Այսօր Բանակի 30-ամյակն է, Չինարիում կրակոցներ են եղել. Հունվարի 28-ն՝ ամփոփ
Օրվա լուրերը՝ ամփոփԱյսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։ Տոնի կապակցությամբ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական-հասարակական-ռազմական գործիչներ այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակված հերոսների հիշատակին։
Հայ-ադրբեջանական սահմանին երեկ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ տարածվող լուրերի դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզում Չինարի գյուղի դիրքերում։ ArmDaily.am-ը կապ հաստատեց գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը։
Հայաստանում հունվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3536 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 361 754-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել, մահացածների թիվը 8035 է:
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի շրջանում: Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ hունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: