Նոր նախագահացուն՝ նախկին թեկնածուի ֆոնին. ինչպես կարելի է հանրությանը հարմարացնել ամեն ինչի
Խմբագրական
Իշխանությունը ստանձնել է հանրության համընդհանուր «բթացման» պրոցես, հարմարեցնել ամեն ինչի, դադարել զարմանալ, զայրանալ, պայքարել։ Սա թերեւս ամենամեծ եւ ծանր պարտությունն է, երբ հաղթում ես ինքդ քեզ եւ վերացնում քո մեջ անհատականությունը, պայքարող ոգին։
Չկան գաղափարներ, չկան համընդհանուր շահեր, չկան միավորող ուժեր, ամեն մեկը ապրում է իր օրով, իր հոգսով, ոչինչ ոչ մեկին հետաքրքիր չէ, որովհետեւ համընդհանուր ողբերգությունների ֆոնին կարող են սփոփվել, որ ի տարբերություն հարեւանի, բարեկամի՝ դու դեռ ապրում ես, մի կտոր հաց ունես ապրելու, տուն ունես, անգամ մեքենա։
Այսօր արդեն իբրեւ հանրություն մենք մեզ չենք ճանաչում, այնքան ենք հեռացել մեր պատմությունից, մեր անցյալի հերոսական էջերից, մեր արժեքներից, գաղափարներից եւ սկզբունքներից, որ թվում է, թե երբեք էլ չենք եղել այն, ինչ մտածել ենք, ինչ պատկերացրել ենք, եղել ենք այն, ինչ կանք այժմ։ Ընդ որում՝ հասարակությանը մեր իրականության ամենասարսափելի իրադարձություններին հարմարացնելը այնքան ճկուն տեխնոլոգիաներով է արվում, որ արդյունավետությունը ապահովված է։
Օրինակ՝ սկզբից հայտարարվում է, որ նախագահի թեկնածուն ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն է, պարզ է չէ՞ հանրության բուռն վերաբերմունքը նրա հանդեպ։ Աղմուկ, աղաղակ, քննարկում, քննադատություն, իշխանությունը մեզ պատրաստում է ամենավատին, իսկ հետո արդեն հրապարակում իրական թեկնածուի անունը՝ Վահագն Խաչատրյան։ Պարզ է չէ՞, որ սկզբից եթե հրապարակվեր նրա թեկնածությունը, հանրությունը նորից նույն բուռն քննադատությամբ էր ընդունելու այդ որոշումը, իսկ այսօր արդեն Արայիկ Հարությունյանի ֆոնին Խաչատրյանը իսկական գտածո է, կատարյալ նախագահացու։
Մինչդեռ պատմաժամանակագրական առումով արդյոք Խաչատրյանը արժանի՞ է նախագահ լինելու, թե ոչ, ի՞նչ անձնական, մարդկային, մասնագիտական որակներ, հեղինակություն ունի, որ կարողանա առաջնորդվել բացառապես համապետական և համազգային շահերով եւ իր ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում։
Հիմա խնդիրը ամենեւին էլ իշխանությունը չէ, որը իրերի դասավորությունը հարմարացնում է իրեն՝ սկսած Սահմանադրությունից մինչեւ նախագահի թեկնածու։ Խնդիրը նույնիսկ հասարակությունը չէ, քանի որ, ցավոք, հասարակությանը արթնացնելու գործում քաղաքական, հասարակական կոնսոլիդացիա եւ ցանկություն է պետք, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի, լիդերների, մշակութային, հասարակական գործիչների մակարդակով։ Խնդիրը այս պարագայում Վահագն Խաչատրյանն է, միթե նա չի հասկանում, թե ինչ պաշտոն է ստանձնելու եւ ինչի համար, պատմության ինչ սեւ էջեր են գրվելու իր նախագահությամբ, ինչու է իր իսկ ձեռքով ավելացնում երկրային մեղքերի «փաթեթը»։ Պարզ չէ՞ ՔՊ-ն նրան գործուղում է ժամանակավոր տեղապահ, այս ընթացքում իրենց որոշումները դակելու, իսկ սահմանադրական փոփոխություններից հետո նրան թոշակի ուղարկելու համար՝ «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ» ոճով։ Հիմա Խաչատրյանի կենսագրության մեջ գուցե մեկ տող ավելանա՝ եղել է 5-րդ նախագահ, իսկ մեղքերի կողքին քանիսն են ավելանալու...վստահաբար դրանք շատ ավելի ծանր, ներում չհայցող մեղքեր են լինելու, քան քաղաքապետության օրոք յուրայինների համար գույքեր սեփականաշնորհելը։