Ո՞վ կարող է հեռացնել այս իշխանությանը. Այսքան ընդդիմադիրներ նույն թիմից եւ այլընտրանքի փնտրտուք
Խմբագրական
Ազատության հրապարակում տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ, շարքային քաղաքացիներ շարունակում են իրենց պայքարը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, Արցախը փրկելու ու Հայաստանն այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ։
Հրապարակում ամեն օր նոր դեմքեր են հայտնվում, նոր մարդիկ են միանում եւ աջակցություն հայտնում հավաքվածներին։
Այս իրադարձություններին հետեւելով՝ կարելի է վստահորեն մեկ արձանագրում անել՝ Փաշինյանի իշխանության դեմ պայքարում են մարդիկ, ովքեր եղել են այդ իշխանության մաս, տարատեսակ պաշտոններ են զբաղեցրել, իսկ այժմ ընդդիմություն են կամ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից։
Եւ առհասարակ, Հայաստանի որեւէ իշխանության օրոք չենք կարող հիշել այնքան շատ գործիչներ, որոնք որոշ ժամանակ եղել են իշխանության մաս, ապա սկսել պայքարել այդ իշխանության դեմ։ Իհարկե, նախկին իշխանությունների դեպքում եւս ամեն ինչ հաշտ, խաղաղ չի եղել, վերին եւ միջին էշելոններում դժգոհություններ, անհամաձայնություններ միշտ էլ եղել, բայց այս կամ այն քաղաքական թիմի հետ ճանապարհ գնացած եւ այժմ նրա դեմ պայքարող գործիչներ շատ չենք հիշի։
Հիմա երեկ Ազատության հրապարակում հավաքվածների մեծ մասը այս իշխանության հետ ճանապարհ է անցել, պաշտոն զբաղեցրել, իսկ այժմ մեղադրում է, ընդդիմանում...ահավասիկ խնդրեմ ուժային կառույցներից՝ Արթուր Վանեցյան, Հունան Պողոսյան, Միքայել Համբարձումյան, Վալերի Օսիպյան, Դավիթ Սանասարյան, պաշտպանության եւ անվտանգության ոլորտից՝ Դավիթ Տոնոյան, Մովսես Հակոբյան. Օնիկ Գասպարյան, Արա Այվազյան, օրենսդիրից՝ Սոֆյա Հովսեփյան, Արսեն Ջուլֆալակյան, Թագուհի Թովմասյան, Տաթեւիկ Հայրապետյան, Գայանե Աբրահամյան, Գոռ Գեւորգյան, Աննա Գրիգորյան, գործադիրից՝ Դավիթ Անանյան, Մանե Թանդիլյան, Մեսրոպ Առաքելյան...եւ այս շարքը շարունակելի է։
Այս մարդիկ այս կամ այն փուլում եղել են այս իշխանության մաս, զբաղեցրել պաշտոններ, նրանցից ոմանք այսօր ակտիվ պայքարի մեջ են՝ հանդես գալով ընդդիմադիր դիրքերից, ոմանք գերադասում են էպիզոդիկ քննադատություններ հնչեցնել, ոմանք դիրքավորվել են կառուցողական ընդդիմության քողի տակ...բայց փաստն այն է, որ չկա որեւէ այլ իշխանություն, որը այսքան ընդդիմադիրներ կունենա իր ներսից, որքան այս իշխանությունը....։
Սա, ի դեպ, բավականին բազմաշերտ իրողություն է։ Իհարկե, ոմանք կպնդեն, թե սա ներքին ժողովրդավարության արդյունք է, մարդիկ ազատորեն կարող են դուրս գալ եւ պայքարել իրենց նախկին քաղաքական թիմի, գործընկերների դեմ։ Բայց ժողովրդավարության մասին բոլոր պատկերացումները հայկական միջավայրում վաղուց խեղաթյուրված են։ Գոյության իրավունք ունի նաեւ երկրորդ վարկած, որ այս քաղաքական թիմն այնքան անկազմակերպ է, որ անգամ սեփական թիմակիցների հետ չեն կարողանում գլուխ դնել, ուր մնաց ակնկալիքներ ունենանք միջազգային բանակցություններից, արտաքին քաղաքականությունից։ Կամ եթե առաջնորդը, թիմը, նրա գաղափարները, գործունեությունը խնդրահարույց է անգամ ներսում գտնվողների համար, ապա մենք՝ դրսում գտնվողներս ինչպես վստահենք եւ հավատանք։
Եւ, իհարկե, երրորդ խնդիրը, ՀՀ շարքային քաղաքացին ինչպես քնում, արթնանում է մշտապես տեսնում է նույն դեմքերին, եւ առնվազն վստահության, անկեղծության, հավատի խնդիր կա։ Ինչքան էլ մենք ընդունենք , որ կյանքը շարժում, զարգացում է ապրում, մարդիկ, նրանց հայացքները կարող են փոխվել, ամեն դեպքում՝ ներքին պատնեշ կա մինչեւ վերջ չվստահելու մարդկանց, ովքեր իրենց հայտարարություններով եւ գործողություններով հակասում էին այսօրվա հայտարարություններին եւ գործողություններին։
Գլոբալ առումով այսքան ընդդիմադիրներ նույն թիմից կարող է նշանակել նաեւ, որ այս թիմի հեռացումը կարող է լինել ներսից՝ թիմակիցների ձեռքով՝ որպես թիմի կանոնները եւ թիմի խաղացողներին լավագույնս տեղյակ անձինք, եթե, իհարկե, արտաքին ուժերի գործադրմամբ փոփոխություններ չլինեն կամ ներքին գործող մանրումիջին ուժերը գերբնական հնարքներով չավելացնեն իրենց վստահության ռեսուրսը։
Իշխանությունն իր անելիքն արել է, սրանից ավելի մեծ արհավիրքներ անգամ չէր կարելի կանխատեսել, բայց կարծես թե այս ամենն անգամ բավարար չէ ժողովրդին ընդդիմանալու, դիմադրություն սկսելու համար...ոչ թե որովհետեւ բոլորի համար այսօրվա իրականությունը ընդունելի է, այլ որովհետեւ հավատի, հույսի դեֆիցիտ կա, փոխարենը՝ անվստահության, հիասթափության ավելցուկ եւ այլընտրանքի փնտրտուք։