Բանակի օրվա ընդունելությունը հետաձգվել է. «Օմիկրոն»-ով հիվանդացությունը աճել է. Հունվարի 27-ն՝ ամփոփ
Օրվա լուրերը՝ ամփոփՀունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է: «Լուրերի» տեղեկություններով՝ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ օրեր առաջ՝ հունվարի 25-ին, Արդարադատության ակադեմիայում կառավարման խորհրդի նախագահի ընտրություն է տեղի ունեցել։ Նշենք, որ խորհուրդը կազմված է 3 դատախազից, 3 դատավորից և Արդարադատության փոխնախարարից։ Փակ, գաղտնի քվեարկությամբ միաձայն կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանը։
9 դատավորներ հայտարարություն են տարածել՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ մուտք գործելու նոր կանոնների վերաբերյալ, որոնցով ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները կարող են նիստերի դահլիճում գտնվել՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով: Դատավորները նշում են, որ առողջապահական այդ կանոնների պահպանումը հավասարապես պետք է տարածվի նաև մյուս դատավարությունների վրա։
Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում։ Ինչ վերաբերում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման դեպքերին, այն տատանվում է 5-6 տոկոսի շրջանակներում։ Այսօր ՀՀ կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին կմասնակցեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Անադոլուն»։