Եթե օրվա թեման դատավորի արտաքինի փոփոխություններն են, ուրեմն մեզ հետ մի բան այն չէ
Խմբագրական
Ամեն անգամ, երբ որեւէ թեմա դառնում է օրակարգային, քննարկվող, մենք ճանաչում ենք մեր հասարակության իրական մակարդակը, պատկերը։ Հայտնի՝ «ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու» խոսքը հենց այս իրավիճակների համար է ասված, սակայն մի փոքր ձեւափոխած՝ ասա ինչ ես քննարկում, ասեմ՝ ով ես դու։ Հիմա երեկվանից ինքներս մեզ բացահայտելու նոր առիթ ունեցանք։ Սոցիալական ցանցում լրիվ անշլագ է, ամեն երկրորդ ստատուսը նվիրված է Քոչարյանի գործը քննող դատավորին՝ Աննա Դանիբեկյանին։ Սակայն գրառումները ոչ թե պտտվում են նրա մասնագիտական հատկանիշների շուրջ, ինչպես է վարում նիստերը, ինչ որոշումներ է կայացնում, այլ նեղ, անձնական հատկանիշների շուրջ, մասնավորապես՝ արտաքին տեսքի։
Պարզ է չէ՞ դատական նիստը վարելու, նրա կայացրած որոշումները քննարկելու համար մասնագիտական հմտություններ, գիտելիք է պետք, իսկ արտաքին տեսքի մասին ով ինչ ցանկանա, կարող է գրել։ Երկրորդ՝ իհարկե, անգամ նեղ, անձնական հատկանիշները չքննարկողները տեսնում են դատավորի արտաքինում, իմիջում այն կտրուկ, դրական փոփոխությունները։ Գուցե այդ փոփոխությունների հիմքում այն հանրային գործերն են, որոնք դատավորը քննում է եւ որոնց քննության պատճառով ակամայից հայտնվում է տեսախցիկների, հանրության աչքի առաջ։ Ինչեւէ, դատավորի արտաքին տեսքում փոփոխություն նկատելի է, մյուս կողմից էլ՝ այո, հանրային կերպարները, բարձրաստիճան պաշտոնյաները կարող են ակնկալել, որ իրենց արտաքինը, անձնականը կարող է քննարկվել հանրության շրջանում, հետեւաբար՝ պետք է զգույշ, ուշադիր լինեն։
Խնդիրն այն է, որ քննարկել էլ կա, քննարկել էլ, հիմա արձանագրել դրական փոփոխությունը, հիացական, գոհունակ խոսքեր շռայլելը ոչ ոք չի արգելել։ Բայց երեկվանից այս թեմայով գռեհիկ հումորների պակաս չկա, փորձում են կոպիտ եւ տգեղ, ոչ նրբանկատ համեմատությունների, զուգահեռների միջոցով ցույց տալ, թե ինչպես է փոխվել դատավորը երկրորդ նախագահի գործը քննելուց հետո։ Եթե նման մեկնաբանություններ գրողները մեկ վայրկյան մտածեին, որ դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է լինել իրենց ընտանիքի անդամը, հարազատը, վստահաբար՝ ավելի զգույշ կլինեին, երկար կմտածեին բառեր ընտրելուց առաջ։
Պատկերացնո՞ւմ եք, թե Դանիբեկյանի ծնողը, երեխան, ամուսինը, ընկերը ինչ են զգում կարդալով ցենզուրայից դուրս ձեր մեկնաբանությունները եւ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել, եթե նրա հարազատները չունենային ինքնազսպման մեխանիզմները, փորձեին հաշվեհարդար տեսնել իրենց հարազատի արտաքին փոփոխությունների վրա «գեշ» հումոր անողներին։ Սա մարդկային, մասնագիտական, էթիկական, բարոյական, իրավական ոչ մի դաշտում չի տեղավորվում, չի կարելի թիրախավորել անձին նրա արտաքինի պատճառով, չի կարելի ծաղրուծանակի ենթարկել, չի կարելի սրամտել, զվարճանալ ուրիշի անձնային հատկանիշները հրապարակային քննարկելով, ուրիշների անձնային հատկանիշները քննարկելը ինքնահաստատվելու վատագույն ճանապարհն է, դա նսեմացնում է ոչ թե այդ անձին, այլ քննարկողին։
Չի կարելի, հատկապես, երբ քննարկվողը կին է, երբ քննարկվողը պաշտոնյա է, հանրային դեմք է, եւ քննարկելու բազմաթիվ առիթներ, հիմքեր կան, իսկ արտաքինը ամենավերջին պլանում է։ Նույնիսկ նկատած փոփոխությունը կարելի է այնքան նուրբ, գեղեցիկ, գրագետ նշել, որ հնչի որպես հաճոյախոսություն, ոչ որպես վիրավորանք, բայց ոչ երբեք թիրախավորելով եւ անձին ցավ պատճառելով։ Եկեք ընդունենք, որ մասնագիտական քննարկումներ ծավալելը ավելի արդյունավետ եւ պատվաբեր է բոլորիս համար։ Իսկ առայժմ պետք է ցավով արձանագրել, որ քանի դեռ մեր օրվա թեման դատավորի արտաքին տեսքն է, ուրեմն մեզ հետ մի բան այն չէ։