Պաշտոնյայի ֆեյսբուքյան էջը անձնակա՞ն, թե՞ պետական սեփականություն է. իշխանության երկակի ստանդարտները եւ մանիպուլյացիները
Խմբագրական
Հայաստանն արդեն մի քանի օր է՝ Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի։ Թե ինչքանով պաշտպանված կլինեն մեր իրավունքները, ցույց կտա ժամանակը։
Սակայն երկու օր է՝ քննարկումների տիրույթում այլ հարց է, թե բա «Թաթոյանը գնաց եւ ամբողջ ՄԻՊ-ը իր հետ տարավ՝ աշխատակազմով, ֆեյսբուքյան էջով եւ այլն»։
Իհարկե, Թաթոյանից հետո պաշտոնանկությունների շքերթ եղավ ՄԻՊ-ում, ինչը նորմալ եւ սպասելի է, ամեն կառույցում էլ ղեկավարի հեռանալով կադրերի հոսք է լինում, հատկապես հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, ովքեր ղեկավարի հետ եկել, ղեկավարի հետ գնում են։ Ամեն ղեկավար ցանկանում է իր թիմի հետ աշխատել, իր համար վստահելի կադրեր բերել, նախկին աշխատողների հեռանալով նոր ղեկավարը հնարավորություն է ստանում իր թիմը ձեւավորելու։ Իհարկե, կլինեն ղեկավարներ, որոնք կխնդրեն աշխատող, ոլորտի գիտակ, բանիմաց մասնագետներին շարունակել իրենց ծառայությունը, դրանից միայն տվյալ հիմնարկը, համակարգը կշահի։
Երկրորդ, ամենակարեւոր հարցը, որն այս օրերին քննարկվում է, վերաբերում է ֆեյսբուքյան էջին։ Նախ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարեց, թե Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և չի վերադարձնում ՄԻՊ աշխատակազմին։
Պարզ է չէ՞՝ Թաթոյանն այս իշխանության կոկորդին է կանգնած եղել եւ առիթը բաց չեն թողնում նրան սեւացնելու համար։ Թեեւ, հանուն արդարության, եթե այս տեղեկատվությունը համապատասխաներ իրականությանը, ապա խիստ զարմանալի կլիներ, Թաթոյանի նման բարձր մարդկային եւ պրոֆեսիոնալ նկարագիր ունեցող գործիչը չէր կարող յուրացներ որեւէ բան, այդ թվում՝ ֆեյսբուքյան էջը, Թաթոյան-պաշտոն հարաբերության մեջ նախկին ՄԻՊ-ը միայն տալիս է, տվել է եռանդ, նվիրում, աշխատանք, նյարդեր, առողջություն, ուժ եւ չի վերցրել ոչինչ, դրա համար էլ արժանացել է հանրության հարգանքին եւ սիրուն։
Այդ իսկ պատճառով Թաթոյանը չէր կարող լինել մարդ, ով իր հետ որեւէ բան տաներ պաշտոնավարումից հետո, բացի հարգանքից, սիրուց, հեղինակությունից։
Թե ինչ է եղել՝ ավելի ուշ պարզաբանեց հենց Թաթոյանը, գրելով, որ երբ ստանձնել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը չի եղել առհասարակ. իրենից առաջ պաշտոնավարած Մարդու իրավունքների պաշտպանն ամբողջությամբ փակել էր բոլոր էջերը կամ «տարել» իր հետ:
Սա, ինչ խոսք, բացահայտում էր, բայց այդ ժամանակ Թաթոյանը որեւէ քաղաքական աստառ չէր տվել այդ հարցին, մենք չէինք էլ իմացել այդ մասին, ընդամենը բացել էին նոր էջ, որը հետագայում զարգացրել են բացառապես իր անձնական միջոցներով:
Թաթոյանը նշել է, որ այս էջը մի քանի ադմին է ունեցել թյուրիմացաբար էջում կատարվել են փոփոխություններ, որոնք լրացուցիչ մի քանի ժամանակատար խնդիր էին առաջ բերել: Բացի այդ, խնդիր էր առաջացել նաեւ իր ինստագրամյան անձնական էջը Ֆեյսբուքից առանձնացելու հարցում: «Այս ամենի մասին տեղեկացրել էի նաև Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին: Ինչևէ, մենք երկուսով այս փոքր հարցը քննարկել ու վաղուց ամուր փակել ենք»,-գրել է Թաթոյանը։
Փաստորեն, ստացվում է, որ այս հարցը Թաթոյանը եւ նրան փոխարինողը պարզաբանել են, իսկ իշխանությունը շարունակում է աղմուկ բարձրացնել՝ մանիպուլացնելով եղելությունը, նորընտիր ՄԻՊ-ն էլ չի շտապում պարզաբանել իրավիճակը։
Երկրորդ, Թաթոյանի կողմից բացված եւ նրա միջոցներով զարգացրած էջում ահռելի տեղեկատվություն կա, որը լուրջ պաշար է հետագայում ուսումնասիրությունների, իրավական գործընթացներ սկսելու համար, որեւէ երաշխիք չկա, որ այդ էջը իրավահաջորդին հանձնելիս այդ տեղեկատվությունը չի անհետանա։
Երրորդ, հետեւորդները հետեւել եւ հավանել են այդ էջը Թաթոյանի անձից, գործունեությունից ելնելով, իրեն հեղինակություն համարող Քրիստինե Գրիգորյանը եւս կարող է իր աշխատանքով փորձել վաստակել հարգանք, գնահատանք, այնպես որ սա եւս մարտահրավեր է, թող բարձր պահի ՄԻՊ ինստիտուտի անունը, առաքելությունը, բացի իր էջը եւ սկսի իր գործունեությունը զրոյից։
Վերջիվերջո, ֆեյսբուքյան էջը ամենափոքր «նյուանսն» է, որ Թաթոյանը իր հետ տարել է, փոխարենը Թաթոյանը թողել է ահռելի ժառանգություն՝ վիթխարի աշխատանք կատարված, ամբողջությամբ գործող մի համակարգ՝ բազում մեխանիզմներով, գործիքակազմով, նախադեպեր, որը ընդամենը պետք է շարունակել աշխատեցնել նույն կերպ։ Սա է ավելի մտահոգիչ՝ սահմանված բարձր նշաձողը պահելը, ոչ թե ֆեյսբուքյան էջ ունենալ-չունենալը։
Չորրորդ՝ ֆեյսբուքյան էջերը տանել-թողնելու առումով որեւէ իրավական կարգավորում չկա, ամեն ինչ թողնված է մարդկանց բարեհաճությանը։ Հիմա եթե իշխանությունը այդքան բծախնդիր է եւ նեղվում է, որ Թաթոյանը իր էջը ժառանգություն չի թողել ՄԻՊ-ին, այս դեպքում ինչու նույն կերպ խիստ դատաստան չէր տեսնում հարյուր, հազարավոր հետեւորդներ ունեցող ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, չէ՞ որ այդ էջը ձեւավորվել է ոչ թե մասնավոր, այլ պետական կարգավիճակի շնորհիվ՝ հանրային ռեսուրսի օգտագործմամբ։ Ավելին՝ տարիներ ի վեր ՊՆ կայքը անտեսված է եղել եւ բոլոր կարեւոր հաղորդագրությունները տեղադրվել են հենց այդ էջում՝ մոնոպոլիզացնելով տեղեկատվություն տնօրինումը եւ հաղորդումը։ Հիմա ինչու նույն իշխանությունը վայնասուն չէր բարձրացնում եւ չէր պահանջում Հովհանիսյանից հանձնել այդ էջը, թե Հովհաննիսյանը յուրային է, իսկ Թաթոյանը՝ օտար, ում ետեւից չարախոսելու համար առիթ է պետք։
Բայց այստեղ եւս սխալվել են իրենց հաշվարկներով, Թաթոյանն ինչպես անթերի եւ անսխալական աշխատել է, վստահաբար այդպես էլ հեռացել է՝ պահպանելով իր մարդկային եւ մասնագիտական բարձր արժանիքները, նրան սեւացնելու փորձերը անհաջողության են մատնված։ Թաթոյանի ստվերն անգամ իշխանությանը հանգիստ չի տալիս եւ դա հիանալի է, ուրեմն՝ այս երկրում կա մարդ, որից այս իշխանությունը զգուշանում է։
Ի դեպ, Թաթոյանը իր գրառման մեջ նաեւ հայտնել է, որ հենց փետրվարի 24-ին են փոխանցվել Թվիթերի պաշտոնական էջը, ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաև Ֆեյսբուքի գլխավոր պաշտոնական էջը: Այնպես որ՝ հանգիստ նստեք տեղներդ, Թաթոյանի անձնական հեղինակության շնորհիվ ձեռք բերված «լայքերով եւ հետեւորդներով» էջի փոխանցումը իրահաջորդին ամենեւին էլ հարգանքի, հեղիակության փոխանցում չէ նորանշանակ ՄԻՊ-ին եւ նրա հովանավոր քաղաքական թիմին, դա վաստակել է պետք, բայց ոչ երբեք էժանագին մանիպուլյացիաներով։