Այն, ինչ հայտարարում է Բլինքենը և այն, ինչ կա փաստաթղթում, լրիվ տարբեր բաներ են. Հայկ Այվազյան
Քաղաքական
ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների շուրջ պահանջների գրավոր պատասխանը:
Թեև Պետդեպարտամենտը որոշել է պատասխանը չհրապարակել, այնուամենայնիվ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փաստաթղթի բովանդակության վերաբերյալ որոշ մանրամասներ է Հայտնել:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ կան սկզբունքներ, որոնք մենք պահելու և պաշտպանելու ենք, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և երկրների՝ իրենց անվտանգության միջոցներն ու դաշնակիցների ընտրելու իրավունքը»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ փաստաթուղթը չեն հրապարակելու, քանի որ կարծում են, որ դիվանագիտությունն ամենամեծ հնարավորությունը ունի, եթե բանակցելու համար գաղտնի տարածք ստեղծեն և հույս հայտնել, որ Ռուսաստանը ևս կունենա նույն տեսլականը և լուրջ կվերաբերվի իրենց առաջարկներին:
Եթե Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ փակագծեր է բացում իրենց պատասխանների վերաբերյալ, ապա ապա հարց է առաջանում, թեինչու փաստաթուղթը չի հրապարակվում: Եթե ԱՄՆ-ն վստահ է իր իր ուժերի վրա, եթե ամուր են իրենց դիրքերում, ինչու գրավոր տեքստը չեն հրապարակում և դրանով ցույց չեն տալիս իրենց վճռականությունը: Սա նշանակում է, որ այն, ինչ հայտարարում է Բլինքենը և այն, ինչ կա փաստաթղթում, լրիվ տարբեր բաներ են: Այս մասին Armdaily.am-ի հետ թեմայի շուրջ զրույցում ասաց «Լույս» քաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:
«Եթե Բլինքենը հայտարարում է, որչեն բավարարում Ռուսաստանի պահանջները, որ պահանջ են դնում Ուկրանիայի հետ սահմանից զորքերը հետ քաշելու վերաբերյալ, պետք է հասկանալ, որ գրավոր տեքստում արտացոլվածէ դրա ճիշտ հակառակ հռետորաբանությունը: Այսինքն՝ ԱՄՆ-ն համաձայն է բավարարել Ռուսաստանի պահանջները, սակայն դրա մասին չեն կարող միանգամից հրապարակային հայտնել, քանի որ ԱՄՆ-ի իշխանությունները հենց ԱՄՆ-ի ներսում, դաշնակիցների շրջանում և աշխարհում դեմքը կորցնելու մտավախություն ունեն: Դա շատ մեծ հարված կլինի ԱՄՆ-ի համար: Որպեսզի դա տեղի չունենա, նրանք հրապարակային հայտարարում են, որ չեն բավարարելու Ռուսաստանի պահանջները, իսկ իրականում սրելու են հռետորաբանությունը՝ հասցնելով առավելագույնի: Իսկ երբ հռետորաբանությունը կհասնի այն աստիճանի, որ կհանգեցնի համաշխարհային ատոմային կամ ոչ ատոմային պատերազմի, այդ հիմքով ԱՄՆ-ը կհայտարարի՝ մենք չեինք համաձայնվում կատարել Ռուսաստանի պահանջները, բայց քանի որ գլոբալ պատերազմի վտանգ կա, ստիպված ենք գնալ զիջման: Այս կերպ նրանք և՝ պահպանում են իրենց դեմքը և՝ կատարում են Ռուսաստանի պահանջները: Քանի որ իրադարձությունները շատ արագ են զարգանում, այսպիսի զարգացումների կարելի է սպասել մոտավորապես 1-2 ամսից»,- ասաց Այվազյանը:
Մինչ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխանը ստանալը, ՌԴ ԱԳ նախարարը ելույթ էր ունեցել Պետդումայում և հայտարարել էր, որ եթե ԱՆ-ի պատասխանը լինի ոչ կառուցողական և Արևմուտքը շարունակի Ռուսաստանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը, ապա իրենք դիմելու են պատասխան քայլերի: Թե ինչ հնարավոր քայլերի կարող է դիմել Ռուսաստանը, մեր զրուցակիցը նախ նշեց, որ երբ դեկտեմբերի 15-ին Ռուսաստանը հրապարակեց իրանվտանգության երաշխիքների վերաբերյալ իր պահանջները, նա արդեն պլանավորել էր, թե որ պարագայում, ինչ քայլեր է իրականացնելու:
«Տասնյակ քայլեր կարող են լինել: Դրանցից մեկը , օրինակ, կարող է լինել այն, որ Լատինական Ամերիկայի երկրներում՝ Նիկարագուա, Կուբա, Վենեսուելա, հայտնվի ռուսական հրթիրներ: Ռուսաստանն ունի հրթիռային համակարգ, որը տեղավորվում է ապրանք տեղափոխող սովորական կոնտեյներների մեջ և դրվում է բեռնատարի վրա: Այդ բեռնատարը պտտվում է այդ երկրների ճանապարհերով և ճիշտ պահին կարող է կանգնել և կոնտեյներից գործի դնել այդ հրթիռային համակարգը.
հաջորդ քայլը, օրինակ, կարող է լինել (Ցիրկոն) ստորջրյա և անտեսանելի գերձայնային հրթիռային համակարգով սպառնալիքի ստեղծումն ամերիկյան ավիակիրների համար: Նունիսկ չեմ բացառում, որ Միջերկրական ծովում գտնվող մի ավիակիր Ռուսաստանի կողմից խորտակվի: Օրինակ, երբ անցած տարի բրիտանական մի նավ փորձեց սադրանք իրականացնել,, ռուսական նավատորհմը կրակ բացեց այդ նավի ուղղությամբ, բայց այնպես, որ չդիպչի և չխորտակվի: Հետո, երբ ՌԴ նախագահին հարցրեցին՝ չեի՞ք վախենում, որ եթե այդ նավին կրակեիք, կարող էր Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվեր:
Նա պատասխանեց՝ ոչ, չէի վախենում, եթե այդ նավն էլ խորտակեինք, ոչ մի պատերազմ էլ չէր սկսվի: Սա նշանակում է, որ ռուսները վստահ են՝ եթե մեկ ավիակիր էլ խփեն, ոչ մի պատասխան էլ չեն ստանալու: Այսպիսի տասնյակ տարբերակներ ունի Ռուսաստանը, և կարելի է ասել, որ այն իր հաղթաթղթերը դեռ չի խաղարկել: Երբ այն հաղթաթղթերը կբացի, այն ժամանակ հռետորաբանությունը կհասնի գագաթնակետին: Իմ կարծիքով՝ հռետորաբանությունից այն կողմ չի գնա, բայց վախը, հատկապես արևմտյան աշխարհում, որ ու որ է պատերազմ կլինի, այդ հռետորաբանության հետևանքով կստեղծվի: Եվ այդ վախը կստիպի Արևմուտքին գնալ Ռուսաստանի պահանջների կատարմանը»,- ասաց մեր զրուցակիցը:
նա հայտնեց նաև, որ Չինաստանի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի պահանջները օրինական են, դրանց պետք է լուրջ վերաբերվել և դրանք պետք է լուծում ստանան:
«Սա նշանակում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ամրագրված ԽՍՀՄ սահմանները Չինաստանն ընդունում է որպես Ռուսաստանի տարածք: Երբ Բլինքենն ասում է, որ Ուկրանիան անկախ պետություն է և ինքն է որոշում իր անելիքը, թվում է, թե ճիշտ է ասում, և Չինաստանը ևս պետք է նույն բանն ասի: Սակայն դա տեղի չի ունենում, քանի որ Չինաստանն անուղղակիորեն ընդունում է, որ Ուկրանիան չի կարող անկախ լինել, քանի որ այն Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ամրագրված ԽՍՀՄ տարածք է»,- եզրափակել Այվազյանը:
Իզաբելա Սուլթանյան