Ադրբեջանցիներին «սոված» պահեցինք. հայկական կողմի հերթական բարոյական հաղթանակը
Խմբագրական
Երեկ հերթական բարոյական հաղթանակն ենք տոնել ազգովի, որի առթիվ կարելի է անգամ «սալյուտ գմփցնել»։
Հիշեցնենք, որ երեկ փետրվարի 22-ին Երևանում անցկացվել է «Եվրանեսթի» նիստը, որին մասնակցելու համար Երևան էին ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով են անցկացնում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստերը, հիմա հերթը Երևանինն է։
Ադրբեջանցի պատգամավորների այցը մեր երկիր թեեւ առաջին անգամ չէր, բայց մեծ աղմուկ բարձրացրեց, երկու օր շարունակ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում նախ հյուրանոցի դիմաց, հետո Մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ եւ անց էր կացվում նիստը։
Այս ճնշումների արդյունքում էլ այն ռեստորանները, որտեղ պետք է կազմակերպվեր պաշտոնական ընթրիքը, հրաժարվել էին հյուրընկալել ադրբեջանցի պատգամավորներին։
PerfectTV-ի ոճով կարելի էր հայտարարել՝ «մի շռնդալից հաղթանակ, հայկական կողմի հերթական դիվանագիտական հաղթաթուղթը, ադրբեջանցիները վերադարձան Բաքու սովամահ ու արցունքից այտուցված աչքերով»։
Իսկ իրականությունը այլ է, որը տեսնելու ոչ կամք ունենք, ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն։
Հիմա մի աննորմալ մրցավազք է սկսել, մի ռեստորանին հերոսացնում են, որ ադրբեջանցիներին հաց չի տվել, մյուսին թքում-մրում եւ ազգի դավաճան են հանում իր գործունեությունը ծավալելու համար։
Իսկ գործունեությունը ընդամենը ծառայություն մատուցելն է, ինչպես բժիշկն է բժշկում, փաստաբանը՝ պաշտպանում, ուսուցիչը՝ կրթում...։
Եւ մեծ հարց է՝ արդյոք թունդ հայրենասիրություն եւ հերոսություն է իր մասնագիտական կամ աշխատանքային պարտականություններից բխող գործառույթները իրականացնելը, թե ոչ, ինչ խնդիր ենք դրանով լուծում, ինչի ենք հասնում։
Այս խնդիրը բազմաշերտ է եւ չի սահմանափակվում միայն էմոցիոնալ դաշտով։
Այո, թուրքը մեր թշնամին է, ով չի հրաժարվում հայասպան քաղաքականությունից, բայց դրա կողքին մենք ունենք խաղաղության դարաշրջանի քարոզ անող, թուրքերի հետ բարեկամություն անող իշխանություն, որին ընտրել է մեր հանրության 70-80 տոկոսը։
Հիմա այն, որ թուրքերը դեռ մեկ տարի առաջ ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, դիրքերը ամրապնդել, սպանել մեր զինվորներին, գերի վերցրել, հայ գյուղացու անդորրը խաթարել, ճանապարհներ վերցրել, դա կարծես հանրային մեծ ալեկոծություն չի առաջացնում, գուցե Երեւանի կենտրոնից Սյունիքը եւ Գեղարքունիքը հեռու են եւ մարդիկ չեն զգում թշնամու մոտիկության աստիճանը։
Ինչպես ասում են՝ հիմա թուրքի՝ մեզնից մեր հայրենիքը, տարածքները, մարդկային կյանքերը խլելը հեչ, բայց խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում այցը՝ մեջ, ընդ որում՝ այցը աննախադեպ չէ, նախկինում եւս եւ ադրբեջանցի պատգամավորներ են եկել Հայաստան, եւ հայ պատգամավորներ են գնացել Բաքու։
Երկրորդ՝ ի՞նչ խնդիր լուծեցինք հայտարարելով, որ այս կամ այս ռեստորանը հրաժարվում է ընդունել ադրբեջանցիներին, ի՞նչ է՝ նրանք սովամա՞հ եղան, վա՞տ զգացին իրենց, թե մի երկուսին պոպուլիզմի հողի վրա PR-վելու հնարավորություն ստացան։ Ընդ որում՝ շատ հնարավոր է, որ այդ «սուպերհայրենասերները» ամենօրյա ռեժիմով թուրքական ապրանքներ են սպառում, Անթալիա հանգստի մեկնում, թուրքական երաժշտություն լսում, հագուստ կրում, ազգությամբ թուրքերի հյուրընկալում, երբ այդ ամենը չի հատել հրապարակայնության դաշտը։
Հիմա պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Մանե Թանդիլյանի եւ Արմեն Աշոտյանի այցերի ժամանակ նրանց պետք է քարկոծեին, սովամահ անեին, կտտանքների ենթարկեին իբրեւ ադրբեջանցիների բացառիկ հայրենասիրության ցուցիչ։
Իսկ ռեստորանի ճաշել-չճաշելու հողի վրա հայրենասիրություն խաղացողները մտածում են, թե ինչ արձագանք կարող է սա ստանալ միջազգային համագործակցության առումով, օրինակ այն, որ երբ Հայաստանը առաջարկի որևէ խորհրդարանական վեհաժողովի հյուրընկալել, կարող է մերժում ստանալ։ Եթե այս ամենին ադրբեջանցիները ավելացնեն նաեւ իրենց աղնուպղպեղը, մեր՝ որպես ազգային, ռասսայական խտրականություն դրսեւորող, ատելություն, թշնամանք հրահրող ազգի պատկերը կամբողջանա։
Եւ վերջիվերջո ինչ արժեք ունեն նման ակցիաները, երբ այս պատգամավորները ընդունելության են արժանանում վարչապետի կողմից, երբ Երեւանում հնչեցնում են իրենց հակահայկական թեզերը եւ համարժեք պատասխանի չեն արժանանում, երբ մենք շարունակում ենք հզոր պետություն, բանակ չկառուցել եւ հույսներս դնել ռազմավարական դաշնակցի, թշնամու հումանիզմի վրա...։
Նույնիսկ ակցիաները, պայքարը, հանրային օրակարգը պետք է խելամիտ եւ որակով ձեւավորել, դրանում երեւում է նաեւ մեր՝ իբրեւ ազգ որակը եւ պետության հանդեպ վերաբերմունքը։