Հետիոտնից տեսուչը պահանջել է կանգնել. պաշտպանը մանրամասներ է հայտնում վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքից
Իրավական
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան՝ հղի կնոջը վրաերթի ենթարկած վարորդը դարձյալ ձերբակալվել է։ Վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին՝ ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վարորդը դարձյալ ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։
ArmDaily.am-ի հետ զրույցում Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանն ասաց, որ իր պաշտպանյալի ձերբակալումն իրականացվել է Երևան քաղաքի դատախազի գրավոր ցուցումի հիման վրա, որի հետ Բալոյանը համաձայն չէ։
«Այստեղ փախուստ չկա և վարորդն այդ վրաերթի մեջ, կարծում եմ, մեղավոր չէ։ Սա մեր դիրքորոշումն է և վերջնական է։ Ի՞նչ փախուստի մասին է խոսքը։ Ի վերջո, պետք է ասեմ, որ բոլորը փորձում են նույնականացնել երկրի ղեկավարին ուղեկցող դասակի հրամանատարին ինչ-որ հասարակական տրանսպորտի վարորդի հետ։ Չի կարելի նույնականացնել և քաղաքականացվել։ Այստեղ կատարվում է անհասկանալի արագացված քննություն։ Նման քննություն ես երբևէ չեմ տեսել իմ ողջ պրակտիկայում՝ 35 տարվա մեջ։ Ով է կանգնած սրա ետևում և ինչ նպատակով է այսպիսի արագացված քննություն կատարում»,- հարցադրում արեց փաստաբանը։
Բալոյանի կարծիքով՝ գործը պատրաստվում են ուղարկել դատարան։
«Արամ Նավասարդյանը վրաերթը կատարելուց հետո մոտ 100 մետր անցել է, ազատ տեղ է գտել, կանգնել է, որպեսզի իր ետևից եկող շարասյունն անցնի։ Ինքը կարող էր այդ շարասյան համար խոչընդոտ հանդիսանալ և կարող էր անկանխատեսելի հետևանքներ առաջանային։ Հետիոտնը պարտավոր էր ղեկավարվել խաչմերուկը կարգավորող տեսուչի ազդանշաններով։ Հետիոտնին ճանապարհի կենտրոնական հատվածում տեսուչը ուղղակի պահանջել է կանգնի, տեսանյութերում այդ դրվագը շատ պարզ երևում է։ Ի պատասխան դրա՝ հետիոտնն աջ ձեռքը պարզում է վեր դեպի խաչմերուկը կարգավորող տեսուչը և ինչ-որ բաներ ասելով ճանապարհը անցնում է։ Հետո վարորդը գնացել՝ հիվանդանոցի դիմաց կանգնել է, խոսել է բաժնի վարիչի հետ, շտապօգնությունը բերել է այդ աղջկան, վարորդը խնդրել է՝ ինչ հնարավոր օգնություն կա՝ ցուցաբերվի, որպեսզի այդ աղջկա կյանքը փրկի»,- պատմեց Բալոյանը։
Նա նշում է, որ իր պատմածն ապացուցված է և ոչ ոք չի կարող դա վիճարկել։
«Քանի որ խաչմերուկ կարգավորող տեսուչի նկատմամաբ որոշակի ոտնձգություններ են եղել, որն ապացուցող տեսանյութ ենք դատարանին տրամադրելու։ Դեպքի վայրում նաև ոստիկանության հասցեին ոչ կոռեկտ հայտարարություններ են հնչել և փնտրել են վարորդին։ Նախ՝ ցանկալի չէր, որպեսզի վրաերթ կատարող ոստիկանության մեքենան վերադառնար դեպքի վայր։ Բողոքի ակցիայի մասնակիցները, համոզված ենք, ինչ-որ մի բան կանեին տեղում՝ ընդհուպ մեքենան շրջեին, որովհետև այս հեղափոխական որոշակի անձանց դա պետք է։ Այս քննությունը ուղղորդվում է որոշ անձանց կողմից և փորձ է կատարվում ինչ-որ քաղաքական նպատակներով օգտագործել։ Ես այլ բան չեմ տեսնում այստեղ»,- ասաց Բալոյանը՝ նշելով, որ խոսքն ընդդիմադիր գործիչների մասին է։
Պաշտպանը նաև անընդունլի է համարում այս վրաերթը քաղաքական նպատակներով շահարկելը։
Խոսելով առաջադրված մեղադրանքից՝ Ռուբեն Բալոյանը նշեց, որ Երևան քաղաքի դատախազի գրավոր ցուոցումով է մեղադրանք առաջադրվել նաև 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։
«Մենք այս մեղադրանքի հետ կատեգորիկ համաձայն չենք։ Դատախազն օգտվել է իր լիազորություններից։ Այստեղ փախուստ չկա, մենք դա կապացուցենք։ Այդ հոդվածը հակասահմանադրական է։ Ինչ վերաբերում է 242-րդ հոդվածին՝ այստեղ Արամ նավասարդյանի մեղքը շատ վիճելի է։ Եթե այդ աղջիկը հետքայլ չկատարեր, ընդ որում՝ շատ արագ 3 հետքայլ, այս դեպքը տեղի չէր ունենա։ Մենք մոռանում ենք նաև, որ կա հետիոտներին ուղղված ուղիղ պահանջ, իսկ հետիոտնը չի ենթարկվում պահանջին, ձեռքը պարզելով վեր շարունակում է հատել ճանապարհը։ Մենք այս ցուցմունքները ունենք»,- ասաց պաշտպանը։