Ռուս-ուկրաինական պատերազմի «տնտեսական հնարավորությունները». ինչ անել գնացքից ուշացած ուղեւորի կարգավիճակում չհայտնվելու համար
Խմբագրական
Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով այդ երկու երկրներից սկսվել է մարդկանց եւ բիզնեսի մեծ հոսք։ Արտագաղթը պայմանավորված է ոչ միայն անվտանգության նկատառումով, այլեւ սանկցիաների չենթարկվելու, գործունեությունը շարունակելու ցանկությամբ։ Մի շարք երկրներ դադարեցրել են վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին, բազմաթիվ պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ՝ կրթական, աշխատանքային, առողջապահական եւ այլն։
Ակամայից մեր երկիրը հայտնվել է բավական շահավետ վիճակում, ճկուն լինելու, արագ կողմնորոշվելու եւ կազմակերպելու դեպքում Հայաստանը կարող է առնվազն տուրիստական մեծ հոսքեր ապահովել, եթե ոչ մշտական բնակչության թիվը ավելացնել, բիզնեսի ներգաղթի նպաստել։
Իսկ այս ամենը հանգեցնելու է շրջանառության աճի, տնտեսության ակտիվացմամբ, կենսամակարդակի աճի։ Իհարկե, դրսից բիզնեսի եւ մարդկանց հոսքը նաեւ հանգեցնելու է գնաճի, բայց գնաճը այսպես թե այնպես կա, գոնե շրջանառությունը կավելանա։
Այս օրերին Հայաստան են տեղափոխվում IT ոլորտի ընկերություններ, որպեսզի այստեղից կարողանան աշխատել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ։ Այժմ Հայաստան տեղափոխվող անձինք զբաղված են տեխնիկական հարցերը լուծելով, քաղաքացիության, կացության, բիզնեսը տեղափոխելու, գրանցելու եւ այլ հարցեր։
Մյուս կողմից էլ՝ փորձում են այստեղ տներ, հյուրանոցներ վարձակալել, ավելին՝ այսօր Երեւանում ազատ հյուրանոց կամ բնակարան գտնելը մեծ խնդիր է, ինչը, ի դեպ, անշարժ գույքի շուկայում հանգեցրել է գնաճի։
Թանկացել են նաեւ ավիատոմսերը, բավական է նշել, որ Մոսկվա-Երեւան ուղղությամբ ավիատոմսը 1000-1200 դոլար է, իսկ Երեւան-Մոսկվա՝ 180-300։
Հիմա Հայաստան տեղափոխվող կամ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները, ընկերությունները բազմաթիվ խնդիրներ են ունենում, որոնք մասնավոր անձինք չեն կարող լուծել։ Ճիշտ է՝ տարբեր մասնագետներ, ընկերություններ արդեն իսկ հայտարարել են աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում էլ մի քանի հայտարարություն կա, թե ում կարող են դիմել, բայց սա բավարար չէ։
Պահը բաց թողնելը այսօր նշանակում է Հայաստանի տնտեսությունը ռեսթարթ անելու բացառիկ հնարավորությունը բաց թողնել։
Հետեւաբար՝ աշխատանքները պետք է կատարել համակարգված, վերահսկելի եւ գերարագ։ Պետությունը՝ իրավասու մարմնի, անձի միջոցով արագ պետք է կազմակերպի տեղեկատվական շտաբի ստեղծում՝ բազմաթիվ կառույցներից ներկայացուցիչների, բիզնես ոլորտի աշխատակիցների մասնակցությամբ, որտեղ կարող են դիմել թե Հայաստան տեղափոխվել ցանկացողները, թե այստեղ նրանց ծառայություններ առաջարկողները։
Այլապես այսօր այս ամենը կազմակերպվում է ցաքուցրիվ՝ տարբեր կազմակերպությունների, անձանց, տելեգրամյան չաթերի, խմբերի միջոցով։ Հիմա շատերը, ովքեր ցանկանում են բնակարաններ, հոթելներ, գրասենյակներ առաջարկել Հայաստան տեղափոխվող բիզնեսներին, չգիտեն ում ինչպես դիմել։ Կան նաեւ անհատներ, ովքեր ցանկանում են աշխատել այդ ընկերությունների հետ, աջակցել նրանց, սակայն չգիտեն ինչպես կապ հաստատել։
Հենց այս խնդիրները լուծելու, համագործակցության շուկա ստեղծելու համար էլ անհրաժեշտ է տեղեկատվական շտաբի ստեղծում, ինֆորմացիայի հավաքագրում, որպեսզի եւ ներգաղթողներին համակարգված օգնություն ցուցաբերվի, եւ տեղական բիզնեսները կարողանան նոր հաճախորդներ ներգրավել։
Իսկ պետությունը պետք է համակարգի, վերահսկի այս ամենը, օպերատիվ արձագանքի ծագող խնդիրներին, օրինակ՝ ըստ անհրաժեշտության օրենսդրական փոփոխություններ կատարի, նոր որոշումներ ընդունի, ենթակառուցվածքներ զարգացնի, մեդիարշավ կազմակերպի եւ Հայաստանում ապրելու գրավչությունները, զբոսաշրջային առավելությունները ներկայացնի։
Բայց այս ամենը պետք է կազմակերպել շատ արագ, որպեսզի հերթական անգամ չհայտնվենք գնացքից ուշացած ուղեւորի կարգավիճակում։ Տուրիզմի ոլորտում մրցակցությունը դաժան է, մյուս երկրները վաղուց գործի են անցել եւ հայտարարել են ռուս, ուկարինացի տուրիստներին հյուրընկալելու իրենց պատրաստակամության եւ հնարավորությունների մասին։
Այնպես որ աջուձախ նոր հնարավորությունների մասին խոսող իշխանությունները ճիշտ կանեն օգտվել հենց այս ամենաիրական հնարավորությունից։