Որն է գազամատակարարման վերականգնման գինը. Ամենավտանգավորը մարդկանց զրկանքների գնով զիջումների գնալու հանրային պահանջ ձեւավորելն է
Խմբագրական
Արցախը նորից զրկված է գազից, գարնանային ցրտաշունչ եղանակի ֆոնին արցախցիները հումանիտար աղետի առաջ են կանգնած։ Էլեկտրաէներգիան պետք է խնայողաբար օգտագործել՝անջատումներից եւ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար, իսկ այստեղ օգնության են գալիս փայտե վառարանները, որոնք լայնորեն կիրառության մեջ էին տասնյակ տարիներ առաջ։
Իհարկե, այսօր էլ շատ համայնքներում, ընտանիքներում, որտեղ գազամատակարարում չկա, ջեռուցումը հին ավանդական եղանակով է կազմակերպվում։
Եւ այսօր, երբ հուզիչ կադրեր են հրապարակվում՝ ինչպես են երեխային լողացնում փայտե վառարանի մոտ, ինչպես են գազի բալոններ բաժանում, ինչպես են դատարկվում հացի դարակները եւ այլն, ոմանք ըմբոստանում են, թե «Հայաստանի շատ գյուղերում էլ այսօր գազ չկա կամ ինչպես էին ապրում մարդիկ առանց գազի»։
Երեկ էլ «Իմ քայլի» կարկառուն պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է հայտարարել, որ պետք է սովորենք գազատարը փակ վիճակում ապրել։ Թերեւս պետք է ԱԺ պատգամավորին ուղարկել Արցախ, որ օրինակ ծառայի բոլորիս, ապրի գազատարը փակ վիճակում առանց տրտնջալու եւ բողոքելու, կարեւորը՝ խաղաղության դարաշրջան քարոզելով։
Ւհարկե, մենք հայերս բավականին դիմացկուն ենք, պատմությունը ամենադաժան դասերն է մեզ տվել եւ սովոր ենք ամեն տեսակ զրկանքների, ոչ ոք չի ասում, թե գազ չլինի՝ մեռնելու ենք եւ այլն։ Բայց եթե կյանքը այնքան է զարգացել, որ կարելի է ավելի հարմարավետ ապրել, ինչու տառապել։ Հիմա պետք է ձգտել նույն հարմարավետությունը պարգեւել նաեւ մյուս բոլոր համայնքներին, որոնք դեռ գազաֆիկացում չունեն։
Երկրորդ՝ չգազաֆիկացված համայնքների եւ Արցախի տարբերությունը ոչ միայն այն է, որ Արցախը գազաֆիկացված էր, այլեւ որ այս պարագայում գազ ունենալ-չունենալը ամենեւին էլ տեխնիկական խնդիր չէ, օգտագործվում է թշնամու կողմից՝ զրկանքների ենթարկելու բնակչությանը, ստիպելով լքել բնակավայրերը կամ գնալ ցավալի զիջումների։
Երրորդ՝ ամենակարեւոր հանգամանքը, որ գազատարի վթարից հետո, երբ թշնամին «մեծահոգաբար» այն վերանորոգեց, արդեն իսկ ահազանգեր կային փական տեղադրելու մասին, որոնք, փաստորեն, իրականացան։ Այսօրվա դրությամբ բանակցություններ վարելու մասին տեղեկություններ չկան, հայտնի չէ՝ ինչ է պահանջում թշնամին փականը բացելու դիմաց։ Կամ լավ էլ հայտնի է ինչ է պահանջում թշնամին՝ դատելով ադրբեջանական լրատվամիջոցների քարոզչությունից եւ Հայաստանին արված առաջարկներից։ Բայց սա շատ վատ ճանապարհ է, որեւէ զիջում լինի, փականը այսօր կբացեն, վաղը նորից կփակեն՝ պահանջելով շատ ավելին, նույնը կարող է լինել նաեւ ջրի պարագայում, չէ՞ որ Արցախի ջրամատակարարումը ապահովում է Քարվաճառից, որը անցել է թշնամուն, պատահական չէ՞, որ պարբերաբար լուրեր են տարածվում ջրից թունավորման մասին։
Չորրորդ՝ հարց է առաջանում՝ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները որեւէ քայլ ձեռնարկում են այս ուղղությամբ, թե ոչ, բացի թշնամուց հումանիզմ աղերսելը, խաղաղություն քարոզելը, առանց գազ ապրելու կոչեր անելը։ Գուցե սպասում են գազամատակարարման վերականգնման հողի վրա հանրային պահանջի ձեւավորումը՝ թշնամու զիջումների գնալու տեսքով։
Մինչդեռ եթե թշնամու ագրեսոր քայլերի դեմ համահավասար հակաքայլեր իրականացվեն, միջազգային հարթակներում այդ հարցը բարձրացվի, Ադրբեջանի նկատմամբ եւս մի քանի սանկցիա կիրառվի, գուցե հասկանան, որ շանտաժի, սպառնալիքի լեզուն կիրառելի չէ, մարդկանց տարրական կենսապայմաններից զրկելը միջազգային իրավունքի խախտում է։
Այլապես այսօր առանց գազի կթողնեն, վաղը առանց լույսի, ջրի, առանց տան եւ հայրենիքի...իսկ մարդը հարմարվող էակ է, կհարմարվի ամեն ինչին՝ հասարակ լինելիության դիմաց։