Գործող Սահմանադրությունը այնքան են կարկատել, որ իր հիմնական գույնը չի տարբերվում. Գևորգ Մանուկյան
Իրավական
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը։ Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է, անդամներն են, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ապա Քրիստինե Գրիգորյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
ArmDaily.am-ի հետ զրուցում «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանն, անդրադառնալով կազմին, ասաց, որ այսօրվա իշխող քաղաքական ուժի գործունեությունը օրենսդրության ոլորտում այլ կերպ, քան խայտառակություն, դժվար է որակել։
«Իրենք այնպիսի օրենքներ են ընդունել, նույիսկ Սահմանադրությունը Ազգային Ժողովով մի քանի ժամվա մեջ փոփոխություն արեցին։ Նրանցից որևէ դրական բան այս երկրի համար, մեր պետականության համար չեմ սպասում»,- ասաց Մանուկյանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակահարմարությանը՝ Մանուկյանը նշեց. «Մեր գործող Սահմանադրությունը արդեն այնքան է փոփոխվել, որ եթե համեմատենք հագուստի հետ, ապա այն այնքան են կարկատել, որ իր հիմնական գույնը չի տարբերվում։ Ներկա Սահմանադրությունը, որ իբր 1995 թվականին ընդունվել է, սակայն իրականում կեղծիքով է անցկացվել, ի ծնե այնպիսի արատներ ուներ, որ նա չէր կարող երկրի խնդիրները լուծել, ավելին՝ Սահմանադրությունը գլխավոր պատճառներից մեկն է մեր երկրի՝ 30 տարի տեղում դոփելու և մի բան էլ ետընթաց ունենալու առումով։ Այդ պատճառով՝ իմ մոտեցումն այն է, որ պետք է այս Սահմանադրությունը մի կողմ դրվի և նոր Սահմանադրություն մշակվի, իսկ նոր Սահմանադրություն մշակելու համար տարբեր մեխանիզմներ կան. Աշխարհի տարբեր երկրներ տարբեր ձևերով են արել դա։ Կարևորն այն է, որ այդ աշխատանքը անեն ազնիվ, նվիրված մարդիկ, չքաղաքականացված իրավաբաններ։ Քաղաքականությունը իրավաբանի համար հակացուցված է»։
«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ն նույնպես մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթին, սակայն չի ընտրվել։ Մանուկյանը նշում է, որ ինքը ի սկզբանե իմացել է, որ մրցույթը չի անցնի։
«Ես հրապարակավ երբեք չեմ թաքցրել իմ դիրքորոշումը և քննադատություններս խիստ են եղել իրենց արած ապօրինությունների, անիրավությունների նկատմամբ»,- ասաց Մանուկյանը։
Արփինե Պետրոսյան