Նախագահականից մի գեղեցիկ «ֆոտկա» չունենալը մեղք կլիներ. Սիմոնյանի «նոստալջիան» եւ հանրության բուռն արձագանքը
Խմբագրական
Երեկ առիթ եղավ անդրադառնալու իրենց կիսաստված համարող պաշտոնյաներին, որոնք իրենց ղեկավարած ոլորտը ստորադասում են իրենց անձից։ Պաշտոնյաների՝ հանրությանը ներկայանալու տխուր մտորումները այսօր նորից միս եւ արյուն ստացան, երբ ԱԺ նախագահ, այժմ հանգամանքների բերումով նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը համացանցը «ցնցեց» իր նոր լուսանկարով։
Իսկ ինչու ոչ, չէ՞ որ թիթիզ-միթիզ «սյոմկաները» Սիմոնյանի կյանքի անբաժան մասն են եղել մինչեւ գորշ քաղաքականություն մտնելը, նրա մասնակցությամբ հայտնի երգերը, պարերը, ֆիլմերը, հեռուստաշոուները վկա։ Այս ամենը այնքան գեղեցիկ է, հոգեթով եւ նոստալջիկ։ Մյուս կողմից էլ՝ նախագահականում անցկացնելիք օրերն անթիվ-անհամար չեն, հետեւաբար՝ պետք է մի գեղեցիկ «ֆոտկա» ունենալ «դեպքի վայրից»։ Այնպես որ գեղեցիկ լուսանկար ունենալու ցանկությունը լրիվ հիմնավորված է, բայց այդ ցանկությունը զսպող է պետք՝ կանխատեսելով հնարավոր արձագանքը։ Իսկ կանխատեսել կարելի էր շատ պարզ։
Հանրությունը միշտ բոլոր տեղերում եւ հատկապես գերքաղաքականացված Հայաստանում պատերազմից ու բոլոր մյուս արհավիրքներից հետո վատ է վերաբերում պաշտոնյաների «էլիտար» կյանքին եւ դրա ցուցադրություններին, քանի որ համարում է, որ դրան հասել եք խիստ պատահական եւ բառիս բուն իմաստով վայելում են պաշտոնը օրնիբուն աշխատելու փոխարեն։ Երկրորդ՝ այս իշխանությունը եւ պաշտոնյաները հանրությանը լուրջ ներկայանալու խիստ անհրաժեշտություն ունեն՝ հաշվի առնելով լրջության դեֆիցիտով, հետեւաբար պետք է մարդկանց հրամցնել ոչ թե նման հոլիվուդյան լուսանկարներ, այլ փորձել խիստ գործնական, խելացի, բազմազբաղ երեւալ, եթե լինելը չի ստացվում։ Չէ՞ որ այս լուսանկարը տեսնող ամեն երկրորդ, երրորդը կասի՝ «ինչ էլ հավես ունես, դրախտ ես ընկել, բա կլուսանկարվես, փոխարեն օրուգիշեր աշխատես, պոզաներ ես ընդունում, շողքդ բռնցնում պատկերիդ հետ, մեջքանց կանգնում ձեռքերդ գրպաններդ դնում եւ լուսանկարվում»։
Այնպես որ արձագանքը դժվար չէր կանխատեսել, հատկապես, որ քանիցս եղել են սուր արձագանքներ այս կամ այն պաշտոնյայի «էլիտար կյանքի ցուցադրություններին»։ Տպավորություն է, թե պաշտոնյաները ամեն ինչ անում են մարդկանց զայրացնելու, նյարդայնացնելու, սուր արձագանքների հասնելու համար։ Հավանաբար մեր պաշտոնյաներին թվում է, թե կարեւորը արձագանքներն են՝ լավ, կամ վատ՝ էական չէ, քննարկվել է, ուրեմն իր նպատակին ծառայել է։ Բայց Ալեն Սիմոնյանի լուսանկարին հետեւած ֆլեշմոբը, քննարկումները, ծաղրանկարները տեսնելով պետք է արձանագրել, որ սա այդ դեպքը չէ։
Մի կողմից, իհարկե, տխուր է տեսնել, թե ինչ սուր հայհոյանքներ, վիրավորանքներ, ատելություն են թափում իքսի գլխին հրապարակած լուսանկարի համար, մյուս կողմից էլ կանխատեսելի էր արձագանքը՝ հաշվի առնելով մեր հասարակության բեւեռացվածությունը, այն ատելությունը, թշնամանքը, բացասական էմոցիաները, որ ամենօրյա ռեժիմով կուտակվում է։