՀարցազրույցՈւժեղ պետության կառուցումը սկսվում է ամուր ընտանիքի կառուցումից։ Մայիսի 15-ին Ընտանիքի միջազգային օրն է։ ADTV տաղավարում Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանը անդրադարձել է ամուսնաընտանեկան հարաբերություններին, ինչպես նաեւ առաջարկել օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն ամուր ընտանիքներ ունենալուն։
Այսպես, Արմեն Եզեկյանը առաջարկում է ամուսնության համար սահմանված տարիքային շեմը բարձրացնել՝ դարձնելով 20, քանի որ 100 ամուսնությունից մոտավորապես 1-2 ն են գրանցվում վաղ տարիքում, իսկ վաղ տարիքում գրանցված ամուսնությունները հիմնականում ոչ կայուն են։
Երկրորդ առաջարկը եւս ուղղված է ամուր ընտանիքներ ունենալուն, մասնավորապես՝ պետական մակարդակով աջակցություն լինի 10 եւ ավելի տարի ամուսնացած զույգերին։ Ինչպես նաեւ, նրա խոսքով, պետք է ընդլայնել պետական աջակցությունը ամուսնացող զույգերին, մասնավորապես՝ կացարանի տրամադրում, ինչպես նաեւ տարբեր ծրագրերով խրախուսել շատ երեխաներ ունենալը։
Մյուս առաջարկը վերաբերում է եկեղեցու կողմից տրված ամուսնական վկայականի՝ ՔԿԱԳ-ի կողմից տրված վկայականին հավասար ճանաչելուն եւ իրավական ուժ տալուն։
Հաղորդման ժամանակ անդրադարձանք նաեւ ամուսնության, ամուսնալուծության կարգին, ալիեմենտի խնդրին, գույքը բաժանելու, երեխաների կացավայրը որոշելու հարցերին։
Ամենաքննարկվող հարցը թերեւս վերաբերում է ամուսնալուծության դատական կարգին, իրավագիտության ամբիոնի վարիչը առաջարկում է երկարացնել ամուսնալուծության գործընթացը, հաշտության համար ջանքեր գործադրել եւ ժամանակ տրամադրել։
Ինչպե՞ս է լուծվում բնակարանի եւ երեխաների կացության հարցը ամուսնալուծության ժամանակ։ Ամուսնության գրանցման պահից ձեռք բերված գույքը համատեղ սեփականություն է, անկախ նրանից՝ սեփականության վկայակում կա նշում, թե ոչ, բացառություն է անձնական, աշխատանքային գործունեության հետ կապված առարկաները, ստացած նվիրատվությունը, ժառանգությունը։ Իսկ մինչեւ ամուսնությունը ունեցած գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքը պաշտպանված է, ամուսնալուծության դեպքում ամուսինը չի կարող հավակնել իրավունքներ ունենալ այդ գույքի նկատմամբ, միեւնույն ժամանակ՝ օրենսդրորեն պարտադիր պահանջ չկա ամուսնալուծության դեպքում բնակարանով ապահովելու։
Խնդրահարույց հարցերից մեկը վերաբերում է ալիեմենտային պարտավորություններից խուսափելուն, օրինակ երբ անձը իր անունով գույք չունի և գրանցված աշխատակից չէ, ըստ էության՝ բռնագանձում չի կարող արվել։
Ինչ վերաբերում է ծնողական իրավունքից զրկվելուն, իրավաբանական գիտությունների թեկնածուն նշեց, որ թյուր պատկերացում կա, որ այդ իրավունքից զրկվում են առհասարակ, ծնողական իրավունքից զրկվում են կոնկրետ երեխայի նկատմամբ։ Նման որոշում կարող է կայացնել դատարանը որոշակի հիմքերի առկայության դեպքում շահագրգիռ անձի դիմումի հիման վրա։
Հաղորդման ժամանակ անդրադարձանք նաեւ ամուսնական պայմանագրերին, որոնք կարող են կնքվել ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում։ Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման: «Ավելի լավ է մարդիկ կարողանան իրենց փոխհարաբերությունները կարգավորել անձնապես, քան դիմեն Ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնական պայմանագրերին»,-նշեց Ա. Եզեկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։