Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները կատարել են Թուրքիայի նախապայմանները. Տիրան Լոքմագոզյան
Քաղաքական
Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ չի հավատում այն հայտարարություններին, թե հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման գործընթացներն իրականացվում են առանց որևէ նախապայմանների:
«Նախապայամաններ չի կարող չլինել Թուրքիայի կողմից, որովհետև 30 տարի նախապայմաններով խոսած Թուրքիան ՝ հատկապես ուժեղ Հայաստանի հետ նախապայմաններով խոսացած Թուրքիան, այսօր թույլ Հայաստանի հետ չի կարող պատահել, որ նախապայմաններ չունենա: Ընդհակառակը, Էրդողանը, երբ որ ասաց Հայաստանից դրական ազդակներ կան, երկրորդ հայտարարությունը, որ ասեց ՝ կարող է անգամ սահմանը բացենք, երրորդն արդեն նախապայման դրեց, սակայն, ասեց՝ մենք ուզում ենք ճանապարհ ունենալ Մեղրիով: Դա արդեն նախապայման է՝ չորրորդ նախապայմանն էր արդեն: Այսինքն՝ Թուրքիան միշտ երեք նախապայման ուներ, առաջինը կատարվեց՝ Արցախը հանձնվեց ադրբեջանցիներին, մնացած երկու նախապայմանն ուրեմն դու կատարել ես, որ արդեն Էրդողանն անցնում է չորրորդ նախապայմանին»,-ասաց թուրքագետը:
Լոքմագոզյանն ասաց, որ առավել քան վստահ է, որ կամ ստորագրել են Հայաստանի իշխանությունները, ինչպես Արցախի դեպքում եղավ ու արդեն հանձնել են ինչ-որ մի բան ու վերջին պահին այդ մասին հայտնի կդառնա կամ համաձայնությունն արդեն կա և մնում է միայն ստորագրություները դնել:
«Իհարկե այստեղ մեծ արձագանք կարող է լինել, մեծ դիմադրություն կարող է լինել այս խնդիրների հետ կապված, չնայած ես կարծում եմ՝ մեր ժողովրդի մեծ մասը մի այնպիսի լեթարգիայի մեջ է, որ ամեն ինչ կարող ես անել իր հետ: Ամեն դեպքում ուզում են ժողովրդին կամաց-կամաց սովորեցնեն, նախապատրաստեն, դրա համար էր Փաշինյանի այս վերջին օրերի խոսքերը, թե Հայ դատն էր զբաղվում Ցեղասպանության հարցով, Հայաստանը չէր զբաղվում, այսինքն ուզում էր ասել, որ այսուհետ իրենք էլ չզբաղվեն՝ դա նորմալ է, նրանք չեն զբաղվել՝ ես էլ չեմ զբաղվի, այսինքն համոզում էր մեզ ինչ-որ բաներում: Ինչպես ասացի, որ արդեն պատրաստ են ինչ-որ բաներ, որոնք, եթե չի ստորագրել, ապա կստորագրի և հիմա այդ փուլի մեջ են, որ փորձում են մեզ դա համոզել, պատրաստել դրան»,-ասաց թուրքագետը:
ArmDaily.am-ի հարցին, թե արդյոք Թուրքիան կամ Էրդողանն անձամբ, ով ոգեկոչում էր Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից Էնվերի ոգին, նույնիսկ Հայաստանի կողմից 4 նախապայմանների իրագործման դեպքում թույլ կտա կամ կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես հայտարարում են մեր իշխանությունները, ասաց, որ դա միֆ է:
«Իշխանությունները շատ բան են ասում, վերջին երկու տարում էլ ասում էին՝ բում է ապրելու, երկթիվ զարգացում և այլն, հետո ասում են, որ կատակ արեցին, ինչ տարբերություն: Թող սպասեն այդ զարգացմանը՝ դեռ շատ են սպասելու: Դուք լուրջ մտածում եք կամ Հայաստանում ինչ-որ մեկը լուրջ մտածում է, որ Թուրքիայի իշխանությունների, Հայաստանինը մի կողմ թողնենք, Թուրքիայի իշխանությունների դարդուցավը Հայաստանին զարգացնե՞լն էր: Միայն հիմարներ կարող են լինել մեր ազգի մեջ, որ ասեն, որ թուրքը մտածում է մեզ զարգացնելու, մեզ լավություն անելու մասի՞ն: Ինչի՞ համար, Դուք Ձեզ չե՞ք հարցնում՝ ինչի՞ համար: Ի՞նչ եղավ, որ թշնամին, որ երեկ մեզ մորթում էր՝ Ցեղասպանության մասին չեմ խոսում՝ 44-օրյա պատերազմի մասին եմ խոսում, հենց թուրք զինվորներն էին այնտեղ, թուրք գեներալներն էին, թուրքական զենքեր էին՝ երկու օր առաջ մեզ մորթում էին՝ հիմա մեզ զարգացնելու մասի՞ն են մտածում, մեր լավության մասի՞ն են մտածում»,- շեշտեց Լոքմագոզյանը:
Թուրքագետը նշում է, որ չի պատկերացնում, որ Հայաստանում կարող է լինել այդքան հիմար մարդ, ով կարող է հավատալ, որ թուրքը կարող է հայ ազգի զարգացման մասին հեքիաթներին հավատալ:
Հայկա Ալոյան