Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան
Իրավական
9 դատավորներ հայտարարություն են տարածել՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ մուտք գործելու նոր կանոնների վերաբերյալ, որոնցով ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները կարող են նիստերի դահլիճում գտնվել՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով: Դատավորները նշում են, որ առողջապահական այդ կանոնների պահպանումը հավասարապես պետք է տարածվի նաև մյուս դատավարությունների վրա։
ArmDaily.am-ի հետ զրույցում իրավաբան Սիրանուշ Սահակյանը ասաց, որ ԲԴԽ-ն սահմանափակում է հրապաակյին քննությունը, ինչը դատավորներին է առնչվում։
«ԲԴԽ-ն որպես դատարան է հանդես գալիս դատավորներին առնչվող մի շարք հարցերում՝ կարգապահական վարույթներն են, լիազորությունների դադարեցումն է, անձեռմխելիության, քրեական հետապնդման հետ կապված հարցերն են և այլն։ Այդ տեսանկյունից իրավաչափ եմ գնահատում, որ դատավորները արձագանքում են Բարձրագույն դատական խորհրդի այն կարգավորումներին, որոնք ընդհանուր ձևով սահմանափակում են որոշ իրավունքներ, և ԲԴԽ-ում դատական գործընթացներում դատավորները օգտվում են արդար դատաքննության իրավունքից։ Դրա կարևոր բաղադրատարը հանդիսանում է հրապարակային դատական քննությունը»,- ասաց Սահակյանը։
Դիտարկմանը, որ ԲԴԽ-ի քննությունների ժամանակ հատուկենտ դեպքեր են լինում, որ հնչեղություն են ստանում և հանրության ուշադրությունն են գրավում, ինչպես նաև հատուկենտ դեպքերում է, որ ԲԴԽ նիստերի դահլիճը լեփ-լեցուն է լինում և հակահամաճարակային կանոնների պահպանումը դժվար է լինում, Սահակյանը արձագանքեց. «Ես կարծում եմ, որ իսկապես ոչ բոլոր գործերով է, որ հանրությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերում է, բայց ինչևիցե, կան գործեր, որոնցում շահագրգիռ է ոչ միայն հանրությունը, այլև իրավաբանական համայնքը, մանսնավորապես փաստաբանականա համայնքը, որը առանձին դեպքերում իր աջակցությունն է հայտնում բարձր վարկանիշ ունեցող և դատական համակարգի կայացմանը նպաստող դատավորներին՝ նաև ֆիզիկապես ներկա գտնվելով գործի քննությանը։
Իրավաբանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ներկայումս Հայաստանում նույն այդ հակահամաճարակային միջոցառումների անհրաժեշտությունից ելնելով այլ ոլորտներ էական սահմանափակումների չեն ենթարկվում։
«Ներկայումս փոքր դահլիճներում, սրճարաններում մի քանի տասնյակ անձինքն են ներկա գտնվում, սակայն պետությունը հանուն ժամանցի կազմակերպման հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակումներ չի կիրառում, բայց երբ հարցը հանգում է արդարադատության իրականացմանը և կարևոր տարրի հրապարակայնության առանձին իրավունքի ապահովմանը, նոր սկսում է վերհիշել հակահամաճարակային կանոնների մասին։ Այստեղ շատ կարևոր մի դիտարկում էլ կար, որ եթե այդ կանոնները շատ կարևոր են՝ ինչու են տարածվում միայն ԲԴԽ դատական գործընթացների նկատմամբ և հավասարապես չեն գործում բոլոր դատարանների նկատմամբ։ Եթե իսկապես այդքան կարևոր են և հենց հատուկ այս փուլում են կարևոր՝ ինչու դա չի ազդում գործադիր, օրենսդիր իշխանությունների գործունեության վրա և ինչու չի ազդում հասարակական կյանքի այլ ոլորտներում՝ կլինեն դրանք կինոթատրոններ, ռեստորաններ, ժամանցային վայրեր և այլն։ Որևէ օբյեկտիվ արդարացում չկա հենց այս փուլում այդ դատական գործընթացներին միջամտելը»,- ասաց Սահակյանը։
Վերջինիս կարծիքով՝ ԲԴԽ-ն, այս հայտարարությանը արձագանքելով, փորձելու է արդարանալ նրանով, որ հեռարձակում կա, և ի տարբերություն այլ դատարանների, որտեղ ընթացքող դատական նիստերը ուղիղ չեն հեռարձակվում, նման մեխանիզմը ներդրված է ԲԴԽ-ի համար և նրանք այդ ճանապարհով են փորձում հրապարակայնությունն ապահովել։
«Կարծում եմ, որ հիմնակաան հակափաստարկը սա է լինելու։ Հրապարակային արձագանքի տեսանկյունից ցանկացած վարք հնարավոր է ԲԴԽ-ի կողմից, այնքան էլ կանխատեսելիության տիրույթում չեն գործում նրանք, բայց բոլոր դեպքերում նշեմ, որ նախկինում էլ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը։ Առավել ևս՝ տարիներ անց հանդուրժված իրավիճակից հետո նման վիճակի վատթարացումը պետք է լուրջ հիմնավորումներ ունենա և չկրի խտրական բնույթ»,- ասաց Սահակյանը։
Արփինե Պետրոսյան