Ֆեյսբուքում եմ, ուրեմն գոյություն ունեմ. ինչ անել երկրաշարժի ժամանակ՝ ստատուս գրել, թե տնից դուրս գալ
Խմբագրական
Վերջին 2 տարին մեզ համար կարելի է համարել գոյության պահպանման շրջան։ Բոլոր հնարավոր սարսափելի երեւույթները հասցրեցինք ճաշակել եւ դեռ ճաշակում ենք՝ համաճարակ, պատերազմ, երկրաշարժ...։
Մեկ տարի առաջ ճիշտ նույն օրը՝ փետրվարի 13-ին եւ երեկ հերթական ցնցումը ապրեցինք, երկրաշարժ էր։ Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Հատկապես ուժգին ցնցումները զգացվել են Վանաձորում և Գյումրիում։
Ցնցվեցինք, ջահերը, պահարանները, մահճակալները գնացին, եկան, վախեցանք, անմիջապես ֆեյսբուքում գրառում արեցինք եւ դուրս վազեցինք։ Ով չէր զգացել կամ չէր տեղեկացել, սոցցանցից իմացավ, փողոցներում, բակերում մարդիկ հավաքվել եւ ֆեյսբուք էին թերթում՝ իմանալու, թե ինչ երկրաշարժ է, որտեղ է եղել։ Եւ դեռ հայտնի չէ՝ առաջինը որն ենք անում՝ ֆեյսբուք ենք մտնում, թե տնից դուրս գալիս։
Բայց հենց այս փոքրիկ դրվագն էլ լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես է փոխվել մեր կենսակերպը ինտերնետային դարաշրջանում։ Այսինքն՝ նույնիսկ այն դեպքում, երբ կարող ենք տարերային աղետի զոհ դառնալ, մենք գերադասում ենք սոցցանցում գրառում անել կամ կարդալ երկրաշարժի մասին, քան դուրս թռչել տնից։
Փիլիսոփա Դեկարտի հայտնի արտահայտությունը՝ «մտածում եմ, գոյություն ունեմ» կարելի է այսօր փոխակերպել «ֆեյսբուքում եմ, գոյություն ունեմ» ձեւով։
Մի խոսքով, թե որտեղ, ինչպես կդիմավորենք երկրաշարժը՝ այլ հարց է, իսկ կարեւորն այն է, թե ինչ դասեր կքաղենք հերթական «փորձությունից», չէ՞ որ ավերիչ երկրաշարժերը Հայաստանի համար նորություն չեն, ավելին դրանց կրկնությունն էլ բավականին հավանական է։
Ստացվում է, որ երկրաշարժերը կգան ու կանցնեն, այդ օրը ֆեյսբուքում գրառումներ կանենք, ԱԻՆ-ը մի քանի հաղորդագրություն ավել կտարածի, նույնիսկ ասուլիս կհրավիրի, պաշտոնյաները կշտապեն հայտարարել, թե որեւէ փլուզում չկա, մի քանի քարի ընկնելը դեռ փլուզում չէ։
Իհարկե, մի քանի քարի թափումը դեռ փլուզում չէ, բայց ամենեւին էլ պետք չէ անտեսել անգամ այդ քարերի թափումը, չէ՞ որ հաջորդ անգամ կարող է բախտներս չբերել եւ միայն քարերով չավարտվի երեկոն։
Հետեւաբար՝ ոչ թե պետք է երկրաշարժից երկրաշարժ խոսել անվտանգության կանոնների, սեյսմակայունության մասին, այլ դա դարձնել թիրախ, լոզունգ, ստրատեգիական ծրագիր, սահմանել խիստ վերահսկողություն նոր կառուցվող շենքերի սեյսմակայունության պահպանման, հների ստուգման եւ ամրացման ուղղությամբ։ Այլապես մյուս տարի փետրվարի 13-ին գուցե ճակատագիրը այդքան բարեհաճ չգտնվի մեր հանդեպ եւ այս անգամ հերթական փորձությունը չավարտվի ֆեյսբուքում ասել, խոսելով։
Սա պետք է ընդունել ոչ թե կռկռոց, այլ ահազանգ՝ ամրացնելու մեր «կյանքի հիմքերը», չեզոքացնելու մեր առողջությանը, անվտանգությանը սպառնացող ռիսկերից մեկը, իսկ դա երկարամյա տքնաջան աշխատանք է՝ ծրագիր եւ քաղաքականություն, ռեսուրս եւ աշխատանք պահանջող։