Իսկ ո՞ւմ է պետք Հայաստանը եւ ինչի՞ց ենք մենք նեղվում՝ Լուկաշենկոյի խոսքից, իշխանության «մեղմ» արձագանքից, թե մեր «անպետք» լինելուց
Խմբագրական
Քաղաքական, հասարակական շրջանակներում նոր քննարկվող թեմա կա՝Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «անպատկառ» հայտարարությունները Հայաստանի հասցեին։ Նա ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, մասնավորապես, նշել է․ «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի… այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում… իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։
Նկատենք, որ հայտարարությունը նվաստացուցիչ է, անկախ նրանից ինչ քաղաքական հայացքներ ունես՝ որպես ՀՀ քաղաքացի տխուր է այլ երկրի ղեկավարից նման հայտարարություն լսել քո հայրենիքի մասին։
Հիմա ԱԳՆ-ն մի «կես բերան» հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։
Լուկաշենկոյին պատասխանելու գործին են լծվել մի քանի ՔՊ-ականները։
ՔՊ-ի «ծանր հրետանին»՝ Վաղարշակ Հակոբյանը հիշեցրեց ղազախական դեպքերը՝ նշելով, «թե այդ ժամանակ երեւաց, թե ում էր պետք Հայաստանը ու ես վստահ եմ՝ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք ու ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»։ Բելառուսի նախագահին պատասխանելու գործին լծվեց նաեւ խորհրդարանի խինդն ու ուրախությունը ապահովողը՝ Հովիկ Աղազարյանը՝ կոչ անելով Լուկաշենկոյին Մինսկի օդանավակայան մտնել, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց։
Հիմա նախ եկեք փաստենք, որ Լուկաշենկոյի պատասխանը առհասարակ համարժեք չէր ոչ միայն պատասխանող սուբյեկտի, այլեւ բովանդակության մասով։ Եթե նմանատիպ մի հայտարարություն հնչեցներ Հայաստանի որեւէ ընդդիմադիր գործիչ, նախկին նախագահներից որեւէ մեկը, ապա իշխանությունը չէր թողնի մեկ ժամ անգամ անցներ, նույն վայրկյանին «Բ պլանը» գործի կդնեին, ՔՊ-ականներին կբաժանեին հերթապահ տեքստերը, կսկսեին ֆլեշմոբ ֆեյսբուքում, յուրային լրատվամիջոցներում, այդ «անշլագին» կմիանային նախարարներ, մարզպետներ, ՔՊ վարչության անդամներ։ Դրանից հետո արդեն ԱԺ ամբիոնից մատ կթափ տային ԱԺ նախագահությունում նստածները, Կառավարության անդամները, անգամ կարող էին դիվանագիտական խողովակներով հասցնել իրենց դժգոհությունը Բելառուսին, ատամ ցույց տալ, մի քանի քայլ անել։
Չէ՞ որ միջազգային հարաբերություններում նման հայտարարությունները անարգանք են որակվում եւ խախտում են կարեւորագույն սկզբունքներից մեկը՝ պետությունների հավասարության սկզբունքը։
Այսօր նման հայտարարություն կանի Բելառուսը, վաղը ՌԴ, հետո ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Չինաստանը, Իրանը, այդպես մենք կդադարենք գոյություն ունենալ դե ֆակտո, դե յուրե, Հայաստանը կդառնա քարտեզից ջնջվող անուն, կդադարի պետություն լինել, աշխարհաքաղաքական խաղացողները տարածքը մեջ-մեջ կանեն, բնակչությունն էլ կբռնի գաղթի ճանապարհը, ծանոթ եւ ցավալիորեն հավանական սցենար։
Այս հայտարարությունը այսբերգի երեւացող հատվածն է, կա նաեւ չերեւացողը՝ ինչու եւ երբ իջանք այսքան, որ որեւէ երկրի ղեկավար համարձակվի հրապարակայնորեն կասկածի տակ դնել մեր ինքնիշխանությունը։ Ընդ որում՝ կասկածի տակ դնողն էլ լինի ոչ ավել, ոչ պակաս Բելառուսը։ Իշխանություններն առնվազն պետք է իրենց հաշիվ տան՝ ինչպես են Հայաստանի միջազգային իրավասուբյեկտությունը կասկածի տակ դրել, ինչպես են մեզ ջնջել միջազգային հարաբերություններից, ինչպես են մեր երկիրը դարձրել 5-րդ «սորտի» երկիր, գիտակցելո՞վ են դա արել, թե ոչ, ի վիճակի՞ են փրկել մեր երկրի միջազգային հեղինակությունը, թե այն «վաճառել են» աթոռի դիմաց։
Ցավալի եւ նվաստացուցիչ է ոչ միայն հայտարարությունը ինքնին, այլեւ դրա իրական լինելը։
Լինեինք մի հզոր, կայացած, զարգացած պետությունը, թող լուկաշենկոները խոսեին ինչքան ուզում էին, սակայն երբ գիտակցում ես խոսքերի իրական լինելը եւ ուղղվածությունը, հետապնդած նպատակը, պատկերը ամբողջանում է։ Այո, իսկ ո՞ւմ է պետք Հայաստանը եւ ո՞վ է հարցնում մեր կարծիքը կամ ե՞րբ են հարցրել մեր կարծիքը։ Որեւէ մեկը կասկածում է, որ ԽՍՀՄ կրկնօրինակը ստեղծելիս Հայաստանը կլինի առաջին անդամակցողներից, դա կլինի պարտադիր-կամավոր սկզբունքով, դա կլինի մեծ պարգեւ կործանվող ազգի եւ պետության համար՝ իհարկե առանց խորանալու, թե ինչպես եւ ինչու եղավ կործանումը եւ ինչպես փրկվեցինք ստեղծվող միությանը անդամակցելով։
Այնպես որ պետք չէ նեղանալ ոչ Լուկաշենկոյից, ոչ իշխանություններից, որ պատշաճ եւ «շռնդալից, հուժկու ապտակ» չեն հասցրել Բելառուսի նախագահին, պետք է նեղանանք միայն ինքներս մեզանից, թե ինչպես ենք 30 տարի կերտած պետությունը եւ պետականությունը վստահ քայլերով դուրս մղում միջազգային իրավունքի սուբյեկտների ցանկից։