Արզաքանցյանի «մածիվացիան». երբ քաղաքականությամբ զբաղվելը անարգանք է հասարակության հանդեպ
Խմբագրական
Հայաստանում հասարակության որակից, գրագիտությունից բողոքելուց առաջ նախեւառաջ պետք է քննարկել մեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների «որակը»։ Ըստ էության՝ նրանք հասարակության քաղաքական էլիտան են եւ պետք է շարքային քաղաքացիներից մի քանի մակարդակ բարձր լինեն ամեն ինչով։
Հիմա ամեն անգամ որեւէ քաղաքական գործչի բենեֆիսը տեսնելիս հարց է առաջանում՝ միթե մենք սրա՞ն էինք արժանի։ Իհարկե, հնարավոր է այդ քաղաքական գործիչը շատ քիչ համակիրներ ունի, քաղաքական գործունեությամբ այլ խնդիրներ է լուծում, բայց նրա ներկայանալն իսկապես անարգանք է հասարակության հանդեպ։
Միթե կարելի է այս հասարակությանը, մեզ բոլորիս այդքան անլուրջ համարել եւ տարվա մեջ մի քանի անգամ հանդես գալ տարբեր կուսակցություններով, թռչկոտել այս քաղաքական ուժից մյուսի գիրկը, պոռոտախոսությամբ զբաղվել, «մածիվացիայից», համախմբումից եւ հայրենասիրությունից խոսել։
Հիմա գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն է ստեղծել՝ «Ուժը Հայրենյաց», որի համագումարը տեղի է ունենալու ապրիլի 3-ին ժամը 12։00-ին Դվին հյուրանոցում։ Ասում են, որ կուսակցության շարքերը համալրում են երիտասարդներ։
Հիմա այն, որ Արզաքանցյանին «պալիտիկայով» զբաղվելը օդուջրի պես պետք է, պարզ է դառնում խորհրդարանական ընտրություններին նրա դեգերումներից։
Նա նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հայտ էր ներկայացրել՝ գլխավորելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ցուցակը։ Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել օրինականության հաստատման մասին օրուգիշեր խոսող Արզաքանցյանի գրանցումը: Նա չկարողացավ ապացուցել, որ վերջին չորս տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանում։
Սեպտեմբերին Արզաքանցյանը հայտարարեց, որ դուրս է գալիս Դեմկուսից: Որպես պատճառ նա ասել էր, որ իրենք տարբեր հայացքներ ունեն արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։ Բացի այդ, նրա խոսքով, որոշ պայմանավորվածություններ են խախտվել։ Մասնավորապես`միավորվելիս պայմանավորվել էին, որ հետագայում բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների հետ հանդիպումները պետք է թիմային լինեն, սակայն Արզաքանցյանը տարբեր աղբյուրներից իմացել է, որ Արամ Սարգսյանն առանց իր գիտության հանդիպել է ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանների հետ։
Դեմկուսից հեռանալուց մեկ ամիս անց Արզաքանցյանը միացավ «Ալյանս» կուսակցությանը։
Առաջին հայացքից թվում էր, թե գործարարը վերջապես գտավ «իր սրտի կուսակցությանը», սակայն մամուլը գրեց, որ կուսակցության վարչությունը դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի ստեղծած արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի աշխատանքներին Արզաքանցյանի մասնակցությանը, ինչը պատճառ է դարձել, որ վերջինիս և կուսակցության հարաբերությունները դառնան ճգնաժամային: Փաստորեն, անհամաձայնություններն այնքան խորն էին, որ Արզաքանցյանը լքեց «Ալյանսը» և նոր կուսակցություն է հիմնում։
Մինչեւ հեղափոխական Հայաստանում Արզաքանցյանի հայտնվելը՝ նախկինների օրոք էլ նա ոչ պակաս հայտնի «պոլիտիկ» էր։ 2003 թ․ մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Արզաքանցյանն ընտրվել էր Հայաստանի Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ-ից։ 2007 թ. մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Գեղարքունիքի մարզի 22 ընտրատարածքի Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ-ից։ 2017 թ․ խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրվել է ՀՀԿ պատգամավորության թեկնածու Գեղարքունիքի մարզում, սակայն պարտվել է կուսակիցներին:
Սա շատ համառոտ Արզաքանցյանի բուռն քաղաքական գործունեությունից։ Ինչպես երեւում է՝ քաղաքականությամբ զբաղվելու Արզաքանցյանի «մածիվացիան» իշխանության մեջ մտնելն է, այսպես ասած՝ ջրի երեսին մնալը։ Չմոռացվելու համար, սակայն, քաղաքականությամբ զբաղվելը պարտադիր չէ, Արզաքանցյանի գեղեցկուհի կինը իր գունավոր զգեստներով եւ ուշագրավ տեսանյութերով թույլ չի տա մեզ մոռանանք այս գեղեցիկ զույգին։
Հիմա Արզաքանցյանը չի բացահայտում քաղաքականությամբ զբաղվելու իրական պատճառը, ինչու է որոշել վերադառնալ քաղաքականություն, ովքեր են իր թիմակիցները, ինչ գումարներով է կուսակցաշինություն անում, երբ ոչ վաղ անցյալում ընտրական շտաբերի աշխատակիցները հայտարարեցին, որ Տիգրան Արզաքանցյանը իրենց խաբել է, նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարած կազմակերպչական աշխատանքների համար ոմանց ընդհանրապես չի վճարել, ոմանց էլ չնչին գումարներ տվել։
Հիմա գումարային պարտք-պահանջները մի կողմից, Հայաստանում մշտական բնակություն չունենալով, բայց ԿԸՀ-ին «ֆռցնելու» փորձը մյուս կողմից արդեն իսկ փակում են արդար, ազնիվ քաղաքական գործիչ լինելու պատրանքը, եթե նույնիսկ դու նոր ես ծանոթանում Արզաքանցյանի քաղաքական գործունեությանը։ Որեւէ հետաքրքիր գաղափար, յուրօրինակ ծրագիր առաջարկելու մասին թերեւս պետք է լռել, իրական Արզաքանցյանը նա է, ով խոսում է մեզ հետ լայվերում, իսկ ներկայացվողը նա է, ում սոցիալական ցանցի էջերում գրագետ տեքստեր են հորդում։
Արզաքանցյանը չի բացահայտում քաղաքականությամբ զբաղվելու իր հիմնական դրդապատճառը եւ շարունակում է կնոջ հետ «հյուրախաղերը» փոքրիկ Հայաստանում, իսկ մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ քաղաքական գործունեության նպատակը Արզաքանցյանի ու իր տիկնոջ՝ Նատալիա Ռոտենբերգի կողմից ֆինանսական դրդապատճառ ունի։ Մասնավորապես նշվում էր, որ Ռոտենբերգի նախկին ամուսնու՝ Արկադի Ռոտենբերգի արտասահմանյան հաշիվները կալանքի տակ են, ինչի հետևանքով կալանքի տակ են հայտնվել նաև տիկին Ռոտենբերգի հաշիվները ու Արզաքանցյան-Ռոտենբերգ զույգն իրենց ակտիվ քաղաքական գործունեությամբ ուզում էին ցույց տալ, որ իրենք բացառապես գործունեություն են ծավալում Հայաստանում և կարողանան հաշիվները կալանքի տակից հանել։
Ահա թե ինչու է քաղաքականությունը պետք է Արզաքանցյանին, իսկ Արզաքանցյանը՝ քաղաքականությանը։ Թեեւ ավելի ազնիվ կլիներ, որ Արզաքանցյանը պայքարեր մայրենի լեզվի անաղարտության համար, եւ ինքը վերջապես հայերեն կսովորեր, եւ Գավառի բարբառը Հայաստանով մեկ կներկայացներ։ Իսկ ամենակարեւորը՝ մեզ բոլորիս կազատեր մեկ կուսակցություն ավել ունենալու «հարստությունից», չէ որ մենք այնքան ենք հոգնել քաղաքականությունից...։