Ինչպես է իշխանությունը մաշեցնում իր «քոքը». Արարատ Միրզոյանի մասին իշխանական լրատվամիջոցում գրված եւ ջնջված հրապարակման հետքերով
Խմբագրական
Հայաստանում պարտությունների սիմվոլ իշխանության կեցության եւ գոյատեւման գաղտնիքը եւ աղբյուրը ընդդիմությունն է։ Մեր ընդդիմությունը այնքան «վատն է», որ բոլոր հնարավոր արհավիրքները մեր երկրի գլխին բերած իշխանությունը դեռ շարունակում է կառավարել։
Այս առումով, իհարկե, իշխանությունը պետք է օրուգիշեր ընդդիմության կենացը խմի՝ «քանի դուք կաք, մենք հա էլ կղեկավարենք» կարգախոսով։
Բայց քանի որ մեր իշխանությունն էլ «խելացի» չէ, ուստի պետք չէ երկարակեցության առումով հույսը դնել ընդդիմության վրա։
Մեր իշխանությունը ինքն իր ձեռքով փորում է իր գերեզմանը, այսքան արհավիրքներից հետո նորմալ չի կառավարում, շարունակում է մարդկանց զայրացնել, նոր թշնամիներ է ձեռք բերում։
Ընդ որում՝ այնքան ակնհայտ են մատնում իրենք իրենց, որ մտածում ես՝ այս մարդիկ նույնիսկ իրենց շահը չեն հասկանում։
Ասվածի վառ ապացույցը յուրայիններին իրենց իսկ ձեռքով «փչացնելն է»։
Հիմա թիմի մեջ կան մարդիկ, որոնք ավել կամ պակաս ընդունված են հանրության կողմից, սովորաբար նրանք ավելի ընդունված կերպարներ են, քան մյուսները։ Թիմային խանդը, սակայն, թույլ չի տալիս կուլ տալ գործընկերոջ առավելությունը եւ սկսում է աշխատել պատժիչ մեքենան։
Իհարկե, խելացի լինելու դեպքում կարելի էր օգտվել այդ թիմակցի հաղթանակի դափնիներից, հպարտանալ նրանով, պահել, փայփայել, չէ՞ որ այդ անձի վարկանիշը եւ հեղինակությունը ինչ-որ չափով նաեւ թիմի վրա է ազդում։
Բայց սա, իհարկե, նեղմիտ գործիչների եւ ուժերի համար չէ։ Նրանք ոչ միայն չեն հանդուրժում դիմացինի առավելությունը, այլ ամեն գնով փորձում են փչացնել նրան։
Ընդ որում՝ այստեղ գալիս է երկրորդ սխալը, դա անում են իրենց ձեռքով եւ իրենց միջոցներով, փչացնելու հազարումի ձեւեր կան տեխնոլոգիական դարաշրջանում, այդ ձեւերը իշխանությունները պետք է որ լավ իմանային, հետն էլ եւ մեխն է նրանց ձեռքին, եւ նալը։
Բայց, ինչպես միշտ, մեր իշխանությունը ընտրում է «ամենակացնային» տարբերակը։ Ասվածի վկայությունը իշխանական լրատվամիջոցներից մեկում իշխող քաղաքական մեծամասնության լիդերներից մեկի մասին ուշագրավ հոդվածի հրապարակումն է, խոսքը ԱԳնախարարար Արարատ Միրզոյանի մասին է։ Նա շարքային ՔՊ-ական չէ, հատկապես նոյեմբերի 9-ի գիշերը ծեծկռտուքից հետո Միրզոյանի եւ կուսակցության ջրերը սկսեցին մի առվով չհոսել։
Միրզոյանը թիմի փոխարեն դաժան ծեծի ենթարկվեց, հետո երկար ժամանակ հայտնի չէր՝ ինչով է զբաղվելու, համոզում էին այս կամ այն պաշտոնը ստանձնել, համոզեցին, դարձավ նախարար, որոշ ժամանակ առաջ լուրեր էին շրջանառում, թե մեկուսացած է Միրզոյանը, չի շփվում ոչ մեկի հետ եւ այսպես շարունակ։ Այսինքն՝ Միրզոյանի շուրջ աժիոտաժը չի դադարում, եւ իր համար է դիսկոմֆորտ, եւ թիմում ամեն ինչ հարթ չէ։ Եւ այդ ամենի կողքին պետք է նկատել, որ Միրզոյանը թիմի քիչ թե շատ ընդունելի կերպարներից է, ում հետ կարելի է հանդիպել, զրուցել, քննարկումներ ունենալ։
Միրզոյանի շուրջ աժիոտաժի ֆոնին իշխանական լրատվամիջոցը նյութ է հրապարակում «Արարատ Միրզոյան եւ Դմիտրի Կուլեբա, ինչպիսին պետք է լինի ԱԳ նախարարը»։ Նյութում համեմատություններ է անում Հայաստանի եւ Ուկրաինայի ԱԳնախարարների միջեւ՝ բնականաբար ոչ Միրզոյանի օգտին, փորձելով ցույց տալ Կուլեբայի առավելությունները։ Իսկ ամենացնցողը վերջին պարբերությունն է, որտեղ ասվում է. «Վարչապետը նրանց հեռացրեց «վարչապետի աշխատակազմի հետ քաղաքական բովանդակության ներդաշնակեցման» պատճառաբանությամբ, որով ամեն ինչ ասված է։ Արարատ Միրզոյանը ապահովում է հենց այդ ներդաշնակությունը, այն է՝ Հայաստանի դեմ կիրառվող ռուս-թուրքական ծրագրերի սպասարկումը, 1921 թ․ ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի օրինականացումը՝ Նախիջեւանի եւ Արցախի օտարմամբ։ Պաշտոնական Երեւանը հրաժարվել է հայկական շահերից ու իրավունքներից, այդ թվում՝ դրանք միջազգային պատկան կառույցներում քննարկելուց»։
Նույնիսկ չարժե քննարկել գրածի քանի տոկոսն է ճիշտը, ինչը մանիպուլյացիա կամ չափազանցություն, ընդամենը արձանագրենք, որ այս տեքստը կարելի էր գրել իշխող քաղաքական թիմի մեծամասնության մասին եւ դա կընկալվեր, եթե գրվեր ընդդիմադիր, անկախ լրատվամիջոցում։
Իշխանական լրատվամիջոցում նման նյութի հրապարակումը, իսկ կարճ ժամանակ անց հանելը կարող է մի քանի բան նշանակել։
1. Միրզոյանի օրերը հաշվված են, փորձում են իրենք իրենց ձեռքով փչացնել նրան եւ հեռացնել, ինչպես դա արեցին Հայկ Մարության դեպքում։ Բայց այս դեպքում հարց է առաջանում՝ ին՞չ խնդիր է առաջացել Միրզոյանի եւ թիմի մեջ, գուցե կան արտաքին քաղաքական պայմանավորվածություններ, որ ԱԳնախարարը չի ուզում իր ձեռքով անել եւ պարտությունների պատմության մեջ իր դերը ունենալ։
2. Միրզոյանի տեղը եւ դերը անհանգստացնում է թիմի որոշ անդամների՝ ոչ շարքային, նրանք որոշել են այս կերպ վրեժ լուծել, բայց նույնիսկ չեն ջանացել դա կազմակերպել այլ հարթակով եւ այլ մեղադրական հիմնավորումներով։ Բերված հիմնավորումները, ընդունենք, թույլ են եւ ծիծաղ են առաջացնում, դրանցում առաջինը կարելի է մեղադրել ողջ ՔՊ-ին, հետո նոր Միրզոյանին։
3. Նյութի հեռացումը դեռ ոչինչ էլ չի նշանակում, ՔՊ քարոզչական բլոկը համակարգողները պետք է հայտարարություն տարածեն, պարզաբանեն, թե ինչ, ինչպես է այդ հրապարակումը հայտնվել իրենց սպասարկող կայքում, նման բաները պատահական չեն լինում։
4. Միրզոյանը պետք է թիմի ղեկավարի՝ Փաշինյանի առաջ բարձրացնի այս հարցը՝ արդյոք իր անձը, պաշտոնավարումը սկսել է ձեռ չտա՞լ եւ ո՞ւմ, ինչո՞ւ են կազմակերպել այս կեղտոտ արշավը, ընդ որում՝ հերքումներ ստանալը բավարար չէ, քանի որ այդ հերքումներին կարող են նույն ոճի տարբեր հրապարակումներ հետեւել այլ կայքերում, սոցցանցում, այսինքն՝ հիմա մի քիչ ավելի կմասնագիտանան քարոզչության պատասխանատուները, գոնե իրենց հարթակներում չեն ինքնարտահայտվի։
5. Իր հերթին Փաշինյանն էլ պետք է խստորեն պահանջի թիմակցին չփչացնելու կանոնը հարգելը, «սլիվներ», կեղտոտ քարոզչություն չկազմակերպելը, պարտադիր չէ, որ մի քաղաքական թիմի ներսում բոլորը բոլորին սիրեն, բայց դա քննարկելու համար տեղ եւ ժամանակ կա, վստահաբար դա յուրային լրատվամիջոցների էջերը չեն։ Պարզ է չէ, որ ոչ միասնական, ներսում իրար ուտող, սեփական կուսակցությունից, խմբակցությունից եւ նախարարներից գլուխ չհանող մարդը չի կարող երկիր ղեկավարել, արտաքին քաղաքականություն վարել, աշխարհաքաղաքական խաղացողների հետ բանակցել։ Իսկ սեփական թիմակցի սխալի, մեղքի դեպքում յուրային լրատվամիջոցով նրանից վրեժ լուծելը ոչ բարոյական է, ոչ մասնագիտական։ Եթե կարելի է կանչել, զրուցել, պարզաբանել, հասկանալ, ինչու դա անել հրապարակային, հատկապես որ ԱԳնախարարների հետ յոլա չգնացող իշխանության համբավ ունեք։
Պետք է նկատել, սակայն, որ իշխանությունը կշարունակի նույն ձեւ սեփական թիմակիցներին իր ձեռքով փչացնել, նոր թշնամիներ ձեռք բերել։ Եւ գուցե լավն էլ դա է, իշխանությունը ինքն իրեն կմաշացնի իր քոքը, քանզի ընդդիմությունը դա չի կարողանում կամ չի ցանկանում անել։ Այնպես որ իշխանությունից դժգոհ, ընդդիմությունով չփառավորված մեր համաքաղաքացիների հույսը հենց այս իշխանությունն է, որ ինքն իր ձեռքով իրեն կհեռացնի։
Հ.Գ. Նյութն արդեն հրապարակվել էր, երբ հայտնի դարձավ, որ այն lragir.am-ի նյութն է, իշխանական կայքի պատասխանատուն սխալմամբ է հրապարակել այն, ապա ծանոթանալով բովանդակությանը՝ հեռացրել։ Սա վարկած է, որը դեռ պաշտոնապես չեն հայտնել, ամեն դեպքում լրատվամիջոցների ադմինների հետ աշխատողները լավ գիտեն, որ մինչ նյութը սխալմամբ հրապարակելը այն պետք է «քոփի, փեսթ» անել, ուղղել ադմինում շարվածքը, վերնագիրը քոփի անել, նկար տեղադրել, կատեգորիա ընտրել եւ այլ մանր-մունր քայլեր, միթե այս մոտ 5-10 քայլերը սխալմամբ արել են, այդ ընթացքում չեն էլ ծանոթացել նյութին եւ վերջնարդյունքում նյութը հայտնվել է կայքում։