Քննիչ հանձնաժողովը պարզելու է իշխանության մեղքե՞րը, թե՞ ընդդիմության «պլանները». Փաշինյանի երեկվա ակնարկը՝ հանձնաժողով ստեղծելու նախերգանք
Խմբագրական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։
Այն, որ 44օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցածը պետք է բացահայտվի, կասկածից վեր է, բայց հարց է առաջանում՝ քննիչ հանձնաժողով ստեղծելը ինչ նպատակ է հետապնդում, այն էլ պատերազմից 2 տարի անց։
Երկրորդ՝ ինչ անաչառությամբ հանձնաժողովը պետք է ուսումնասիրություն իրականացնի եւ ինչպես պետք է պարզի այս իշխանության գործած սխալները, մեղքերը, դավաճանությունները։
Պատերազմի առեղծվածը պետք է բացահայտի ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, այլ որեւէ անկախ կառույց՝ լինի դա հ/կ-ի կամ կառավարական մակարդակով։ Համենայն դեպս, քննություն իրականացնողները պետք է շահերի բախման խնդիր չունենան, կաշկանդվածություն, ճնշվածություն չունենան, լինեն անկախ, արդարամիտ, համարձակ եւ շահագրգռված լինեն իրականության բացահայտման։
Արդյոք այս իշխանության կողմից ստեղծված հանձնաժողովը ի վիճակի է օբյեկտիվ, բազմակողմանի, անաչառ քննություն իրականացնել, թե ոչ։ Եւ եթե նպատակը իրականությունը բացահայտելն էր, ինչո՞ւ հանձնաժողովը ավելի վաղ չի ստեղծվել։
Կա նաեւ երրորդ հարցը, իշխանությունը նաեւ ապրիլյան հարցերով էր հանձնաժողով ստեղծել, քննեցին, քննեցին երկար, բազմաթիվ նախկին պաշտոնյաների հրավիրեցին, լսեցին, թեզեր առաջ քաշեցին, շրջանառեցին բահերով կռվելու, բենզին չլինելու, սնունդ չունենալու եւ այլնի մասին, վերջնարդյունքում այս տեղեկությունները հերքվեցին, բայց իհարկե մարդկանց մի ստվար հատված դեռ հավատում է այդ ասեկոսեներին։
Հիմա երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, թե իշխանությունը ինչ ուղղությամբ է տանելու ուսումնասիրությունը։ Նախկինները թալանել են, բանակը չեն զինել, իրենք էլ չէին կարող մեկ-երկու տարում բանակը զինել, պատերազմը սկսվեց, դավաճաններ ի հայտ եկան, ընդդիմադիրները սաբոտաժ էին անում, կազմաքանդում պայքարը, քարոզչական գիծ շրջանառում, թե հողերը ծախել են, մի կռվեք եւ այլն։ Ավելին՝ հանձնաժողովը կպարզի նաեւ, որ ընդդիմությունը գաղտնի տվյալներ է ունեցել զոհերի թվի մասին եւ պատահական չէ, որ հնչեցնում է 5000 թիվը, չէ՞ որ երեկ Փաշինյանը, հիշատակելով 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվածների պաշտոնական թիվը, կասկածի ցեցը նետում է հանրության մեջ, պատերազմում դավադիր պայմանավորվածություններ, մասնակցություն ունենալու մեղադրանքն էլ՝ ընդդիմության գրպանը. «Զոհերի, անհետ կորածների թվերը հայտնի են, այսօրվա տվյալով 44-օրյա պատերազմի հետևանքով ունենք 3812 զոհ, չեմ հասկանում տրամաբանությունը, երբ ընդդիմադիր գործիչները հայտարարում են 5000, 6000, 7000...եթե այդ տվյալը ունեն, թող հիմնավորեն այդ տվյալը, հակառակ դեպքում պարզ չի տրամաբանությունը, կարո՞ղ է տենց ա պլանավորված եղել՝ չի ստացվել, թե իրենց համար հաճելի է եւս 1000 եւ ավել զոհ լիներ եւ դա իրենց համար առանձնահատուկ նպատակ ա...ես ուզում եմ հասկանալ՝ էս ինչ տրամաբանություն է»։
Իսկ իրականությունն այն է, որ պատերազմը սկսվեց 2020թ՝ Փաշինյանի իշխանություն գալուց հետո երկու տարի անց, երբ բոլոր հնարավորությունները ուներ բանակցային ճանապարհով հարցը լուծելու, սեփական կետից բանակցությունները սկսելիս դրանք խաղաղության դաշնագրով ավարտելու համար։ Չստացվեց բանակցություններով հարցը լուծեր, երկու տարին բավարար ժամանակ էր բանակը զինելու համար, հատկապես, երբ պարբերաբար PR-վում էին բանակում բարեփոխումների ֆոնին, կարելի էր «արտլանչից» եւ «կլուբնիկից» առաջ նորմալ զինտեխնիկա գնել։
Երրորդ՝ բանակցային եղանակով հարցը լուծելուն, բանակը զինելուն զուգահեռ պետք էր նաեւ այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որ նոր դաշնակիցներ ձեռք բերեինք, չէ՞ որ մեր երկրի գլխին դամոկլյան սրի պես ռազմական ագրեսիան կախված էր եւ կարելի էր գոնե աջակիցներ գտնել պատերազմ սկսելու դեպքում մեզ իրական աջակցություն ցուցաբերելու համար, այլապես սփոփողները, մտահոգվողները, ցավակցողները մեր վերքերին սպեղանի չեն։
Հիմա 44-օրյա պատերազմը իր աղետալի հետեւանքներով՝ տարածքային, մարդկային կորուստներ, կապիտուլյացիոն ակտ, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում, այս ամենը եղել է այս իշխանության օրոք, բայց ԱԺ ամբիոնից վարչապետը զոհերի թվի շուրջ վտանգավոր մանիպուլյացիա է անում՝ ընդդիմությանը անուղղակի մեղադրանքներ ներկայացնելով։ Իսկ ընդդիմությունը լուռ է եւ որեւէ կերպ չի արձագանքում Փաշինյանին։ Գուցե ընդդիմությունը գնա մասնակցի այս քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, սկսի արդարանա՞լ, թե որտեղից եւ ինչու է 5000 զոհի մասին խոսում, այդ ի՞նչ պլանների, նպատակների մասին էր խոսում Փաշինյանը եւ այլն։
Եւ առհասարակ՝ այս քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները ինչպե՞ս, ինչո՞ւ, ի՞նչ ակնկալիքներով են մասնակցում, իսկ չե՞ն վախենում գործընթացը լեգիտիմացնել, թե լեգիտիմացնելը միայն նախագահի ընտրությանն էր վերաբերում, ՀՌՀ անդամի, ԱԺ նախագահության ընտրություններին մասնակցելը լեգիտիմացնել չէ։
Ի դեպ, մի քանի օր առաջ ԱԺ կայքում հրապարակվել էր ԱԺ խորհրդի նիստի լուսանկարները, տեսնել էր պետք, թե ընդդիմությունը ինչ հեզիկ-նազիկ, սուսիկ-փուսիկ մասնակցում է այս կարեւորագույն նիստին եւ լուրջ դեմքով քննարկում այս կամ այն պատվիրակության կազմում Արփի Դավոյանին Հրաչյա Հակոբյանով փոխարինելու հարցը եւ նման «գերհրատապ, ազգափրկիչ» հարցեր։ Այս ամենը հաստատ իշխանություններին լեգիտիմացնել չէ, դրա համարև էլ ընդդիմությունը մի կերպ անձնական հակակրանքը զսպելով «սիրով» մասնակցում է խորհրդի նիստերին։ Իսկ դրանից հետո սկսվում են քառօրյաները, որտեղ ընդդիմությունը փորձում է մաշեցնել իշխանության քոքը, սակայն ինքնամաշվում է։